Հարցազրույց

31.05.2011 15:22


Վահրամ Սահակյան.

Վահրամ Սահակյան.

Հարցազրույց թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանի հետ

–Դրսից Հայաստան ժամանողներն առաջին իսկ պահից նկատում են, որ մեր երկրում կյանքը կարծես կանգնած լինի. ոչ մի շարժ, ոչ մի աշխուժություն չկա։ Դուք էլ եք հաճախ մեկնում և ժամանում Հայաստան։ Ձեզ մոտ նույն տպավորությունը ստեղծվո՞ւմ է։

–Ես էլ եմ դա նկատել, ճիշտ է։ Մայրաքաղաքում երեկոյան կյանք ընդհանրապես չկա։ Դա ավելի շատ կապված է ազգային հատկանիշների հետ։ Օրինակ՝ մենք ինչպե՞ս ենք նշում տոները։ Նոր տարի լինի, թե այլ տոն, մարդիկ սիրում են ավելի շատ փակվել տներում։ Չնայած հիմա մի քիչ փոխվել է. մինչև ժամը 21։00–ն, 22։00–ն Օպերայի շուրջը պտտվում են, բայց երբ ընդհանուր նայում ես, այնպիսի տպավորություն է, որ շատ կոմպլեքսավորված են մարդիկ՝ սահմանափակ, սեմուշկա չրթող, փափուկ բամբակ ուտող, էրեխեքին հարս ու փեսայի շորեր հագցնող և այլն։ Ճիշտ է՝ կա նաև շատ լավ երիտասարդություն, բայց մի տեսակ կաշկանդվածություն է նկատվում։ Ես չեմ ասում՝ ոտքերը դնեն սեղաններին կամ այլ բան, բայց ընդհանուր տպավորությունն այդպիսին է։ Մարդիկ կաշկանդված են, չեն կարողանում խոսել, սրճարաններում երաժշտություն են միացնում, որը նույնպես մարդկանց կաշկանդում է. չեն կարողանում խոսել, իրար լսել, հիմար–հիմար նստում են։

–Տարիներն անցնում են, բայց Հայաստանի առջև կարծես նույն խնդիրներն են մնում ծառացած։ Շատերը սա կապում են անցումային շրջանի հետ։ Բայց, ի վերջո, մենք այս շրջանը չե՞նք անցել արդեն կամ ե՞րբ պետք է անցնենք։

–Անցումային շրջանը մի արտահայտություն է, որ մարդիկ գտել են ինչ–որ բաներ արդարացնելու համար։ Ինչի՞ց ինչի ենք անցնում մենք՝ ես չեմ հասկանում։ Իսկ եթե ժամանակն անցումային է, չի նշանակում, որ գռփելու, շորթելու անցումային ժամանակահատված է։ Նույնիսկ Ռուսաստանում 90–ական թվականները բավականին տարբերվում են այսօրվանից։ 90–ականներին կատարվող թալանը, օլիգարխիայի ստեղծումը հիմա փոխվել են դեպի լավը։ Յուրաքանչյուր ռուս բիզնեսմեն, որն ունի, օրինակ, 2–3 մլրդ կարողություն, և իր մասին «Ֆորբս»–ում է գրվում, քառապատիկ ավելի համեստ է, քան ինչ–որ մի նորահարուստ հիմար հայ, որն ունի ընդամենը 1–2 մլն կամ դա էլ չունի։ Մեր այսօրվա օլիգարխները փող չունեն։ Ի՞նչ է նշանակում միլիարդ դոլար։ Դա փող չի օլիգարխ կոչվելու համար. նա պետք է կոչվի հարուստ մարդ, ձեռներեց։ Նույնիսկ փոքր երկրի համար նա օլիգարխ չի կարող կոչվել, որովհետև Հունաստանն էլ է փոքր երկիր, իսկ նույնիսկ այն տարիներին Օնասիսն ուներ 27 մլրդ։ Ի դեպ, Քըրք Քըրքորյանը երբ Հայաստանում 2–3 ուղեկցողի հետ հանգիստ քայլում էր փողոցով, տեսավ մեքենաների շարասյուն՝ իրենց թիկնապահներով, ասաց՝ դա ո՞վ է, պետակա՞ն գործիչ է։ Ասացին՝ չէ, ուղղակի հարուստ մարդ է, ձեռներեց է։ Հետաքրքրվեց, թե իչնքա՞ն փող ունի, ասացին՝ մոտ 700 մլն։ Քըրքորյանն այնպես ծիծաղեց, որովհետև իր ունեցածը 14 մլրդ է, բայց ինքն է քշում իր մեքենան, թիկնապահներ կարող է ունենալ, բայց ինչ–որ մի տեղ գնալուց նրանք չեն գա կանգնի իր գլխավերևը։ Ես կարծում եմ, որ այսօր 20 թիկնապահով ման գալը երկու ոտքերի վրա քայլող մարդուն չի սազում. դա ծիծաղելի է կողքից։

–Ամորֆ վիճակը շատ երկար չի կարող տևել և օրերից մի օր անպայման պայթում է։ 2008–ի մարտի 1–ն այդպիսի պայթյուն կարելի՞ է համարել։

–Նայած՝ ում համար։ Ինձ համար դա սպասելի էր, որովհետև երկկողմանի չարությունը մարդկանց ստիպում էր, որ բևեռված լինեին՝ կա՛մ սա, կա՛մ նա։ Մարդիկ կորցրել էին հաշիվը։ Բայց բնական է նաև, որ այդ պարագայում լինում են մարդիկ, ովքեր օբյեկտիվ են նայում՝ ո՛չ սրա, ո՛չ էլ նրա կողմն են։ Օրինակ՝ ես նայում էի իրավիճակին պետության տեսակետից՝ լա՞վ կլիներ դա պետությանը, թե՞ ոչ։ Այդ երկկողմանի չարությունն անպայման պետք է հանգեցներ նման բանի. լիներ դա դիտավորյալ, անգամ չլիներ դիտավորյալ, անգամ այդ զինվորներին բերեին կամ չբերեին, միևնույն է, պայթյունավտանգ վիճակը ստեղծվելու էր։

–Բայց հիմա չարությամբ լցված ծայրահեղ այդ կողմերը շատ հեշտությամբ ու սիրով նստում են երկխոսության։

–Հենց դա՛ է ամենացավալին։ Իրենք երկխոսության ինչո՞ւ են նստում, որովհետև այդ բոլոր քաղաքական «գործիչները», որ այն ժամանակ ընդդիմություն էին խաղում, նրա համար էին անում, որ իրենք էլ հաց ուտեն, իրենց էլ կտոր հասնի՝ «կուսոչեկ», ու երբ որ իրենց բանտից բաց թողեցին, ես շատ տխրեցի։ Ե՛ս լինեի՝ բաց չէի թողնի։ Որպես գրող եմ հայտարարում ես սա։ Բաց չէի թողնի ոչ թե նրանց պատժելու համար, այլ որ մյուսները տեսնեին՝ չի՛ կարելի իրենց շահերի համար մարդկանց ոտքի հանել։ Ի դեպ, նման պարագայում, երբ կենսավիճակը վատ է, մարդկանց վրա ներազդելը շատ հեշտ է։ Անգամ եթե կրկնում են մեկի անունը, ասենք՝ Լե՛–վո՛ն, Լե՛–վո՛ն, եթե կանխամտածված ինչ–որ մեկը հոգեբանական հարձակում անի, հենց այդ նույն ամբիոնից կամաց–կամաց Լևոն բառը փոխի, ասենք, Կարոյի, մարդիկ առանց հասկանալու նույն կերպ կրկնելու են՝ Կա՛–րո՛, Կա՛–րո՛։ Այստեղ արդեն մարդու բանականությունը չի գործում։ Այստեղ գործում է ամբոխի հոգեբանությունը։ Այս դեպքում բոլոր հոգեբանները խորհուրդ են տալիս՝ ինչպես այդ պարագայում դուրս գալ ամբոխից՝ գտնել մի որևէ սյուն, մի որևէ կետ, որտեղ կարելի է հանգիստ դուրս գալ, գնալ տուն, չխառնվել ամբոխին։ Բայց երբ այսպիսի բան ես ասում, իրենց համար ցավոտ, ասում են՝ դու ժողովրդի հետ չես, դու էս չես, դու էն չես։ Իսկ դա ինձ չի հետաքրքրում, որովհետև այդ պարագայում մարդիկ չարացած են, և իրենք անպայման ուզում են, որ բոլոր մարդիկ՝ մտավորականները և այլն, ինչ–որ բևեռից լինեն։

–Այսինքն, հիմա Դուք չե՞ք ողջունում, որ Սասուն Միքայելյանին ու Նիկոլ Փաշինյանին ազատ են արձակել։

–Գիտե՛ք՝ Նիկոլ Փաշինյանի մասին մտածելու համար ինձ Աստված այդքան երկար կյանք չի տվել։ Դա մեկ։ Երկրորդ՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կլինի, թե չի լինի, դրանից չեմ կարծում՝ դիսբալանս ստեղծվի երկրագնդի վրա։ Թող գնա ապրի։ Նման մարդիկ ինչ որ արեցին, չգիտեմ՝ ինչ էր մտածված, ով էր իրենց հրահանգ տվել, ես չեմ ուզում խորանալ... բայց ինքն իր գործն արեց, ինքն իր փողը ստացավ երևի։

–Կարծո՞ւմ եք, որ մոտ ապագայում մեր երկրում պայթյունավտանգ իրավիճակ է սպասվում։

–Ինձ թվում է՝ իրենք արդեն հաշվարկել են, թե ով ինչ պետք է անի։ Եթե Արթուր Բաղդասարյանի կարգի քաղաքական գործիչներն արդեն գիտեն իրենց անելիքը հերթական քաղաքական ալյանսներում (ալյանս ասելով ես նկատի ունեմ քաղաքական պոռնկությունը), դրանք արդեն համակարգված են, ինձ թվում է, որ պայթյունավտանգ վիճակ չի ստեղծվի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը