Մեկնաբանություն

26.11.2020 17:30


Կա անպատկառություն և կա... նիկոլ փաշինյան, կա զառանցանք և կա... Լենա Նազարյան

Կա անպատկառություն և կա... նիկոլ փաշինյան, կա զառանցանք և կա... Լենա Նազարյան

Չգիտես՝ ինչու, վստահ էինք, որ կարկառուն «իրենցքայլական» ու ԱԺ փոխնախագահի կարգավիճակ ունեցող Լենա Նազարյանին ու նրա շռնդալից «փայլատակումներին», գոնե վերջին «բլթոցներից» հետո, անդրադառնալու անհրաժեշտություն միառժամանակ չի լինի: Պարզվեց, որ նույնիսկ այս հարցում էինք անհիմն լավատես:

Լենա Նազարյանը, թերևս ոգևորված նախորդ՝ ինքնախայտառակող հայտարարությունների արձագանքներից, շարունակեց «բլթ-բլթացնել»։ Մասնավորապես հարցազրույց տվեց ՆԱ-1 հեռուստաընկերության հանրահայտ զրուցավար Պետրոս Ղազարյանին (շփոթմունք կամ վրիպակ չկա, ոչ թե՝ Հ1 կամ Հանրային, այլ՝ ՆԱ-1, այսինքն՝ «նիկոլի անձնական» կամ «նիկոլ-աննա» հեռուստաընկերություն):

Լենա Նազարյանի բացառիկ անհեթեթ որոշ արտահայտությունների, իհարկե, կանդրադառնանք: Բայց նախ, մեկ այլ հարց է հետաքրքիր. ցածրունքներից մեկեն բարձրաստիճան դարձած սույն տիկնոջը, իր անհեթեթագույն հայտարարություններով հանդերձ, վրա-վրա առաջին պլան նետելու իմաստը կամ նպատակը ո՞րն է: Ըստ որում, ՆԱ-1-ի (նույն ինքը՝ նախկին Հ1) եթերում Լենա Նազարյանը կարողացավ իրեն այնպես դրսևորել, այնպիսի բացահայտ անմտություններ դուրս տվեց ու այնպիսի ցինիկ կեցվածքով առանձնացավ, որ նրա ֆոնին շատերն են սկսում համակրելի երևակվել, որքան էլ որ դա անհավատալի էր թվում:

Եվ, այնուհանդերձ, ինչո՞ւ է նիկոլ փաշինյանն այս օրերին առաջ հրել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Կարծում ենք, որ այս դեպքում գործ ունենք այնպիսի մարտավարական հնարքի հետ, որը կոչվում է «կրակը վերցնել իր վրա»:

Կարճ ասած, փաշինյանն ու փաշինյանական պրոպագանդան, շատ էլ լավ իմանալով իրենց կարկառուն թիմակցուհու հնարավորությունները, նրան հրում են տեսախցիկների ու խոսափողների առաջ, որպեսզի Լենա Նազարյանը «կրակը վերցնի իր վրա»: Այսինքն՝ հանրության բնական ու անխուսափելի զայրույթը, վրդովմունքը, բորբոքվածությունը ինքնաբերաբար ուղղվում է դեպի Լենա Նազարյանը, իսկ նիկոլ փաշինյանը միառժամանակ դուրս է գալիս այդ «կրակի տակից»: Չնայած, դա էլ նրան չի փրկի:

Լավ, իսկ ի՞նչ էր Պետրոս Ղազարյանին այնուհանդերձ ասում Լենա Նազարյանը:

Նա, օրինակ, փորձեց բացատրել, թե իրավական տեսանկյունից ի՞նչ է դավաճանությունը, այն ակնարկով, թե՝ փաշինյանին ու նրա թիմակից-հանցակիցներին ուղղված մեղադրանքները՝ դավաճանության վերաբերյալ, իրավական տեսանյկունից անհիմն են: Լենա Նազարյանը վերցրեց ու դավաճանության բնորոշման համար թվարկեց միայն 1-2 երկու հատկանիշ, այն է՝ «թշնամու կողմն անցնելը», «լրտեսությունը», օտարներին պետական գաղտնիք փոխանցելը:

Մինչդեռ, ՀՀ գործող Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով, թվարկվածից բացի, պետական դավաճանություն է համարվում նաև՝ «...թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»:

Հիմա, մենք չենք, դուք եք: Ի՞նչ էր վարչապետ նիկոլ փաշինյանի արածը, եթե ոչ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության (կապիտուլյացիայի՝ թուրքերին ճանապարհի համար ՀՀ տարածք տալու հատվածը թեկուզ վերցնենք) ու արտաքին անվտանգության կատարված գործունեություն: Այսինքն, հենց միայն այս մասով առավել քան բավարար հիմքեր կան, որպեսզի անհապաղ քրեական գործ հարուցվի, բազմակողմանի քննություն սկսվի, իսկ նիկոլ փաշինյանն ու նրա թիմակիցները մեկուսացվեն (խափանման միջոցը՝ կալանք, ըստ որում՝ իրենց իսկ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, առաջին հերթին):

Տեսեք, որ Լենա Նազարյանը, որ օրենսդիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ է, տարրական պատկերացում չունի օրենքներից կամ, ըստ իր նպատակահարմարության է դրանց մասին «հիշում», այն էլ՝ հատվածաբար:

Ի դեպ և ի գիտություն Լենա Նազարյանի, նշենք, որ նրա «մեծն առաջնորդն» ու նաև իրենք՝ ամբողջ «քայլակույտով» ենթակա են քրեական հետապնդման քրեական օրենսգրքի նաև 300-րդ (իշխանությունը յուրացնելը), 300.1 (սահմանադրական կարգը տապալելը), 300.2 (տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները), 301.1 (Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, Սահմանադրական դատարանին պարտադրելը) ու առնվազն՝ 304-րդ (վնասարարությունը) հոդվածների հատկանիշներով:

Կամ, օրինակ, հարցազրույցավարի դիտարկմանը, որ ձեր իշխանությունը տարածքներ է տվել, Լենա Նազարյանը պատասխանում է... թե պատերազմ է եղել, այսինքն՝ պատերազմի հետևանքն է դա: Հետաքրքիր է, եթե այդ կապիտուլյացիան պատերազմական հետևանքների ու ռազմաճակատի գծի ամրագրման սկզբունքով է կազմվել, ապա ինչպե՞ս է, որ փաշինյանը, փաստորեն՝ Լենա Նազարյանի ու մյուս «քայլոների» հետ, թուրքին է նվիրել նաև Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան...
Մինչդեռ փաստացի վիճակն այն է, որ նիկոլի վերելակային, «կիրթ ու կառուցողական» գործընկերն ինչ ուզել, այն էլ վերցրել է, իսկ «դուխիկն» էլ, դրա առաջ նվաստացված-փռված, ամենը տվել է:

Եվ թող ների մեզ ընթերցողը, որ Լենա Նազարյանի «բլթոցներին» արդեն երկրորդ անգամ ենք անդրադառնում: Բայց եթե նիկոլ փաշինյանը որոշել է ոչ թե պարզապես հեռանալ, այլ հնարավորինս ցավոտ հեռանալ, ապա կարող է Լենա Նազարյանին ավելի հաճախ «գործուղել» հարցազրույցների: Առհասարակ, եթե փաշինյանը շարունակում է պաշտպանվել Լենա Նազարյանով, ապա իսկապես լուրջ խնդիրներ ունի իրեն իսկ՝ ուսերից վերև գտնվող հատվածում և դրա պարունակության հետ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը