Քաղաքական

21.11.2020 12:45


Ուղղակի գնացել, ընկել են մսաղացի մեջ. թող ասեն՝ ուր են մեր երեխեքը. անհետ կորած զինծառայողների ընտանիքների հավաքը (տեսանյութ)

Ուղղակի գնացել, ընկել են մսաղացի մեջ. թող ասեն՝ ուր են մեր երեխեքը. անհետ կորած զինծառայողների ընտանիքների հավաքը (տեսանյութ)

Էջմիածնում N զորամասի հսկիչ անցագրային կետի դիմաց ակցիա են իրականացնում նույն զորամասի անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները:

Նրանք ցանկանում են ստանալ բավարար պատասխաններ հոկտեմբերի 21-ին Կովսականի (Զանգելանի) հատվածում մարտական գործողությունների հետեւանքով նույն զորամասի՝ անհետ կորած զինծառայողների հարցի վերաբերյալ։

Նրանք նշել են, որ այդ մարտական գործողություններից հետ վերադարձած զորամասի հրամանատարը անհետ կորածների ընտանիքների անդամներին մինչ այս տվել է կցկտուր, հակասական եւ ոչ բավարար պատասխաններ, ինչը նոր հարցեր է առաջ բերել։

«Մենք ուզում ենք, որ պետական այրերը մեզ ասեն՝ ուր են մեր երեխեքը: Մենք ուզում ենք մեր հարցերի պատասխանը լսել, մենք մեր երեխեքին ենք կարոտել: Ամսից ավելի է՝ ոչ մի լուր չունենք, հարկ չեն համարում գոնե մի անգամ դուռը բացեն, ասեն՝ երեխեդ կա, թե չկա: Ոչ մի պատասխան չեն տալիս, չէ որ իրենց աշխատողն ա, իրենք են տարել»,-ասաց ծնողներից մեկը:

Հարազատների խոսքով՝ զորամասի զինծառայողներից 34-ն անհետ կորած են համարվում:

«Այստեղ փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, ասեցին՝ ռադարների տակ են, կապ չկա: Մի քանի օր հետո հասկացանք, որ ոչ մի բան էլ չկա, իրենք ուղղակի գնացել են, ընկել են մսաղացի մեջ: Ամեն օր մեզ ասում են՝ սպասենք երկու օր, ոչ մի պատասխան չունեն»,-ասաց հարազատներից մեկը:

Մեկն էլ ասաց, որ նոյեմբերի 11-ին, դեպքից 21 օր հետո իր ամուսնու հեռախոսը եղել է ակտիվ: «Իրենք գնացել են ընդամենը մեկ ավտոմատով, 120 պատրոնով, այն զրահատեխնիկայի դեմ, որը բերել են ադրբեջանցիները»:

Հավաքվածները պահանջում էին բացել դուռը եւ իրենց պատասխան տալ, սակայն որեւէ մեկը չէր արձագանքում: Ի վերջո, հավաքվածներից մեկը հարվածելով բացեց պատուհանը, ներս մտավ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը