Աշխարհ

31.08.2020 09:21


ԱՄՆ-ում անկարգությունները դադարեցնելու միակ միջոցն ուժի կիրառումն է. Թրամփ

ԱՄՆ-ում անկարգությունները դադարեցնելու միակ միջոցն ուժի կիրառումն է. Թրամփ

Միացյալ Նահանգների քաղաքներում դեմոկրատների կողմից առաջնորդվող բռնությունը կարելի է դադարեցնել միայն ուժի օգնությամբ։ Twitter-ում նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դեմոկրատների հովանավորությամբ իրականացվող բռնությունը դադարեցնելու միակ միջոցն ուժի կիրառումն է»,-գրել է ամերիկացի առաջնորդը՝ հավելելով. «Պորտլենդի բնակիչները ցանկանում են օրենք և կարգուկանոն: Արմատական ձախ դեմոկրատների քաղաքապետերը, ինչպիսիք են՝ Պորտլենդի հիմար կառավարիչը` նույն այն տղան, որը հենց հիմա իր նկուղում է, չի ցանկանում ղեկավարել կամ նույնիսկ դեմ լինել հանցագործությանը»։

Ավելի վաղ Թրամփն ամերիկյան Պորտլենդ քաղաքում անկարգությունների ֆոնին քաղաքապետ Թեդ Ուիլերին կոչ էր արել դիմել Ազգային գվարդիայի օգնությանը՝ դատապարտելով ցուցարարների գործողությունները:

Պորտլենդի քաղաքապետ Թեդ Ուիլերը կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ ցուցարարներին կոչ էր արել պահպանել խաղաղ ցույցերը և չմոռանալ դրանց նպատակի մասին՝ քրեական արդարադատության բարեփոխում և համակարգային ռասիզմի դեմ պայքար։

Մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետը նաև պատասխանել էր Թրամփի հայտարարությունը՝ կոչ անելով «չխառնվել քաղաքի ներքին գործերին»։

«Դուք եք ստեղծել այս ատելությունն ու բաժանումը»,-ասել է Ուիլերը՝ դիմելով Թրամփին:

«Ես երախտապարտ կլինեի, եթե նախագահը կա՛մ աջակցեր մեզ, կա՛մ հեռու մնար մեր գործերից»,-հավելել էր նա։

Նշենք, որ Պորտլենդում և մի շարք այլ ամերիկյան քաղաքներում արդեն 3 ամիս շարունակ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք սկսվել են Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Երբեմն բողոքի ակցիաները վերաճում են անկարգությունների:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը