Քաղաքական

07.07.2020 19:06


Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների միջնորդությունը (տեսանյութ)

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների միջնորդությունը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն առարկություն ներկայացրեց դատախազության միջնորդությանը, որով վերջիններս խնդրում են դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրանց՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն, առարկելով միջնորդությանը, նշեց, որ դա ամբաստանյալին պաշտպանության իրավունքից զրկելու միջնորդություն է։ Ըստ նրա՝ այդպիսով դատարանը և դատախազները թույլ չեն տալու ամբաստանյալներին իրացնել պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը։

«Չնայած միջնորդությունը վերնագրված է եղել այլ կերպ, բայց հենց դրա մասին է»,-ասաց Հ. Խուդոյանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տվյալ գործի վերաբերյալ մեկնաբանություններ են հնչում քաղաքական բարձր ամբիոններից։ Մասնավորապես, նա հիշեցրեց վերջերս ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ելույթը, ով հարցրել էր դատախազին, թե ինչո՞ւ է փաստաբանների գործողությունների պատճառով ձգձգվում Քոչարյանի գործով դատավարությունը: Ավելին, պատգամավորը ցուցումներ է հնչեցրել, թե ինչ անի դատախազությունը։

Փաստաբան Հայկ Ալումյանը, մեջբերելով դատախազների միջնորդությունն, ընդգծեց, որ օրենսդրությունը չի նախատեսում միջնորդություն ներկայացնելու իրավունքի սահմանափակում, այլ միայն որոշակի հանգամանքներում կոնկրետ միջնորդության սահմանափակում:

«Միջնորդությունը համարում եմ բացարձակ անհիմն և օրենքին հակասող»,-հայտարարեց փաստաբանը:

Նշենք, որ գործով անցնող Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի փաստաբաններ Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը կրկին միջնորդեցին սույն գործով վարույթը կասեցնել և դիմել ՍԴ։ Կարեն Մեժլումյանը հիշեցրեց, որ այս միջնորդությունը ներկայացրել է օգոստոսի 22-ին, սակայն այն մնացել է առանց քննության, քանի որ խափանման միջոցի փոփոխման միջնորդություններ են ներկայացվել, որոնք քննվել են հրատապության կարգով։

***

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց չբավարարել դատախազների միջնորդությունը, որով նրանք խդրել են սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Դատախազները գտել են, թե պաշտպանների ներկայացրած միջնորդությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։

Դատավորը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում դատավարության կողմերի միջնորդություն ներկայացնելու որևէ սահմանափակում չկա, ինչպես նաև չկա համապատասխան կարգավորում։

Միջնորդության քննարկման ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչ՝ Ասլանյանը միացավ պաշտպաններին՝ խնդրելով մերժել դատախազների միջնորդությունը և այլևս չվերցնել քննարկման նման միջնորդություն։ Ավելին, հաջորդ նիստին նա պատրաստվում է բացարկ ներկայացնել մեղադրող կողմին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 13։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը