Աշխարհ

04.08.2020 22:08


Առնվազն 10 մարդ է զոհվել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (տեսանյութ, լրացված)

Առնվազն 10 մարդ է զոհվել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (տեսանյութ, լրացված)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, հղում անելով անվտանգության և առողջապահության ոլորտի լիբանանյան աբյուրներին:

Գործակալությունը հայտնում է, որ Բեյրութի նավահանգստի շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո առնվազն 10 դի է տեղափոխվել հիվանդանոցներ:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:

Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:

***

Լիբանանի նախագահ Միշել Աունը Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Al Manar հեռուստաընկերությանը:

Նիստի ընթացքում քննարկվելու են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի մերձակայքում տեղի ունեցած պայթյունն ու դրա հետևանքները:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարել` ի հիշատակ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի:

***

Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ: Այս մասին հայտնում է Times of Israel լրատվամիջոցը:

Իսրայելի Կնեսետի հեռուստաալիքն էլ, հղում անելով պետական աղբյուրի վրա, հայտնել է, որ Իսրայելը կապ չունի Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետ: Ավելի վաղ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Իսրայելի բանակը չի մեկնաբանել Բեյրութի նավահանգստին հրթիռային հարված հասցնելու մասին լուրերը:

***

Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Այսօր երեկոյան լուրեր ստացվեցին, որ հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ:

Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս վնասներ են եղել: Դեպքից անմիջապես հետո հեռախոսով կապնվեցի Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ: Դեսպանը նշեց, որ արդեն իսկ կապ է հաստատել տարբեր կազմակերպությունների հետ` պարզելու, թե որքան է նախնական վնասը, և արդյոք կան զոհեր: Այս պահին միայն խոսք է գնում մեկ վիրավորի մասին, ով վնասվել է պայթյունի հետևանքով կոտրված ապակուց։

Պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները։ Մահվան դեպքերի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Նոր տեղեկությունների առկայության պարագայում մենք կկատարենք հավելյալ թարմացումներ:

Աստված մեր հայրենակիցներին և Բեյրութի բնակիչներին պահապան»:

***

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ այս պահին նախնական տեղեկություն կա Լիբանանում պայթյունի հետևանքով ազգությամբ մեկ հայի զոհվելու մասին։ Այս մասին Նաղդալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց»,-գրել է Նաղդալյանը։

Մամուլի խոսնակը հավելել է, որ պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

Արևելք լրատվական կայքը հաղորդում է, որ զոհվածը լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանն է։

Այս խորագրի վերջին նյութերը