Աշխարհ

29.09.2020 11:08


«Ադրբեջանին չի հաջողվել բլիցկրիգ իրականացնել. ՌԴ-ն արյունահեղությունը դադարեցնելու հնարավորություն ունի». Մարկեդոնով

«Ադրբեջանին չի հաջողվել բլիցկրիգ իրականացնել. ՌԴ-ն արյունահեղությունը դադարեցնելու հնարավորություն ունի». Մարկեդոնով

ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար մասնագետ, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողությունների ֆոնին Անկարայի ակտիվությունը, նշել է, որ Թուրքիան փորձում է հստակ ցույց տալ իր ներկայությունը Կովկասում, գրում է eadaily.com կայքը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համերաշխությունը կայուն ռազմավարական դաշինք է, սակայն նման լուրջ հանրային աջակցություն Անկարան Ադրբեջանին երբեք չի ցուցաբերել:

Մարկեդոնովը կարծում է, որ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին չի հաջողվել բլիցկրիգ (կայծակնային պատերազմ) իրականացնել, այսինքն՝ «առաջին օրվա ընթացքում առաջնագիծը լրջորեն չի փոխվել»,-նշել է նա:

Խոսելով արտաքին ուժերի շահերի մասին՝ փորձագետը տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք չէ, քանի որ «դրանով կրակի տակ են հայտնվում իր հարավային սահմանները»:

«Սակայն իրականում ԱՄՆ-ին դա նույնպես պետք չէ, քանի որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը մարտական գործողություններից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, ուստի՝ մի հրթիռային հարված, և, ըստ էության, իրավիճակը փոխվում է: Ինչպես նաև և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան շահագրգռված չեն Թուրքիայի հավակնությունների աճով: Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում դա վնասում է Արևմուտքի շահերին, Ռուսաստանի Դաշնությունն էլ, որ Անդրկովկասում լրացուցիչ մրցակից է համարվում, այնպես չէ, որ շահագրգրռված է դրանով: Կարծում եմ՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները հնարավորինս դրական կպահպանենք, սակայն հավելյալ մրցակիցը, իհարկե, այնքան էլ մեծ երջանկություն չէ»,-նշել է Սերգեյ Մարկեդոնովը:

«Խնդիրն այն է, թե որքանով այդ միջնորդները (Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան- խմբ.) իրենց ներուժը կներդնեն, որպեսզի գոնե ներկայում ռազմական գործողությունները դադարեցվեն: Կարծում եմ, որ դրանք կարող են կասեցվել, եթե ադրբեջանցիները չկարողանան լուծել կայծակնային պատերազմի իրենց առջև դրած խնդիրը: Ընդհանուր առմամբ՝ ես այդպես կգնահատեի իրավիճակը»,-մանրամասնել է փորձագետը:

Մարկեդոնովը կարծում է, որ Ռուսաստանը արյունահեղությունը դադարեցնելու հնարավորություն ունի:

«Անհրաժեշտ է հասկանալ, որ նման իրավիճակում Անկարան Մոսկվայի թշնամին չէ: Իրավիճակը, փառք Աստծո, 2015-2016 թվականների նման չէ, երբ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները «սառցեման» փուլում էին: Այժմ նման բան չկա, այդ պատճառով էլ, գուցե ազդելու հնարավորություններ էլ կան»,-նշել է նա:

«Ի դեպ՝ այստեղ կընդգծեի այն փաստը, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը Հայաստանի համար ավելի շուտ բացասական տարբերակ է, քան դրական: Մեր հայ գործընկերներից հաճախ եմ լսում, որ Մոսկվան պետք է Թուրքիայի հետ հարաբերություններում ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի կամ առճակատման դիմի, բայց այսօրվա դրությամբ Մոսկվան գոնե որոշակի լծակներ ունի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Խիստ առճակատման սցենարի դեպքում այդ լծակները կվերանան, ինչը լավագույն տարբերակը չէ մեզ համար»,-հարցազրույցում ասել է Մարկեդոնովը և կոչ արել վերադարձնել բանակցային գործընթացի ինտենսիվությունը:

Նա նկատել է, որ բանակցային գործընթացի ինտենսիվությունը կորել է, ինչի հետևանքով էլ մեծացել է Անկարայի դերը: Անհրաժեշտ է վերադարձնել այդ ինտենսիվությունը, այդ ժամանակ էլ Անկարայի միակողմանի ազդեցությունը կնվազի: Հակառակ դեպքում այն ավելանալու է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը