Մեկնաբանություն

10.10.2020 23:35


Հրադադարը փխրուն է, բայց հետևությունները պիտի ամրակայուն լինեն

Հրադադարը փխրուն է, բայց հետևությունները պիտի ամրակայուն լինեն

Քանի դեռ առնվազն «փաստաթղթային» հրադադար է, թերևս արժե մի քանի միջանկյալ դիտարկում ու հետևություն անել: Հարկավ, բոլորս էլ գիտակցում ենք, որ հոկտեմբերի 9-ի և լույս 10-ի գիշերը Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ Հայաստանի ու ադրբեջանական ԱԳ նախարարների ձևակերպած հրադադարը, առնվազն փխրուն է: Դրա ամենից ցայտուն ապացույցը հրադադարի հաստատման ժամից րոպեներ անց ադրբեջանական կողմից արդեն ՀՀ տարածքին՝ Կապանի մերձակա բնակավայրերին ԱԹՍ-ով հարվածելու, խաղաղ բնակիչների վիրավորվելու և սպանելու փաստն է: Մեր թշնամին նոր թշնամի չէ: Գիտենք, թե ինչ կարգի նենգ ու անճոռնի նկարագրով թշնամու հետ գործ ունենք: Դրան դեռ կվերադառնանք:

Նախ, արձանագրենք, որ թեկուզ փխրուն հրադադարը կամ կրակի ու ինտենսիվ մարտական գործողությունների ժամանակավոր դադարը հնարավոր եղավ միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, կոչերից ու հայտարարություններից անցավ ավելի ակտիվ միջնորդական ջանքերի: Թե դա ում է դուր գալիս կամ ում դուր չի գալիս, այլ հարց է: Բայց փաստ է, որ Ռուսաստանը և կոնկրետ այդ երկրի ղեկավարը կարողացան հասնել այն բանին, որ Հայաստանի ու ադրբեջանական կողմի լիազորված ներկայացուցիչները դիվանագիտական հարթակում հանգեն թեկուզ ժամանակավոր հրադադարի համաձայնության: Եվ դա՝ ադրբեջանաթուրքական տանդեմի հրահրած պատերազմի, փաստորեն, 14-րդ օրը:

Հպանցիկ կարելի է այստեղ հիշեցնել մի կարճ ժամանակ վարչապետի խորհրդական եղած և, ըստ տեղեկությունների՝ այժմ ԱՄՆ-ում գտնվող մի երիտասարդ անձնավորության օրերս կիրիլիցայով արած գերմաներենախառն գրառումը, թե՝ Պուտինն Արցախում «կապուտ է եղել», այն է՝ պարտվել է, վերջացել է կամ նման մի բան: Տարակուսելի է, թե նման ընկալման կերպ ունեցող անձնավորությունը պետության ղեկավարին ի՛նչ որակի խորհուրդներ է տվել ոչ այնքան վաղուց: Մանավանդ, որ իրականության մեջ տեսնում ենք նրա ասածի տրամագծորեն հակառակ արտաքին-քաղաքական իրողությունը: Ինչևէ:

Գանք վերը ակնարկված միջանկյալ դիտարկումներին:

Մենք գիտենք՝ ով է թշնամին, գիտենք նրան և գիտենք նրա նպատակները, ի լրումն՝ արդեն երկու շաբաթ տեսնում ենք այդ նպատակները «գործողության մեջ» ու մեր բանակով, ամբողջ ժողովրդով դիմակայում ենք թշնամու կողմից այդ նպատակներն իրագործելու կոնկրետ դրսևորմանը, թշնամու սանձազերծած այս լայնածավալ ռազմական ագրեսիային:

Բանակի ու Զինված ուժերի հետ կապված գործնական հետևությունները, բնականաբար, թողնենք մեր բանակի և ԶՈՒ ղեկավարությանը: Ինչ վերաբերում է ոչ ռազմագիտական հետևություններին, ապա...

Առաջինն այն է, թե ինչպես, ինչ գաղափարաբանությամբ պիտի վերակառուցենք ու հագեցնենք մեր կրթական, տնտեսական և սոցիալական համակարգերը:

Ընթացիկ պատերազմն ապացուցում է, թե որքան էական նշանակություն ունի ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր ժողովրդի ու պետության համար, թե որքանով է անհրաժեշտ ազգային արժեքների, գաղափարների վրա խարսխված կրթությունը և այդ մոտեցմամբ դաստիարակված սերունդ ունենալը:

Եվ հակառակը, այս պատերազմը ցույց է տալիս, թե իրականում ինչ էին ուզում բոլոր այն ժպտադեմիկ, խունջիկ-մունջիկ կերպարները, որոնք «կարուձև» էին անում Հայոց պատմության դասագրքերը, մայրենի լեզվի ու հայ գրականության կրթական ծրագրերը, «կարուձևում» էին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, հայրենասիրության կարևորության մասին նշողներին էլ պիտակում էին «ռազմահայրենասեր շիզոֆրենիկ» վիրավորական արտահայտությամբ:

Հիմա գոնե հասկանալի՞ է, թե այդ սուբյեկտներն ովքե՛ր են և նրանց «կոսմոպոլիտ» մոտեցումները հեռուն գնացող ինչ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ:

Առհասարակ, պատերազմը ցույց է տալիս նաև Հայ Առաքելական եկեղեցու էական նշանակությունը և մեզ բաժանելու նպատակ ունեցողների քարոզած զանազան շեղումների պարունակած վտանգները: Բայց սա, թերևս, առանձին անդրադարձի խնդիր է:

Երկորդը: Պատերազմը ցույց է տալիս և լրացուցիչ հիմնավորում է «Ազգ-բանակ» գաղափարի ու հայեցակարգի ոչ միայն արդարացված լինելը, այլև դրա հետևողական ու շարունակական իրագործման կենսական անհրաժեշտությունը:

Երրորդը: Կյանքը ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում «Հայաստանն ու Արցախը ժողովրդավարական են, իսկ ադրբեջանական պետական կազմավորումը դինաստիական բռնապետություն» թեզը, այսպես ասենք՝ չի աշխատում: Կարծեք թե ոչ մի գերտերություն, առաջին հերթին այսպես կոչված «քաղաքակիրթ Արևմուտքը» առանձնապես իրար չեկավ ու լրջորեն չանհանգստացավ այն բանից, որ բռնապետական Ադրբեջանն ու Թուրքիան, իսլամիստ-ծայրահեղական ահաբեկիչների ներգրավելով, հարձակվել են ժողովրդավարական, դեպի եվրոպական արժեքները կողմնորոշված քրիստոնյա Հայաստանի և Արցախի վրա: Բացառությամբ Ֆրանսիայի, նկատենք:

Իսկ մյուսների մեծամասնությունը մի քանի հերթապահ «մտահոգություններ» և նույնքան հերթապահ ու լղոզված կոչեր հնչեցրին «կողմերին ուղղված» ու՝ վերջ: Կոչեր կամ հայտարարություններ, որոնք կարծես ավելի շատ թշնամուն ուղղված խրախուսանք լինեին՝ իրենց պատերազմական հանցագործություններին թափ հաղորդելու համար:

Չորրորդը: Ակնհայտ երևաց այն զգուշացումների հիմնավորվածությունը, որ Հայաստանի ու Արցախի համար աններելի շռայլություն են ներքաղաքական արկածախնդրություններն ու բախումնային կամ ճգնաժամային տևական վիճակները, որ չի կարելի հասարակությանը պառակտել, հասարական միջավայրը «լցոնել» ներքին ատելությամբ և ծայրահեղությամբ: Երևի պարզ է թե ինչու չէր կարելի:

Պատերազմից հետո, կարծում ենք, անխուսափելի է լինելու նաև այսպես կոչված «քաղհասարակության սեկտորի», առավելապես օտարերկրյա, այդ թվում՝ կասկածելի անձանց ու շրջանակների կողմից ֆինանսավորվող, սնկի պես բազմացած մարդ-կազմակերպությունների ու նրանց գործունեության նկատմամբ վերաբերմունքի վերանայումն ու վերաիմաստավորումը: Առաջին հերթին, Հայաստանում, հասկանալի է նաև Արցախում չպետք է տեղ ունենան այսպես կոչված «խաղաղասիրական», «թուրքերին ներելու», Հայոց բանակի դեմ ուղղված, ի լրումն զանազան շեղումներ քարոզող կազմակերպություններ: Մեր հասարակական կյանքում չպիտի տեղ ունենան «ադրբեջանական մշակույթ» քարոզող սուբյեկտները:

Մենք գիտեինք, իսկ այս օրերին էլ բոլորը, կարծում եմ, տեսան ու մի անգամ էլ համոզվեցին, որ «ադրբեջանական մշակույթը», վերադիր՝ «թուրքական մշակույթն» էլ՝ մարդատյացությունն է, հակամարդությունն է, անկախ իրենց անվանական դավանանքից՝ անաստվածությունն է: Այսպես կոչված՝ ադրբեջանական, վերադիր՝ թուրքական մշակույթը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա արձակված հրթիռներն են, երեխաների, կանանց, ծերերի սպանություններն են, խաղաղ բնակավայրերի սիստեմատիկ ավերման բարբարոսական «մարտավարությունն» է:

Հինգերերոդ: Դեռ 10-15-20 տարի առաջ, դեռ այն ժամանակ, երբ գրեթե ոչ ոք դրա մասին չէր խոսում, մի քանի համախոհներ էին միայն բացատրում հայրենակիցներին, թե ինչու չի կարելի գնել թուրքական ապրանքներ, ինչու չի կարելի Թուրքիայի հետ ունենալ անուղղակի առևտրատնտեսական հարաբերություններ, ինչու չի կարելի գնալ թուրքական լուղափերում արևահարվելու: Զարմանալի է, բայց հայ մարդկանց ստիպված էինք ապարդյուն բացատրել, թե ինչու չի կարելի հարստացնել թշնամուն, որի նպատակը հայությանը բնաջնջելն է ու Հայաստանը վերացնելը: Ձեռ էին առնում ոմանք, մյուսները դա համարում էին գրեթե, կներեք, ազգայնականություն: Մինչդեռ պարզ տրամաբանության և ինքնապահպանման գիտակցման հարց էր:

Գոնե հիմա, կարծում եմ, արդեն բոլորը հասկացան, թե դա ինչու չէր կարելի նախկինում և ինչու չի կարելի այսուհետ:

Շատ ասելիք կա, բայց երևի դրա ժամանակն էլ դեռ կգա: Կարևորն այն է, որ ինչքան էլ փխրուն է հրադադարը, այս պատերազմից մեր արած ու անելիք հետևություններն ու դրանց հիման վրա կատարելիք քայլերը լինեն ամրակայուն և արդյունավետ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը