Տնտեսական

15.01.2021 11:15


Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ մեկամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ)` 3.4%: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, որը գնաճի ցուցանիշները ներկայացնում է ըստ անհատական սպառման (ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։

Ընդ որում, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի մեկամյա գնաճը կազմել է 4.9%, մեկամսյա գնաճը՝ 7.2%, իսկ ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 10.4% և 0.2%։

Հագուստի և կոշիկի սպառողական գներն անցյալ տարվա դեկտեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ աճել են 0.3%-ով, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝ 1.4%-ով։

Բնակարանային ծառայությունների, մատակարարվող ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%, մեկամսյա գնաճը՝ 0.3%, իսկ «տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն» խմբում, համապատասխանաբար, 3.6% և 1.3%։

Առողջապահության ոլորտում մեկ տարվա ընթացքում գներն աճել են 3.9%-ով, իսկ մեկ ամսվա կտրվածքով՝ 1.2%-ով, տրանսպորտի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 4.7% և 3.0%, կապի ոլորտում 12-ամսվա կտրվածքով գրանցվել է գների անփոփոխ վիճակ, իսկ մեկամսյա կտրվածքով՝ 0.1 աճ։

Նախորդ տարվա դեկտեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ հանգստի և մշակույթի ծառայությունների գները նվազել են 0.7%-ով, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ աճել 1.2%-ով, կրթության ոլորտում, համապատասխանաբար, գրանցվել է գների 2.0% աճ և անփոփոխ վիճակ, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների ոլորտում՝ 1.8% աճ և 0.1% նվազում։ Այլ տարբեր ապրանքների և ծառայությունների գները մեկ տարում աճել են 5.5%-ով, իսկ մեկ ամսում՝ 1.1%-ով։

Այս խորագրի վերջին նյութերը