Աշխարհ

28.09.2020 18:07


«Մարդկային կյանքերն անգին են. պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը»․ Բելառուսի ԱԳՆ-ն արյունահեղությունը դադարեցնելու կոչ է արել

«Մարդկային կյանքերն անգին են. պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը»․ Բելառուսի ԱԳՆ-ն արյունահեղությունը դադարեցնելու կոչ է արել

Բելառուսն իր մտահոգությունն է հայտնել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրման և ծանր զինատեսակների ու ավիացիայի կիրառմամբ ակտիվ մարտական գործողությունների առնչությամբ»: Այս մասին այսօր հայտարարել են Բելառուսի ԱԳՆ-ից, գրում է ria.ru-ն։

«Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել մարտական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Վերահաստատում ենք այս և նրանց համար ընդունելի այլ ձևաչափերում կողմերի երկխոսությունն առաջ մղելու ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «այսօր գլխավորը արյունահեղության շուտափույթ դադարեցումն է և նոր մարդկային կորուստներից խուսափումը»։

«Մարդկային կյանքերն անգին են, ուստի չափազանց կարևոր է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և հանգստության պահպանման համար»,-ընդգծել են Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը