Մեկնաբանություն

06.10.2020 09:15


Նրանք այդպես էլ ոչինչ չսովորեցին, ոչինչ չհասկացան

Նրանք այդպես էլ ոչինչ չսովորեցին, ոչինչ չհասկացան

Պատերազմը շարունակվում է` հայրենիքը վտանգված է, և ընդդիմադիր ուժերը հասկանալի պատճառով չեն տրվում «գլխավոր հրամանատարին» քննադատելու գայթակղությանը. հիմա դրա ժամանակը չէ, ասում են` պատերազմը վերջանա, հետո կխոսենք։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ «հետո» կարող է ուշ լինել։

Բոլորը հասկանում են, որ թուրք-ադրբեջանական հանցավոր տանդեմին զսպելու ռեալ լծակներ և մոտիվացիա ունեցող եթե ոչ միակ, ապա`թիվ 1 տերությունը Ռուսաստանն է, դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ։

Իսկ ի՞նչ ազդակներ է ստանում նույն Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական «խողովակներով»։ Ամենաբարձր մակարդակով` ի դեմս վարչապետի, ասվում է` այո, ա՛յս պատերազմը «բացառիկ» է և «աննախադեպ» (անվտանգային սպառնալիքների առումով իրավիճակն իրոք «աննախադեպ» է` խոսք չկա)` թե՛ Արցախի խաղաղ բնակավայրերի և ռազմական «հենակետերի» հրետակոծության ծավալների, թե՛ օգտագործվող զանգվածային ոչնչացման զենքերի քանակի և որակի, թե՛ վարձկանների` Սիրիայից հավաքագրված վարձու իսլամիստ-ահաբեկիչների ներգրավվածության առումով, բայց մենք առանց ձե՛զ էլ գլուխ կհանենք. մեր անվտանգության միակ երաշխավորը մեր բանակն է, հպարտ քաղաքացին, որ պատրաստ է կռվել մինչև արյան վերջին կաթիլը, զոհվել, եթե պետք է, ու էլի նման բաներ։

Ռուս լրագրողների հետ ասուլիսին Փաշինյանը կրկնեց իր լավ մոռացված թեզը «Ռուսաստանի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա դնելու» մասին։ Այն, ինչի մասին հայտարարել էր երկուսուկես տարի առաջ։ Թե դրանից հետո ինչ ձևախեղումներ եղան այդ հարաբերություններում, ուր և ինչի հասցրեց Ռուսաստանի հետ իբր` որպես «հպարտ, ինքնիշխան պետություն»` հավասարը հավասարի պես» հարաբերվելու մասին իր հավակնոտ հայտարարություններով, պետական համակարգը լցնելով ժամանակին Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույցեր անող, Ռուսաստանի դրոշն այրող կատաղի ռուսատյաց «կադրերով», թերևս, կարիք չկա հիշեցնել։ Փաստն այն է, որ պատերազմից հինգ պակաս այդ հարաբերությունները ղեկավարների մակարդակով զրոյից ներքեւ` պլինտուսից ցածր մակարդակի վրա էին, և այսօր էլ չեն «փայլում»։

Վկա` ընդգծված չեզոք կեցվածքը, որ Պուտինը որդեգրել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի նկատմամբ։ Բավական է ասել, որ ՌԴ նախագահը պատերազմի վերսկվելուց ի վեր ոչ մի անգամ չի զանգահարել ո՛չ Փաշինյանին, ո՛չ Ալիևին. չորս անգամ խոսել է Փաշինյանի հետ վերջինիս նախաձեռնությամբ, և, եթե հավատալու լինենք պաշտոնական հաղորդագրություններին, բացի կրակն «անհապաղ» դադարեցնելու անհրաժեշտության մասին ընդհանուր ֆրազներից ու մտահոգություններից, ոչինչ չի ասել։

Ավելին` Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ժամեր առաջ վերահաստատեց, որ Մոսկվան այս պահին Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ Արցախի հարցով բանակցություններ սկսելու խնդիր չի տեսնի, բայց անհրաժեշտության դեպքում կարող է քննարկել «գործընկերների» հետ այդ հարցը։ Ե՞րբ կլինի դրա անհրաժեշտությունը` չի ասել։

Մինչդեռ ժամանակը չի սպասում. Արցախն այսօր կարծես պաշարված ամրոց լինի` մեր քաջորդիների տոկունության, ոգու արիության, անօրինակ սխրանքների, զինծառայողների և խաղաղ բնակչության գրանցված հարյուրավոր անմեղ զոհերի արյան գնով դեռ դիմադրում է, բայց ինչքա՞ն կդիմանա` դժվար է ասել։ Ինչքան էլ հպարտանանք մեր Բանակի քաջագործություններով, իրողությունն այն է, որ առանձին հատվածական դրվագներ չհաշված՝ ռազմական գործողությունները չեն տեղափոխվել հակառակորդի դաշտ` միակ բանը, որ կարող է կանգնեցնել թշնամուն։ Այդ գործողությունների տրամաբանությունը շատ «հստակ» է` թիրախավորել խաղաղ բնակիչներին, բառի բուն իմաստով ավերել Արցախը։ Այնպես, որ անգամ ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո բնակչությունը չկարողանա վերադառնալ իր բնակության վայրերը։ Սա այլ բան չէ, քան էթնիկ զտումների կամ, որ նույնն է` ցեղասպանության «քաղաքականություն»։

Պուտինի հետ հեռախոսազրույցներից հետո էլ Փաշինյանը զարգացնում էր այն թեզը, թե Հայաստանը չունի Ռուսաստանի օգնության կարիքը, չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը` նման խնդիր «Հայաստանի օրակարգում չկա», անգամ Գյումրիի ռազմաբազայի հնարավորությունները գործարկելու խնդիր չի տեսնում։ Լավ է, չի ասում` ռուս սահմանապահների կարիքն էլ չենք զգում, կարող են ճամպրուկները հավաքել ու չքվել մեր երկրից` ինքնե՛րս կպահենք հայ-թուրքական սահմանը, և վե՛րջ։

Օրերս էլ, երբ ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե Փաշինյանը հավանություն է տվել ռուս խաղապահներին հակամարտության գոտում տեղակայելու գաղափարին, շտապեց հերքել, թե բա` նման հարցերը պետք է քննարկվեն ԵԱՀԿ հովանու տակ տեղի ունեցող «ընդհանուր քննարկումների» համատեքստում։ Այսինքն` Արցախում և շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսք չկա ու չի եղել։ Սա` այն դեպքում, երբ անգամ Արևմուտքը` Եվրոպան և Միացյալ Նահանգներն ընդունում են, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության և կենսական շահերի ոլորտն է, և առանց Ռուսաստանի ակտիվ ներգրավվածության անհնար է հասնել կրակի դադարեցման։

Դեռ վերջերս Թուրքիա՛ն էլ չէր վիճարկում Ռուսաստանի գերակա դերը տարածաշրջանում, բայց, ինչպես տեսնում ենք, «ապրիլյան հեղափոխությունից» հետո բա՛ն է փոխվել` Թուրքիայի ախորժակը բացվել է և նոր, «աննախադեպ» բնագծեր նվաճել։

Եվ Ռուսաստանը, չնայած պաշտոնապես չի ասում, բայց ոչ պաշտոնական խողովակներով չի դադարում նորից ու նորից կրկնել «ուշ հասկացողների» համար. Փաշինյանի իշխանությունը խնդիր է ռուսների համար, որը, եթե չլուծվի, ռուսական կողմի ակտիվ միջամտություն Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած գործողություններին չի լինի։

Այո, ռուսների համակրանքը հիմնականում հայերի կողմն է, նրանք մտահոգված են, որ Արցախում մարդիկ են զոհվում. բավական է հետևել պատերազմի վերաբերյալ ռեպորտաժներին, հեռուստառեպորտաժներին, քաղաքական հաղորդումներին, որոնց հյուրերը, կարելի է ասել, ոչ պակաս անհանգստացած են Թուրքիայի տարածաշրջանն իրենով անելու անթաքույց նկրտումներով, և Արցախը աշխարհի երեսից ջնջելուն ուղղված նախահարձակ գործողությունները լրջագույն մարտահրավեր են համարում Ռուսաստանի համար։

Բայց այնպես է ստացվում, որ այդքանով հանդերձ, կամա-ակամա պատժում են մեզ, և դա ինչ-որ տեղ կարելի է հասկանալ. եթե ժողովուրդը, տեսնելով Փաշինյանի ուղնուծուծով հակառուս լինելը, հանդուրժում է նրան, գնահատական չի տալիս նրա, մեղմ ասած, արկածախնդիր քաղաքականությանը, նշանակում է`փաստացի աջակցում է այդ քաղաքականությանը։ Նշանակում է` հուսալի գործընկեր չէ Ռուսաստանի համար։ Եվ ուրեմն, ինչո՞ւ պիտի Ռուսաստանը ներքաշվի մի հակամարտության մեջ, որ կարող է հրդեհի պես տարածվել ողջ տարածաշրջանում, ահագնանալ և դառնալ գլոբալ, համաշխարհային դիմակայության աղբյուր։

Դե, իսկ մեսիջները, որ Ռուսաստանն ստանում է ոչ պաշտոնական, այսպես ասած` իշխանամերձ խողովակներից, հիստերիկ հակառուս գրանտակեր շրջանակներից, ոչ միայն հաստատում է, այլև՝ խորացնում համոզմունքը, որ Փաշինյանի իշխանության մեջ մնալն ինքն իրենով արդեն խնդիր է մեր ազգային անվտանգության համար։

Տեսեք` ոնց են իրենց կոտորելով թշնամական տրամադրություններ բորբոքում ռուսների նկատմամբ` շահարկելով Ռուսաստանի «չմիջամտելու» փաստը. թե բա`ո՞ւր է դաշնակից Ռուսաստանը, ինչ բանի է, ուր մնացին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչի՞ ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, «գլխապատառ» չեն նետվում այս անկանխատեսելի շրջապտույտի մեջ ու չեն «համաշխարհայնացնում» հակամարտությունը` չմտածելով հետևանքների մասին (եթե Թուրքիայի ուզածը հենց դա չէ` սադրել Ռուսաստանին, ներքաշել նոր պատերազմի մեջ, մի նոր ճակատ էլ Հարավային Կովկասում բացել ռուսական կողմի համար, ապա ի՞նչ է)։

Կարծես չեն լսել Փաշինյանի հայտարարությունը, թե չենք դիմել ՀԱՊԿ-ին, չգիտեն, որ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը չեն կարող «իրենց գլխու» միջամտել հակամարտությանը` «թռնելով» Փաշինյանի գլխից։ Պայմանագրերն էլ, որոնց մասին ճամարտակում են, ուրախության ճիչեր արձակելով «Ռուսաստանին Արցախից կապուտ անելու» առթիվ, Արցախի մասին չեն, այլ Հայաստանի, որի մեջ Արցախը դե յուրե, որքան էլ ցավալի է, չի մտնում։ Իսկ Հայաստանի նկատմամբ լայնածավալ հարձակում, որի դեպքում իմաստ կունենար դիմել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի օգնությանը, որպես այդպիսին, չկա (Ադրբեջանը հարձակմանն ընդառաջ իզուր չէր գոռում, որ Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումներ չունի` իր կռիվը Արցախը «հետ բերելու» համար է)։

Եվ, իհարկե, «խաբար» չեն, թե ումից ենք ստացել այն զենքը, որով մեր տղաներն այսօր պաշտպանվում են ու պաշտպանում հայրենիքի սահմանները, այն էլ` գործարանային գներով, երբեմն` անվճար, նվիրատվության կարգով։ Ու քանի օր կդիմանայինք թուրք-ադրբեջանական համատեղ էքսպանսիային, եթե նույն զենքը ուրիշներից գնեինք` միջազգային շուկայական գներով...

Հավանաբար, կարծում են` հենց որ Ռուսաստանը ոտը քաշեց տարածաշրջանից, «ֆրանսիական նավերը» կբարձրանան Արցախի լեռները` հանգցնելու հրդեհը և ազատելու մեզ էս մեծ փորձանքից...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը