Մեկնաբանություն

11.05.2021 11:35


Հունիսի  20-ի ջրբաժանը

Հունիսի  20-ի ջրբաժանը

Եվ այսպես, վարչապետի կրկնակի չընտրության մարազմատիկ պրոցեդուրաներն ավարտվեցին։ Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեց ու հունիսի 20–ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Քոչարյան VS Փաշինյան

Դեռևս հայտնի չէ, թե քանի կուսակցություն և կուսակցությունների դաշինք կմասնակցեն արտահերթին, բայց արդեն հայտնի են քաղաքական ռինգի հիմնական մասնակիցները։ Մի կողմում պարտության, ստի, կեղծիքի, մահաբերության, կոռուպցիայի, դիլետանտության քայլող խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է, մյուս կողմում՝ նորանկախ Հայաստանի ու Արցախի ամենաարդյունավետ ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Մի կողմում մեր պարտությունների դեմքն է, մյուս կողմում՝ հաղթանակների։ Երկբևեռ դիմակայության մեջ մյուս քաղաքական ուժերը տեղավորվելու են այս տիրույթում։

Նիկոլը 2018–ին վարչապետ դառնալուց հետո ուներ հնարավորություն դրական առումով գերազանցելու իր բոլոր նախորդներին, սակայն գնաց սխալ ճանապարհով։ Ոմանք կարծում են, որ նա հենց այդ սխալ ճանապարհով գնալու համար էր բերվել իշխանության մեր երկրի թշնամիների կողմից․ սա տեսակետ է, որը հաստատել կամ հերքել հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո։ Ամեն դեպքում արձանագրենք, որ Նիկոլը ձախողվել է բոլոր ոլորտներում ու աղետ բերել։

Հայկական ջրբաժան

Վերջին 3 տարիների ընթացում մեր երկրում մի քանի ջրբաժան է եղել։ Առաջինը 2018–ի մայիսին էր, երբ «թավշա» իշխանափոխություն տեղի ունեցավ։ Կյանքը բաժանվեց կամ բաժանեցին մինչև Նիկոլի վարչապետ դառնալը և դրանից հետո։ Նիկոլենք ամեն ինչ արեցին, որպեսզի նախկինում ինչ եղել է, ներկայացվի սև գույներով, իսկ իրենցից հետո՝ սպիտակ ու վարդագույն։ Գործի դրվեց ամբոխավարությունը, պոպուլիզմը, դեմագոգիան ու ստեղծվեցին բոլոր նախադրյալները պետական ինստիտուտները փլուզելու համար։

Հետո եղավ կորոնավիրուսային ջրբաժանը։ Կյանքը բաժանվեց մինչև վիրուսն ու դրանից հետո։ Նիկոլենք տապալեցին հակահամաճարակային պայքարն ու ՀՀ քաղաքացիներին տարան մահվան բերան։

2020–ի նոյեմբերի 9–ից հետո կյանքը բաժանվեց մինչև կապիտուլյացիան ու դրանից հետո եղած մասերի։ Նիկոլը տապալեց բանակցային գործընթացը, սադրեց պատերազմ, բերեց կապիտուլյացիա՝ դառնալով Արցախի տարածքի 2/3–ի, պետականության կորստի պատճառ, բերելով հազարավոր մահեր, վիրավորներ, թողնելով տասնյակ հազարավորին անտուն։

Հիմա նոր ջրբաժան կա մեր կյանքում։ Հունիսի 20–ին որոշվելու է, թե ով կհաղթի։ Էրդողանն ու Ալիևն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կեղծիքներով վերարտադրությա՞ն, թե՞ ՀՀ քաղաքացիները։ Վերջիններիս հաղթանակի շանսը մարմնավորվում է Քոչարյանով և հայկական բևեռում գործող բոլոր այն ուժերով, որոնք դեմ են պարտության խորհրդանիշի վերարտադրությանը։

Հունիսի 20–ին կլինի ջրբաժան։ Ընտրության արդյունքներով պարզ կդառնա, թե արդյոք հայ ժողովուրդը կհայտնվի աշխարհի ժողովուրդների կարմիր գրքո՞ւմ, թե՞ կկարողանա մեջքն ուղղել, հաստատել արժանապատիվ խաղաղություն, կառուցել Նիկոլի ավիրած երկիրն ու բուժել Արցախի ծորացող վերքերը։

Հունիսի 20–ին ջրբաժան է՝ հայի ու ներքին թուրքի ընտրություն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը