Աշխարհ

10.07.2020 09:49


Չինաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիներ չկան. ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան

Չինաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիներ չկան. ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում կորոնավիրուսով վարակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը:

«Համաճարակի սկսվելուց ի վեր դեսպանությունը դիմել է Չինաստանում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիներին՝ խնդրելով տրամադրել իրենց տվյալները՝ դեսպանության հետ մշտական կապի ապահովման նպատակով։ Թերևս առանձնակի ուշադրության կենտրոնում են պահվել համաճարակից առավել տուժած Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիները։ Այնուամենայնիվ, առ այսօր դեսպանությունը որևէ ահազանգ չի ստացել քաղաքացիների շրջանում վարակվածության դեպքերի վերաբերյալ։ Դեսպանությունը նաև մշտական կապի մեջ է Չինաստանի միգրացիոն ծառայության հետ, որն առանձին հսկողություն է իրականացնում երկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների վրա։ Նշյալ մարմնից ևս որևէ տեղեկատվություն չի ստացվել քաղաքացիների շրջանում վարակվածության դեպքերի վերաբերյալ։ Այսպիսով, կարող ենք նշել, որ Չինաստանի տարածքում որևէ ՀՀ քաղաքացի կորոնավիրուսով չի վարակվել»,-նշել է դեսպանը:

Անդրադառնալով Չինաստանից Հայաստան ժամանել ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հարցին և հնարավոր չարթերային թռիչքի կազմակերպմանը, դեսպանը նշել է, որ նրանց թիվն այս պահի դրությամբ 10 հոգի է, և, հաշվի առնելով Չինաստանի աշխարհագրությունը, մեր քաղաքացիների սփռվածությունն ու հայրենիք վերադառնալ ցանկացողների քանակը, ինչպես նաև նշյալ հանգամանքներում ինքնաթիռի ցածր բեռնվածության տոկոսի պարագայում տոմսերի հնարավոր արժեքը, այդ գործընթացը փոքր-ինչ անտրամաբանական կլինի։

«Չվերթները հիմնականում կոմերցիոն բնույթ են կրում։ Այստեղ, թերևս, հարկ է նշել, որ Չինաստանում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիները ներկայացված են Չինաստանի գրեթե բոլոր նահանգներում, և, հաշվի առնելով երկրի մեծությունը, կարելի է պատկերացնել նրանց սփռվածությունը, հետևապես նաև նրանց մեկ տեղում հավաքելու տեխնիկական բարդությունը։ Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան, ապա պետք է նշել, որ համաճարակի ակտիվ շրջանում դեսպանությունը հարցում էր անցկացրել նրանց շրջանում, սակայն միայն 26 քաղաքացի էր ցանկություն հայտնել վերադառնալ հայրենիք։ Համավարակի պասիվ փուլում արդեն, առ այսօր դեսպանություն են դիմել ոչ ավելի, քան 10 հոգի»,-ասել է Մանասարյանը:

Հունիսի 11-ին Պեկինում հայտարարվեց կոնորավիրուսի նոր բռնկան մասին։ Վիրուսը հայտնաբերվել էր Պեկինի ամենամեծ պարենային մեծածախ շուկայում։ Իշխանություններն անմիջապես արձագանքեցին և ընդհանուր առմամբ փակվեցին և կարանտինային ռեժիմի անցան 11 շրջան և 47 թաղամաս։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմել էր 250 հոգի։ Հաջորդ իսկ օրը մայրաքաղաքում բարձրացվեց անվտանգության մակարդակը, իսկ հետագա 10 օրերի ընթաքում թեստավորվեց շուրջ 9 միլլիոն մարդ։

Այս պահին վարակը լոկալիզացվել է, իրավիճակը գտնվում է 100 տոկոսանոց վերահսկողության ներքո։ Չինացի համաճարակաբանները նշում են, որ Պեկնում նոր բռնկման պատճառ էր դարձել Եվրոպայից ներմուծված վիրուսը, ինչը հաստատվեց նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Չինաստանի այլ նահանգների և խոշոր քաղաքաների մասով վիճակը կայուն և վերահսկելի է։

Այս խորագրի վերջին նյութերը