Մեկնաբանություն

07.09.2020 16:00


Մարդասպան իշխանություն

Մարդասպան իշխանություն

Թեև «թավշյա» իշխանավորներն իրենք իրենց ժողովրդական ու մարդակենտրոն են համարում, բայց իրականությունը լրիվ այլ է։

Նիկոլ Փաշինյանի գործունեության հետագիծը լի է արյամբ, դիակներով, հիվանդներով, վիրավորներով․․․

2008–ին նա նախագահական ընտրություններում պաշտպանում էր Լևոն Տեր–Պետրոսյանին, ում նախագահության փուլում Հայաստանում ներդրվեց ընտրակեղծիքների համակարգը, տեղի ունեցան բազմաթիվ քաղաքական սպանություններ։

2008–ին Տեր–Պետրոսյանին չհաջողվեց իշխանությունը զավթել, բայց փոխարենը Փաշինյանին հաջողվեց փողոցային անկարգություններ կազմակերպել։ Արդյունքը՝ 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, ավերածություններ և փախուստ դեպքի վայրից։

2008–ից 10 տարի անց լևոնենք Նիկոլի դեմքով եկան իշխանության։ Ու կրկին քաղաքական մահեր, զոհեր և հիվանդներ։

Նիկոլի վարչապետ դառնալուց շատ չանցած բանտում սովամահ եղավ կալանավոր Մհեր Եղիազարյանը, ով «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատուն էր։ Նրան մեղադրանք էին առաջադրել, ինչի դեմ Եղիազարյանը բողոքում էր ու այդ բողոքն արտահայտում հացադուլով։ Նիկոլական արդարադատության անտարբեր հայացքի ներքո հացադուլավորն իր ակցիայի 44–րդ օրը մահացավ, բայց հեղափոխական էյֆորիայի տակ այս մահը չնկատելու տվեցին։ Եղիազարյանը Նիկոլի իշխանության առաջին զոհն էր։ Հացադուլավորի մահը Նիկոլի վրա է, ինչպես որ նրա վրա են նախկին ուժային ղեկավարների՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ու ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մահերը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ նրանք ինքնասպան են եղել։ Եթե նույնիսկ դա այդպես է, ապա ակնհայտ է, որ նիկոլական ապօրինի ճնշումների ու քաղաքական հետապնդումների արդյունքում են այս մարդիկ ինքնասպանության քայլին դիմել։

Նիկոլական զոհեր են նաև կորոնավարակից մահացածները։

Վարակի տարածումից ու մահերից մենք չէինք կարող խուսափել, քանզի ամբողջ աշխարհում է այդպես, բայց խնդիրը քանակի ու մասշտաբների մեջ է։ Մինչև այսօր ունենք 1175 մահ և 44․845 վարակված։ Նման թվեր չէին լինի, եթե Նիկոլը, հանուն ՍԴ–ն գրավելու, քամահրանքով չվերաբերվեր համաճարակին, ուժերը չկենտրոնացներ քարոզի վրա ու ոչ պրոֆեսիոնալ կառավարում չիրականացներ։

Կորոնավարակի թվերով մենք աշխարհի հակառեկորդակիրներից ենք, ինչը ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ պատճառներ ունի։ Այդ սուբյեկտիվ պատճառի անունն է «հանցավոր անգործություն և դիլետանտ կառավարում»։

Հարևան Վրաստանի թվերը հուշում են, որ կարելի էր մարդկանց կյանքերը փրկել, ինչպես նաև տնտեսությանն օգնել, եթե լիներ համապատասխան որակ ունեցող կառավարություն ու վարչապետ։ Մի խոսքով, կորոնայի մահերն էլ մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի վրա են։

Օրերս Արմավիրի մարզում խմիչքի թունավորումից արձանագրված 17 մահի համար նույնպես իշխանության մեղավորությունը կա, քանզի բարդակային կառավարումը հանգեցրել է ամենաթողության ու մահերի։

Եթե այս ամենին ավելացնենք նաև պոպուլիստական ու այլ նկատառումներից ելնելով հետհեղափոխական շրջանում փողոցներում թույլատրված խայտառակ պատկերն ու ավտովթարներից առաջացած մահերը, ապա կարող ենք «թավշյա» իշխանության վրա փակցել մարդասպանի պիտակը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը