Հարցազրույց

27.05.2011 17:01


Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ

–Ավարտվեց ԱԺ չորրորդ գումարման իններորդ նստաշրջանը։ Տեսակետ կա, որ խորհրդարանի արդյունավետությունը տարեցտարի անկում է ապրում։ Որակական առումով ա՛յս խորհրդարանն ինչպե՞ս կգնահատեք։

–Խորհրդարանն ինքը տվյալ հասարակության կողմից ընտրված մարմին է և շատ պարզ համապատասխանում է տվյալ հասարակության այդ պահի արժեքին։ Ասել՝ խորհրդարանն արժեզրկվում է, նույնն է՝ ասել, որ հասարակությունն է արժեզրկվում։

–ՀՀԿ–ում միայն որոշ պատգամավորներ են զբաղվում օրենսդրական նախաձեռնություններով։ Ինչպես նաև կան պատգամավորներ, ովքեր ընդհանրապես որևէ օրենք չեն մշակել։ ՀՀԿ–ն նրանց գնահատական չի՞ տալիս։

–Պատգամավորի գործունեությունն անկախ է, և յուրաքանչյուր պատգամավոր ինքն է, որպես ԱԺ առանձին մարմին, կարգավորում իր գործողության ոլորտը։ Գնահատականը կարող է տալ կուսակցությունը և կտա՛։ Գնահատականը կարող է տալ լրագրողը, գնահատականը կարող է տալ իր ընտրողը։ Ես՝ որպես պատգամավոր, այդ գնահատականը տալու իրավունք չունեմ։

–Խոսակցություններ կան, որ հիմա ՀՀԿ–ում խմորումներ են տեղի ունենում առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ձեր կուսակցության ցուցակի կազմման շուրջ։ Իրո՞ք դա այդպես է, և համապատասխանո՞ւմ են իրականությանն այն լուրերը, որ քրեաօլիգարխիկ պատգամավորներն այլևս ՀՀԿ–ի ցուցակում չպետք է լինեն։

–Ես ո՛չ ճանաչում եմ քրեաօլիգարխիկ պատգամավորների, ո՛չ էլ Ձեզ կարող եմ ասել այն թեմայի մասին, որը Դուք շեշտեցիք։ Որովհետև, լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, ես հստակ գիտեմ հետևյալը՝ խորհրդում առայժմ նման հարց չի քննարկվել, և կարծում եմ՝ իրականում դեռ վաղ է 2012թ. ԱԺ ընտրությունների կուսակցության ցուցակը կազմելու մասին խոսելը։ Ես մեծամասնական պատգամավոր եմ և դեռևս չեմ մտածել, թե 2012–ին կլինե՞մ պատգամավոր, որոշում կկայացնե՞մ նորից լինել պատգամավորության թեկնածու, թե՞ ոչ։ Իսկ ցուցակը կազմվում է ընտրություններից մոտ երկու ամիս առաջ։

–Դուք խոսում եք 2012–ի հերթական ընտրությունների մասին, բայց ՀԱԿ–ը հայտարարում է, որ իշխանությունների հետ երկխոսելու է արտահերթ ընտրությունների մասին։

Հարցադրումը չեմ ընդունում, որովհետև ընդդիմությունն էլ է իշխանություն, դիմությունն էլ է իշխանություն։ Այսօր կոնկրետ պատասխանատուն, բնականաբար, իշխանությունն է, և փառք այն իշխանությանը, որն աշխատում է ընդդիմության հետ զուգահեռ։ Որովհետև ընդդիմությունն ինքը հասարակության մի ստվար խավին է ներկայացնում, և ինքն էլ, շատ բնական է, որ պետք է արտահայտի իր պահանջները։ Իսկ իշխանությունը նրա համար է, որ կատարի ժողովրդի պահանջները՝ անկախ նրանից՝ դա ընդդիմությո՞ւն է, թե՞ դիմություն։

–Այսինքն, հիմա Լևոն Տեր–Պետրոսյանը իշխանությո՞ւն է։

Իհա՛րկե։ Դուք՝ լրագրողներդ, էլ իշխանություն չե՞ք։ Երբ արտահայտվում է ժողովրդի կարծիքը, և այդ կարծիքը բավարարվում է, դա իշխանության խնդիրն է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը