Մեկնաբանություն

24.03.2021 14:39


Ուզո՞ւմ են հայերն անկախ պետություն

Ուզո՞ւմ են հայերն անկախ պետություն

Անկախության հանրաքվեից 30 տարի անց այս հարցը թվում է, թե արդիական պետք է չլիներ։ Բայց արդիական է։

1991-ին Հայաստանի անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոնից ավելի մարդ։ Տոկոսային առումով՝ 99,51%։ Շատ տպավորիչ թվեր են։

1991-ին դեռ շատերը կարծում էին, որ Ղարաբաղն ուզելով են ստանալու, այլ ոչ թե կռվելով։ Հետո երբ լայնամասշտաբ կռիվն սկսվեց, շատ քչերը մասնակցեցին դրան։ Հաղթանակը վերջում մնաց անտեր ու Նիկոլ Փաշինյանի բաժին դարձավ։

1991-ին ոմանք համոզված էին, որ Ջերմուկի հանքային ջուրը և Քաջարանի մոլիբդենը ծախելով լավ են ապրելու։ Հանքայինն ու մոլիբդենն, իրոք, ծախեցին ու լավ ապրեցին, բայց խիստ սահմանափակ թվով մարդիկ։

1991-ին անկախությանն «այո» ասածներից շատերն արտագաղթեցին Հայաստանից։ Չհավատացին մեր երկրի ապագային ու հիմա դրսից արդարացնում են իրենց որոշումը։ Ոմանք սպասում են, որ Հայաստանը կործանվի, որպեսզի իրենք ասեն՝ «Տեսա՞ք, որ ճիշտ էր արտագաղթելը»։

Հայաստանի ապագային չհավատացող զանգվածի մեծ մասն այժմ Նիկոլին է պաշտպանում, քանզի միայն Նիկոլը կարող է իրենց ճիշտ հանել՝ կործանելով Հայաստանի պետականությունը։

Անկախությունից 30 տարի անց ՀՀ քաղաքացիները կրկին պետք է անկախության հանրաքվեի մասնակցեն։ Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններն այդ հանրաքվեի յուրօրինակ դրսևորում են լինելու։

Նրանք, ովքեր քվեն կտան Նիկոլ Փաշինյանի օգտին, կքվեարկեն Հայաստանի անկախության դեմ ու թուրքական վիլայեթ դառնալու օգտին։

Մոտ ապագան ցույց կտա, թե ինչ որոշում կկայացնեն ՀՀ քաղաքացիները։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը