Մեկնաբանություն

25.05.2021 12:21


Քայքայման նիկոլական վարակ-«բանաձևը» փոխանցվել է… Կապառոսին

Քայքայման նիկոլական վարակ-«բանաձևը» փոխանցվել է… Կապառոսին

Ֆուտբոլասեր, նույնիսկ ոչ այնքան ֆուտբոլասեր հասարակությունը երեկվանից «բզզում» է մեղվի փեթակի պես, որտեղ բոռ է ներխուժել: Տվյալ դեպքում «բոռը» այն հաստատված տեղեկությունն է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին չի հրավիրվել… մեր հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ասում են, որ չի հրավիրել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Առհասարակ, այո հրավիրողը, թիմի հայտացուցակը հաստատողը գլխավոր մարզիչն է: Բայց ինչո՞ւ չի հրավիրել: Մարզչական շտաբի բացատրությունները, օրինակ, Հենրիխ Մխիթարյանին համոզիչ չեն թվում: Իսկ շատ-շատերի, այդ թվում՝ տողերիս հեղինակի վրա որևէ «բացատրություն» ուղղակի «կռուտիտի» տպավորություն է թողնում, մեղմ ասած:

Այն, որ Խոակին Կապառոսը բարձրակարգ մարզիչ է, երևի հիմնավորելու կարիք ընդհանրապես չկա: Իսպանացի 65-ամյա մասնագետը կոնկրետ արդյունքներով ապացուցել է, որ ֆուտբոլային պրոֆեսոր է, եթե ոչ՝ ակադեմիկոս: Վկա՝ Հայաստանի հավաքականի վերջին 1 տարվա ելույթները, արդյունքները և աշխարհի առաջիկա առաջնության ընտրափուլի ենթախմբում ներկայիս առաջին տեղը՝ մոտ մեկ ամիս առաջ փայլուն անցկացրած 3 հաղթական հանդիպումից հետո: Ըստ որում, հանդիպումներ, որոնք մեր թիմն անց է կացրել առանց իր անվիճելի առաջատար ու ավագ Հենրիխ Մխիթարյանի, ով վնասվածքի պատճառով մոտ 1,5 ամիս բացակայում էր խաղադաշտից, հասկանալի է, նաև «Ռոմայում»:

Հիմա: Հենրիխ Մխիթարյանը, բացի այն, որ մեր ժամանակների ամենից հայտնի և ուժեղ հայ ֆուտբոլիստն է, մեր հավաքականի առաջատարն ու, որոշակի առումով նաև՝ այցեքարտը, ահա այդ ամենից բացի՝ անց կացրեց իր ամենալավ մրցաշրջաններից մեկը: Ավելի՛ն, վնասվածքից ապաքինվելուց հետո, վերադառնալով խաղադաշտ, վերջին 1 ամսվա ընթացքում «Ռոմայի» կազմում երևի միակ լուսավոր ֆուտբոլային կետն էր, ամենից արդյունավետը (գոլ+գոլային փոխանցում հաշվարկով) ու արժանիորեն ընդգրկվեց Իտալիայի (ընդգծում եմ՝ Իտալիայի) «Ա» սերիայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Ու դուք ուզում եք ասել, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆուտբոլի պրոֆեսոր Խոակին Կապառոսը, պատրաստվելով Խորվաթիայի և Շվեդիայի պես ուժեղ հավաքականների դեմ հանդիպումներին, չի հրավիրել թիմի ավագ, լավագույն մարզավիճակում գտնվող Հենրիխ Մխիթարյանի՞ն:

Չգիտեմ, Կապառոսի՞ն եք ծաղրում, թե՞ ֆուտբոլը, բանականությո՞ւնն եք բացառում, թե՞ ողջամտությունը: Լավ, Խոակին Կապառոսն էլ, ի վերջո, հո նիկոլակա՞ն չէ:

Այս ամենից, իրոք, նիկոլականության ու թշնամության տհաճ հոտ է գալիս: Բացի այն, որ նիկոլ փաշինն անձամբ ատում է Հենրիխ Մխիթարյանին և ատելությունը, կարիճի նման ցույց է տվել իշխանության գալուն պես (դիվանագիտական անձնագրից զրկելու պատմությունը, նիկոլական զոմբի-ֆեյքերի՝ Հենրիխ Մխիթարյանի և ֆուտբոլիստի մոր դեմ թիրախային ատելության և «տրավլյայի» ժայթքումները), այլ պահ էլ կա:

Այս անդուր պատմությունը բավականին պարզորոշ նմանություն ունի մեր երկրում, հատկապես վերջին մեկուկես տարվա ընթացքում ցայտուն դրսևորվող դժոխային երևույթների հետ:

Այսպես. 2020-ի գարնան հետ կորոնավարակի համաճարակը թափանցեց Հայաստան: Անմիջապես համաճարակաբանները մղվեցին հետին պլան, իսկ առաջին պլանում հայտնվեց նիկոլ փաշինը, իր՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է…», «տնական արաղով, պինցետով դեզինֆեկցիա» անելու մասին իր անլուրջ և անպատասխանատու վերաբերմունքով: Ավելի քան 200 հազար հայրենակից վարակվեց, ավելի քան 5 հազարը մահացել են և համաճարակի մահացու ընթացքը դեռ շարունակվում է, ի դեպ:

Սեպտեմբերի 27-ին սկսված «տարօրինակ պատերազմ». անմիջապես բանակից և մարտական գործողությունների պլանավորման, կազմակերպման պրոցեսից մեկուսացվեցին, եթե ոչ՝ դուրս մղվեցին գրեթե բոլոր փորձառու, բանիմաց ու լավատեղյակ զորավարները, ճգնաժամային կառավարման ահռելի փորձ ունեցող պետական գործիչները: Հետևանքներն ուղղակի համազգային աղետի, եթե ոչ կործանման բնույթ են կրում:

Այդքանից հետո երևի օրինաչափ է, որ լավագույն հայ ֆուտբոլիստը, հոյակապ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստը, թիմի ավագը չի հրավիրվում առաջիկա կարևոր հանդիպումներին (հենց Կապառոսն է ասել, որ իր ընկալմամբ՝ հավաքականի մարզաշապիկով անկարևոր կամ ընկերական հանդիպումներ չեն լինում): Չի հրավիրվում Հենրիխ Մխիթարյանը, որովհետև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նիկոլական ղեկավարությունը երևի այնքան է բամբասել ու «կաթացրել» իսպանացու ականջին, որ կա՛մ նա ընկել է այդ ազդեցության տակ, կա՛մ հիմար մարդ չլինելով, «շառից» ու հակադրումներից խուսափելու նպատակով, տեղի է տվել բանսարկուների խարդավանքներին:

Հետևանքները դժվար չէ կանխատեսել. անառողջ ու տհաճ մթնոլորտի սերմանում բուն հավաքականի ներսում, նաև հավաքականի շուրջ, ձեռք բերած հաղթանակների հավանական զրոյացում…

Սա հստակ նիկոլական «բանաձև» է. համաճարակաբաններին համաճարակից բլոկեցին, բանիմաց գեներալներին՝ բանակից ու պատերազմից, լավագույն մարզավիճակում գտնվող մեր ուժեղագույն ֆուտբոլիստին՝ ազգային հավաքականից: Քայքայման, ձախողման նիկոլական վարակ-«բանաձևն» է սա:

Ինչպե՞ս կարող է Հայաստանում որևէ լավ բան լինել և նիկոլ փաշինն ու իր թրքահպատակ խմբոնը դա հանդուրժեն և ամեն գնով մի կեղտոտություն ու սրիկայություն չանեն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը