Աշխարհ

31.10.2020 17:46


Հանուն Արցախի անկախության․ ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել (տեսանյութ)

Հանուն Արցախի անկախության․ ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել (տեսանյութ)

Լոս Անջելեսում հայ երիտասարդները նոր ակցիաներով են պայքարում Արցախի ճանաչման համար։ 7-օրյա հացադուլ են կազմակերպել՝ պահանջելով Ամերիկայի ղեկավարությունից ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից։

Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, շարունակելու են մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։

«Օրվա ընթացքում տարբեր ակցիաներ ենք իրականացնում՝ ներգրավելով մեր մյուս անդամներին, հայրենակիցներին։ Առաջին օրը կոչ արեցինք, որ պետք է դադարեցնել թուրքական ապրանքի վաճառքը հայկական խանութներին։ Լավ արձագանք է ստացել»,-«Հայերն Այսօրի» հետ զրույցում ասաց Հայ երիտասարդաց դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչության անդամ Արամ Մանուկյանը։

Ամեն երեկո հայերով հավաքվում են, ազգային-ազատագրական երգեր, պատգամներ են հնչեցնում՝ ներգրավելով նաև տարբեր քաղաքական գործիչների, որոնք ելույթներ են ունենում։

«Մենք շատ լավ գիտենք, որ մեր արածը որևէ բան չէ՝ ի համեմատ մեր զինվորների առօրյա զոհաբերության։ Սա մեր մասնակցությունն է, քաղաքական դաշտում մեր կռիվն է՝ որպես սփյուռքում գտնվող զինվորներ»,-նշեց նա։

Երիտասարդները պարբերաբար կոչ են անում սփյուռքի հայրենակիցներին շարունակական նվիրատվություններ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իրենց քաղաքական ձայնը բարձրացնել տարբեր միջոցներով և սոցցանցերում Արցախի ճանաչման համար հավաքական աշխատանքը շարունակել մեծ թափով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը