Քաղաքական

16.07.2020 13:37


Ադրբեջանական «փառապանծ» Յաշմայի մոտ 100 հատուկջոկատայինի գրոհ է կասեցվել

Ադրբեջանական «փառապանծ» Յաշմայի մոտ 100 հատուկջոկատայինի գրոհ է կասեցվել

Ադրբեջանական «փառապանծ» Յաշմայի մոտ 100 հատուկջոկատայինի գրոհ է կասեցվել: Տեղեկությունը այսօր լրագրողների հետճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ այսօր գիշերը մոտ 24–ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել է հարձակողական գործողությունները, որոնց մասին Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր։ Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ ԶՈւ Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո տեղի է ունեցել ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների, ընդ որում «փառապանծ Յաշմա» զորախմբի (այս անունը պայմանականորեն տրվում է բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումներին), հարձակում։

«100 զինծառայող՝ մեծ զինատեսակների, մասնավորապես հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքի ուղղությամբ, բայց մեր դիրքի տղաների գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ»,-տեղեկացրեց նա՝ հավելելով, որ այդ ընթացքում կորցրել են նաև տեխնիկա, զինտեխնիկա։ Դրանից հետո ադրբեջանական զինուժը փորձել է հերթական անգամ տապալված գրոհի վրեժը լուծել խաղաղ բնակչությունից՝ թիրախավորել հայկական գյուղերը, հրետակոծելով Մովսես և Այգեպար գյուղերը։

Արծրուն Հովհաննիսյանը նաև հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ների առավոտյան տարածած այն հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ-ն կիրառել է ԱԹՍ, որն իրենք խոցել են։

Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ արդեն քանի օր է ՏԻՄ-երի մոտ հավաքվում են մեր քաղաքացիները, նախկին ազատամարտիկներ, նաև բժիշկներ, որոնք պատրաստակամություն են հայտնում մեկնելու մարտական դիրքեր։ Նրա խոսքով՝ նման անհրաժեշտությունը չկա, ՀՀ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրը լիովին կատարում է։ Այնուամենայնիվ, կամավորական խմբերի վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն այսօր պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը