Տնտեսական

05.05.2021 10:16


Առաջին անհրաժեշտության ապրանքների նվազումը լրացուցիչ խթան է գնաճի համար. տնտեսագետ

Առաջին անհրաժեշտության ապրանքների նվազումը լրացուցիչ խթան է գնաճի համար. տնտեսագետ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկմամբ` միջազգային շուկայում գնաճի մասին ՄԱԿ-ի պարենի միջազգային ծրագրի ղեկավարը հայտարարեց դեռ նախորդ տարվա ապրիլին` կանխագուշակելով նույնիսկ հնարավոր սովի մասին, դրանից հետո նա նույն հայտարարությամբ հանդես եկավ 2020 թվականի օգոստոսին, իսկ երրորդ անգամ բոլորովին վերջերս` այս տարվա հունվարին և նշեց պարենի պաշարների անբավարար լինելու, ինչպես նաև գնաճի տեմպերի մասին։

«Այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչպես են արձագանքում պետությունները և ինչպես է արձագանքում Հայաստանը։ Վրաստանը, օրինակ, սպասվող գնաճի պարագայում այս տարի 45 տոկոսով ցորեն ավելի է ներկրել, քան անցյալ տարի, այսինքն` քանի դեռ շատ չի թանկացել, անհրաժեշտ է հնարավորինս շատ պաշարներ ներկրել։ Պետությունն ուղղորդում և օգնում է գործարարներին, իսկ Հայաստանում այս տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով հակառակ պատկերն է, այսինքն` մեր երկիրը նախորդ տարի ներկրել էր 23723 տոննա, իսկ այս տարի ներկրել է 19907 տոննա»,-նշեց տնտեսագետը։

Գալոյանի գնահատմամբ` եթե պարենը պակաս է ներմուծվում, գնաճն ավելի բուռն է դրսևորվում։ Ըստ նրա` նույն օրինաչափությունը գործում է նաև մի շարք այլ ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում, հետևաբար ապրանքի նվազումը լրացուցիչ խթան է գնաճի համար և ավելի ազդող գործոն է, քան միջազգային շուկայում առկա միտումները։

«Պետությունը պետք է կարողանար մասնավորից արագ կողմնորոշվել, օգներ մասնավորին, մինչդեռ պետությունն այդ առումով բավարար քայլեր չի ձեռնարկել և բավարարվում է իրավիճակն արձանագրելով ու հետևելով միջազգային շուկայում առկա զարգացումներին»,-ասաց տնտեսագետը։

Գալոյանի կարծիքով` ոչ ոք չի ասում, որ պետք է դրսից թանկ ներմուծել ու ներսում էժան վաճառել, բայց պետությունն էլ պետք է արագ կողմնորոշվի և գլխի ընկնի, թե ինչ պետք է անի գնաճը զսպելու և քաղաքացիներին պաշտպանելու համար։ Ըստ նրա` իհարկե կան ապրանքներ, որոնց պարագայում միջազգային շուկայի միտումներից խուսանավելն ուղղակի անհնար է, բայց ինչ վերաբերում է տեղական արտադրության ապրանքներին, ապա այստեղ անհրաժեշտ է իրականացնել կազմակերպչական ճիշտ աշխատանք, մինչդեռ գյուղնախարարություն չկա, որպեսզի կատարվեն տարրական հաշվարկներ և ի մի բերվեն ցավոտ խնդիրները։ Տնտեսագետն արձանագրեց, որ չկա տնտեսական քաղաքականություն ո՛չ ներքին արտադրության ընդլայնման, ո՛չ էլ աջակցության առումով։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Կենտրոնական բանկը 60% հավանականությամբ ակնկալում է, որ գնաճը չի գերազանցի 5.5%-ը։ Կենտրոնական բանկի նախագահը հավելել է, որ պետք է այնպես անեն, որ զսպելով գնաճը՝ տնտեսական անկում չունենանք։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը