Մեկնաբանություն

06.07.2020 13:00


Եվ կրկին հարևանի «հարսի» մասին

Եվ կրկին հարևանի «հարսի» մասին

ՀՀ քաղաքացիները շարունակում են «վայելել» կորոնավիրուսային համաճարակի արդյունքները։ Արդյունքներ, որոնք Նիկոլ Փաշինյանի անձնական մեղքով են գրանցվել ու դեռ գրանցվելու են։

Այդ նա էր, որ համաճարակի բռնկման սկզբնական շրջանում քամահրանքով վերաբերվեց դրան։ Այդ նա էր, որ մեր քաղաքացիների կյանքի ու առողջության մասին մտածելու փոխարեն նախաձեռնեց սահմանադրական հանրաքվե, զանգվածային միջոցառումներ կազմակերպեց և արտակարգ դրության հայտարարումն ուշացրեց 2 շաբաթով։

Այդ Նիկոլն էր, որ արտակարգ դրության պայմաններում գրեթե ոչինչ չարեց՝ հակահամաճարակային պայքարը վերածելով ընդամենը «դիմակ»ահանդեսի և խայտառակ ցուցանիշների համար պատասխանատվությունը գցելով ժողովրդի, լրատվամիջոցների ու իր քաղաքական ընդդիմախոսների վրա։ Հետո էլ դեմագոգիկ արդարացում գտավ, թե բա աշխարհում վարակված 10 միլիոնի համա՞ր էլ եմ ես պատասխանատու։

Նիկոլն, իհա՛րկե, ստում է և նա, անշո՛ւշտ, դատվելու է կորոնավիրուսային պատկերի համար։

Այսօր արդեն ունենք 650 մահ (թեև Թորոսյան Արսենը խորամանկորեն տարանջատել է մահերին և աշխարհին հրամցնում է 491 թիվը)։ Այդ մահերից յուրաքանչյուրի մասով անխուսափելի իշխանափոխությունից հետո քրեական գործեր են հարուցվելու և կոնկրետ քրեական մեղադրանքներ են ներկայացվելու։ Նիկոլը չի պլստալու։ Չի պլստալու նաև նրա նախարար Արսեն Թորոսյանը։ Չեն պլստալու մյուս քայլարածները, որոնք առնչվել են այս թեմային։

Իսկ այն, որ մեղավորը ոչ թե մեր ժողովուրդն է, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ցույց են տալիս համաշխարհային թվերն ու մասնավորապես հարևան Վրաստանի ցուցանիշները (ի դեպ, Ադրբեջանում էլ բոլոր առումներով կորոնապատկերը Հայաստանից լավն է, իսկ բազմաթիվ ցուցանիշներով մենք վատ իմաստով բոլոր մեր հարևաններից առաջ ենք անցել)։

Խոսենք թվերի լեզվով։

Հուլիսի 6–ի դրությամբ Հայաստանում վարակված է 28.936 մարդ։ Վրաստանում այդ թիվը 953 է, այսինքն՝ ավելի քան 30 անգամ շատ վարակակիր ունենք մենք։ Եվ դա այն դեպքում, երբ բնակչության քանակով, սահմանների բացությամբ և զբոսաշրջիկների քանակով մենք զիջում ենք Վրաստանին։

Այսօր մենք ունենք + 330 վարակված։ Վրաստանում վարակվածների թիվն ավելացել է ... 2–ով։

Աշխարհի մասշտաբով մենք 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվաքանակով զբաղեցնում ենք արդեն 9–րդ տեղը՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով կորոնավիրուսային այնպիսի մայրաքաղաքների, ինչպիսիք են՝ ԱՄՆ–ը, Բրազիլիան, Ռուսաստանը, Իտալիան, Իսպանիան, Չինաստանը և այլն։ Վրաստանն այս ցուցանիշով աշխարհում 149–րդ պետությունն է։ Մեր բոլոր հարևաններն այս առումով անհամեմատ լավ վիճակում են, քան Հայաստանը։

Մահերի վիճակագրությունը նույնպես սարսափելի է։ Կորոնավիրուսից, ըստ ՀՀ առողջապահության նախարարության մեթոդաբանության, մահացել է 491 մարդ (իրականում՝ 650)։ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 15 հոգի՝ մոտ 33 անգամ քիչ, քան մեզ մոտ։

Վրաստանում կորոնավիրուսից մինչև այս պահը մահացել է 4 մարդ՝ 1 միլիոն բնակչի հաշվարկով։ Հայաստանում 1 միլիոնից 166–ը մահանում է կորոնավիրուսից։ Ասել է թե՝ այս ցուցանիշով մենք զիջում ենք Վրաստանին 41,5 անգամ։

1 միլիոնի հաշվարկով մահացածների թվով մենք աշխարհում գտնվում ենք 25–րդ տեղում։ Իսկ Վրաստանը՝ 145–րդ։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանն իր բնակչության քանակով աշխարհի 135–րդ պետությունն է։

Աշխարհում 1 միլիոնի հաշվարկով մահացության միջին ցուցանիշը 68,9 է, իսկ Հայաստանում ամեն մեկ միլիոնից կորոնավիրուսային պատճառով մահանում է 166 հոգի, այսինքն՝ աշխարհի միջինից մենք մահացության ավելի քան 2,4 անգամ բարձր թիվ ունենք։

Սրանք շատ խոսուն փաստեր են և ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի կառավարության հանցավոր ապաշնորհությունն ու հեղափոխական անգրագիտությունը։

Ի դեպ, Վրաստանի հայաբնակ Ախալքալակում, Նինոծմինդայում ու Ծալկայում գրեթե զրոյական ցուցանիշ է կորոնավիրուսի առումով։ Սա էլ մենթալիտետային «արատներին» հղում անող «ատմազկաներին» ու մուտիլովկաներին ի պատասխան։

Միայն մեկ կայուն վիճակագրական տվյալ կա, որով մեզ Վրաստանը զիջում է։ Դա մեր երկու երկրների վարչապետերի ֆեյսբուքյան գրառումների ու լայվերի քանակն է։ Նիկոլը Գախարիային այս հարցում «աբգոն» է արել։ Վրաստանի վարչապետ Գախարիան զրո լայվ ունի իր ՖԲ էջում, իսկ Նիկոլը՝ որքան ուզեք։ Ասել է թե՝ Նիկոլը զավզակությամբ է զբաղված, իսկ մեղավորներ փնտրում է դրսում և մտածում բացառապես դիմակների բիզնեսի զարգացման մասին։ Ահա թե որտեղ է պետք փնտրել Հայաստանի խայտառակ ցուցանիշների պատճառները։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը