Աշխարհ

15.07.2020 13:33


«Պինդ կացեք, եղբայրներ». Եվրախորհրդարանի նախկին և ներկա պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան

«Պինդ կացեք, եղբայրներ». Եվրախորհրդարանի նախկին և ներկա պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան

Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսը և գործող պատգամավոր Մարտին Սոննեբորնն իրենց թվիթերյան օգտահաշիվներում անդրադարձել են վերջին մի քանի օրերին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դատապարտել են Ադրբեջանի գործողությունները:

«Հուլիսի 12-ից ադրբեջանական ուժերը կրակում են Տավուշում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Պինդ կացեք, եղբայրներ»,-գրել է կիպրոսցի նախկին պատգամավորը:

Գերմանացի պատգամավոր Մարտին Սոննեբորնը թվիթերյան էջում կիսվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գրառմամբ և ինքն էլ գրել. «Ադրբեջանը նորից կրակում է: Իսկ ՔԴՄ/ՔՍՄ-ի քաղաքական գործիչները կաշառք են վերցնում այդ մեռած ռեժիմից: Ինչ ամոթ է»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը