Հարցազրույց

11.05.2021 14:01


Հնարավոր չէ մեր ժողովրդին հիմարացնել․ մի անգամ խաբել են․ Վիկտոր Սողոմոնյան

Հնարավոր չէ մեր ժողովրդին հիմարացնել․ մի անգամ խաբել են․ Վիկտոր Սողոմոնյան

Հրապարակի հարցերին պատասխանում է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

-Պարոն Սողոմոնյան, Փաշինյանը սպանդի տարավ մեր որդիներին, բայց շարունակում է «սիրո խոստովանություն» անել, եւ հասարակության մի մասը շարունակում է հավատալ․․․

-Թե հասարակության որ մասն է հավատում, կտեսնենք ընտրությունների արդյունքներով, իհարկե, սոցիոլոգիական որոշ չափումներ ցույց են տալիս, որ դա այդպես չէ։ Իմ տպավորությամբ՝ մեր ժողովրդին հնարավոր չէ հիմարացնել, մի անգամ խաբել են։ Մեր ժողովուրդը միամիտ չէ, այդ խաբեությունը, որը կատարվեց, դա առաջին անգամն էր, այդ պոպուլիստն է, որ եկել է իշխանության։ Մարդիկ խաբվել են, բայց եթե մարդը 2-րդ անգամ է նույն բանի վրա խաբվում, դա այլ ձեւ է կոչվում։ Հնարավոր չէ մեր ժողովրդին հիմարացնել, վստահ եմ, որ այս ընտրություններին Փաշինյանը պարտություն է կրելու։

-Ի՞նչ կարծիք ունեք խորհրդարանական ընդդիմության մասին, ինչպե՞ս են իրենց դրսեւորում այսօր։

-Փաստորեն, մենք ունենք խորհրդարան, որը ձեւավորվել է այս էյֆորիայի պայմաններում։ Իմ կարծիքով՝ անարդար ընտրությունները նաեւ նրանք են, որտեղ ընտրություն չկա, այսինքն՝ ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանը հաղթելու է։ Հիմա այս պայմաններում ինչ ընդդիմություն ստացվել է, այն էլ ձեւավորվել է։ Պետք է խոստովանել, որ ընդդիմադիրներից շատերը քաջություն ունեցել են։

-«Լուսավոր Հայաստան»-ն ասում է՝ մի կողմ քաշվեք, եթե նախկինները չմասնակցեն, ապա մենք կհավաքենք 50 եւ ավելի տոկոս, ու «Իմ քայլը» կդառնա քիփլիկ ընդդիմություն․․․

-Ես ավելի լավ առաջարկ ունեմ՝ եթե ոչ մեկը չմասնակցի, ինքը 100 տոկոս կհավաքի։ Ի՞նչ է նշանակում նախկին կամ ներկա, սա հերթական թակարդներից է։ Սա բացարձակ արհեստական օրակարգ է։

-Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում Ազգային համաձայնության դաշինքով գնալ, դուք չե՞ք կարծում, որ սրանով նա ցանկանում է մաքրվել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչ աճեցնելու մեղքից։

-Չեմ կարող ասել, թե ինչ է ուզում, բայց առաջարկի հետ կապված ասեմ․ շատ լավ, բոլորս էլ այդ կարծիքին ենք, որ այս իշխանությունը պետք է հեռանա, բայց գործիքների կիրառման տեսանկյունից ես նախընտրում եմ, որ ամեն մեկն իր գործիքն ընտրի։ Երեքով հարմա՞ր է նույն մուրճը բռնել, երբեմն միայնակ ավելի էֆեկտիվ է մուրճը բռնել։ Նպատակը ողջունելի է, սակայն դրան հասնելու մեջ ամեն մեկն ազատ է՝ ընտրելու այն միջոցները, որոնք ավելի նպատակահարմար է գտնում։

Այս խորագրի վերջին նյութերը