Լրահոս

20.05.2011 10:00


Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ

Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ

Մայիսի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Պետքարտուղար Քլինթոնը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշեց, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կապված են ամուր բարեկամությամբ ու գործընկերությամբ եւ հարաբերությունները գնալով ավելի են ամրապնդվում եւ զարգանում: «Արտգործնախարար Նալբանդյանի հետ բազմաթիվ հանդիպումներ են կայացել եւ ես ուրախ եմ կրկին ողջունել նրան Պետքարտուղարությունում: Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ գոյություն ունեն այնպիսի բազմաբնույթ կապեր, որոնք սկսվում են քաղաքականությունից եւ հասնում մինչեւ անձնական հարաբերություններ եւ ավելին, ինչը մեզ համար շատ կարեւոր է: Մենք մեծ նշանակություն ունեցող հարցեր ենք քննարկելու, եւ ես ակնկալում եմ, որ մենք կշարունակենք մեր այդ կարեւոր երկխոսությունը»:

Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Վաշինգտոն այցելելու հրավերի համար, ասաց. «Մեր հանդիպումների հաճախակիությունը վկայում է հայ-ամերիկյան հարաբերություններն առավել խորացնելու եւ ամրապնդելու մեր հանձնառության մասին եւ վերջին տարիների ընթացքում մենք համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի վրա ենք բարձրացրել մեր համագործակցությունը»:

Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ,  տնտեսական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, տարածաշրջանային հարցեր:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Պետքարտուղար Քլինթոնն ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, եւ նշեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Այս խորագրի վերջին նյութերը