Մեկնաբանություն

08.10.2020 15:30


Ի՞նչ ունենք պատերազմի մեկնարկից 11 օր անց ռազմաճակատում և ռազմաճակատից անդին

Ի՞նչ ունենք պատերազմի մեկնարկից 11 օր անց ռազմաճակատում և ռազմաճակատից անդին

Ռազմաճակատում` ինչպես ռազմաճակատում. մեր տղաները շարունակում են կենաց-մահվան պատերազմը «մարդկային» ռեսուրսներով (մարդկային բառն այստեղ, ինչ խոսք, տեղին չէ` այս դեպքում ավելի ճիշտ կլինի խոսել անասնագլխաքանակի մասին) և օգտագործվող ռազմական սպառազինության «մասշտաբայնությամբ» մեզ բազմակի գերազանցող ոսոխի` թուրք-ադրբեջանական «մարդակեր» տանդեմի ու սրանց «քիլերական» ծառայություններ մատուցող վարձու ահաբեկիչների բրիգադների դեմ։

Հայկական կողմը` ի դեմս Հայաստանի և Արցախի ղեկավարների, պարբերաբար խոսում է այդ մասին` շեշտելով, որ մեր զինվորականներն ու խաղաղ բնակչությունն այսօր հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որ սա քաղաքակրթական խնդիր է, մենք ազգովի՝ մի բռունցք դարձած, կռիվ ենք տալիս հանուն քաղաքակրթական բարձր արժեքների, որոնց վրա ինքը` քաղաքակիրթ աշխարհը, ոնց հասկանում ենք, թքած ունի` մեծ հաշվով։

Մեծ ու փոքր, հեռու և մոտ տերությունները, ՄԱԿ-ը, Եվրոպական կառույցները հայտարարությունների մակարդակով աջակցում են կրակի դադարեցմանը, բայց գործնականում մատը մատին չեն խփում դրա համար։ Եթե չասենք, որ կամա-ակամա ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին` «կողմերին» ուղղված անհասցե հայտարարություններով, դե յուրե և դե ֆակտո հավասարության նշան դնելով նախահարձակ կողմի և ինքնապաշտպանական ծանր մարտերում ապրելու իր իրավունքն ատամներով պաշտպանող Արցախի և արցախահայության միջև։

ՄԻԵԴ-ը, մասնավորապես, արդեն երկրորդ «միջանկյալ միջոցն» է կիրառել` ընթացք տալով նախ, Ադրբեջանի, ապա` նաև Թուրքիայի դեմ Հայաստանի ներկայացրած բողոքին. կոչ է անում «բոլոր ուղղակի կամ անուղղակի կողմերին, այդ թվում` Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանված իրավունքները խախտելուց», բայց ապարդյուն։ Թուրք-ադրբեջանական հանցավոր «ալյանսն» արհամարհած ունի բոլոր «խաղաղարար» հայտարարությունները, կոչերը և հորդորները։ Ու քանի դեռ չեն տարանջատել թացը չորից, չեն «ճշգրտել»` ով է նախահարձակ եղել, և ով պիտի «անհապաղ դադարեցնի կրակը», շարունակելու են իրենց «շլանգի» տեղ դնել։

Ավելին` ստեղծվել է Ադրբեջանի համար «կոմֆորտ» մի իրավիճակ, երբ Թուրքիան, պատերազմական գործողությունների անմիջական մասնակից դառնալով, «ամեն ձև» սատարելով կրտսեր եղբորը, որի միջոցով փորձում է կրակից շագանակներ հանել` վերացնել իր պանթուրքական նկրտումներին սպառնացող վերջին խոչընդոտները՝ ի դեմս Հայաստանի և Արցախի, յուրատեսակ կենդանի վահան է դարձել Ադրբեջանի համար. թանձր պաշտպանական շերտ է ստեղծել իր կցորդի դերում հայտնված այդ երկրի շուրջ` ապահովագրելով ենթադրյալ կամ հավանական միջազգային ճնշումներից։ Եթե նկատել եք, տարբեր կողմերից հնչող պաշտոնական հայտարարությունները, որտեղ սաստող շեշտադրումներ կան`քաղացիական բնակչությանը թիրախավորելու, միջազգային ահաբեկչությունը հակամարտության գոտի տեղափոխելու և տարածաշրջանն ամեն րոպե պայթելու պատրաստ վառոդի կաթսայի վերածելու ռիսկերի վերաբերյալ, ուղղված են բացառապես Թուրքիային. Ադրբեջանի մասին խոսք չկա, կարծես հարևան սուլթանապետությունն այդ ամենի հետ ընդհանրապես կապ չունի։

Եվրախորհրդարանում, որտեղ եվրոպացի պատգամավորները քննարկում էին արյունահեղությունը դադարեցնելու հարցը, տեղ-տեղ Ադրբեջանի անունն էլ էին տալիս, բայց հնչում էին նաև սադրիչ ելույթներ, որոնց հեղինակները կա՛մ անտեղյակ են, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իրականությունը։ Օրինակ` լեհ պատգամավորներից մեկը (ոմն Կոզմա Զլատովսկի), ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է. «Կա հող` կոչվող Արցախ, և 17-րդ դարից հայերն ապրել են այնտեղ, և նրանք կապրեն այնտեղ` անկախ պատերազմներից, քանի դեռ մենք նրանց չենք վռնդել, եթե վռնդեք` կվռնդվեն»։

Ինչի՞ց է որոշել, թե Արցախի հայերը միայն 17-րդ դարում են հայտնվել իրենց բնօրրանում` չի ասել, փոխարենը սլաքն ուղղել է Ռուսաստանի վրա, թե բա` «Հեռացե՛ք այն ամենից, ինչ Ձեզ առաջարկել է Ռուսաստանը, և այդ ժամանակ Դուք կարող եք նստել սեղանի շուրջ և այդ ժամանակ Դուք կարող եք պայմանավորվել, քանի որ Ձեր հարևանը Հյուսիսից նայում է Ձեզ և շատ ուրախ է այս ամենի համար»։

Արդյոք, սա հենց այն չէ՞, ինչ փորձում էին անել Փաշինյանն ու իր էմիսարները` փակ դռների հետևում գաղտնի բանակցություններ վարելով, ջանալով պայմանավորվել Ադրբեջանի հետ` շրջանցելով ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը։ Հիմա էլ ասպարեզ են նետել Թուրքիայի «վիլայեթներից մեկը» դարձած Ադրբեջանին «ֆուկ» անելու և իր «տիրոջ»` Թուրքիայի հետ լեզու գտնելու «գաղափարը»։ Կարելի է կարծել`Ադրբեջանի հետ բանակցությունները «դորդուբեշ» են արել, ու ծովը ծնկներից է`էնքան կան, որ կարող են Թուրքիայի հետ ոտք մեկնել (Ադրբեջանի հետ «ուղիղ բանակցությունների արդյունքում» պատերազմ ստացանք Արցախում, Թուրքիայի հետ բանակցությունների «արդյունքում» ինչ կարող ենք ստանալ` երևի պետք չէ բացատրել)։

Ժողովրդավար Եվրոպայի գլխավոր քաղաքական ամբիոնից անթաքույց ադրբեջանա-թրքամետ ելույթներ էլ են հնչել, բայց խնդիրը միայն դա չէ։ Խնդիրն այն է, որ այդ «շահագրգիռ» քննարկումներից ավելին սպասել չենք կարող, քան հերթական անատամ հայտարարությունը կամ անհասցե բանաձևը, որտեղ գուցե ձևի համար նշված լինի Թուրքիայի «պատասխանատու դերը հակամարտության գոտում իրավիճակի սրացման» հարցում, և «կողմերին» ուղղված կոչ` «անհապաղ դադարեցնել կրակը»։ Ոչինչ` ավելի։ Իսկ թե ինչ կլինի, եթե հայկական կողմը հանկարծ անսա այդ հորդորներին`վերցնի ու միակողմանի «դադարեցնի կրակը»` զենքերը վայր դնի, գլո՛ւխը քարը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը