Լրահոս

27.05.2011 15:23


ՀՅԴ. «Մենք ինքնասպան լինելու նպատակ չունենք»

ՀՅԴ. «Մենք ինքնասպան լինելու նպատակ չունենք»

Մեկնաբանելով այն լուրերը, որոնց համաձայն կառավարությունն ամենաշատը նեղվում է ՀՅԴ քննադատությունից ու այդ կապակցությամբ կոմպրոմատ է պատրաստում նրանց նախարարների վերաբերյալ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է.

Այդ լուրերին Դաշնակցությունը ծանոթ է արդեն 120 տարի։ 120 տարի հավաքում են կոմպրոմատներ։ 120 տարվա մեջ ինչ կոմպրոմատ ասես՝ հավաքել են, դատավարություններ են եղել Դաշնակցության նկատմամբ։

Նա նշել է, որ մեղադրելուց գոնե պետք է ձևակերպել մեղադրանքը։

Ուրեմն իրենք են վախենում։ Եթե այդքան վտանգ տեսնեինք, այս գործընթացները չէինք սկսի, չէ՞։ Մենք ինքնասպան լինելու նպատակ չունենք, որ անվստահություն հայտնենք կառավարությանը՝ իմանալով, որ կառավարությունը մյուս օրն այնպիսի հուժկու հարված կհասցնի, որ մենք այլևս անելիք չենք ունենա,– ասել է նա։

Անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի հետագա քայլերին՝ նա առաջին հերթին ընդգծել է, որ այդ հարցի քվեարկությունը նաև ցույց տվեց, որ մեծամասնությունից մի զգալի քանակություն Ազգային ժողովում պարզապես չքվեարկեց։

Չքվեարկեցին, երբ կոչ էր արվում քվեարկել դեմ, ոչ թե որոշվում էր, որ պետք է բոյկոտեին, այլ պետք է դեմ քվեարկեին, բայց չքվեարկեցին։ Սա յուրօրինակ լռություն էր, որը համաձայնության նշան էր։ Մարդիկ իրենք էլ համոզվեցին, որ մեր փաստարկները շատ ավելի հիմնավոր են։

Արմեն Ռուստամյանը նաև տեղեկացրել է, որ  չորս ամիս հետո իրենք նորից արծարծելու են այս խնդիրը, իսկ այդ ընթացքում աշխատելու են պատգամավորների հետ.

Հնարավոր է՝ հիմա արդեն գնանք 1/3 ստորագրություններ հավաքելու ճանապարհով, որովհետև մյուս ճանապարհը դա է։ Երկու ձև կա անվստահություն հայտնելու՝ նախագահն է դա անում, և ԱԺ պատգամավորների 1/3–ի ստորագրությամբ է հարցը մտնում։ Այս չորս ամիսները պետք է աշխատենք այդ ուղղությամբ, ժողովրդին էլ ցույց տանք իրավիճակի լրջությունը, մեր լուծումների իրատեսական լինելը, և այս ճանապարհն է, որ պետք է հասցնի նորմալ հարաբերությունների, նաև քաղաքակիրթ բանավեճի, երկխոսության և այլն։ Դա երևի տեղի կունենա սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին,– ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը