Հարցազրույց

02.07.2020 10:28


ՀՀ նախագահը չունի քաղաքական գործընթացի վրա ազդելու հնարավորություն, բայց եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, ինքը պարտավոր է դիմել ՍԴ. Արամ Օրբելյան (տեսանյութ)

ՀՀ նախագահը չունի քաղաքական գործընթացի վրա ազդելու հնարավորություն, բայց եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, ինքը պարտավոր է դիմել ՍԴ. Արամ Օրբելյան (տեսանյութ)

Սահմանադրության փոփոխություններից հետո ԱԺ-ն ձեռնամուխ եղավ ՍԴ մասին և հարակից օրենքների փոփոխություններին: Դրանք ամբողջական պետք է ուժի մեջ մտնեն, որ Սահմանադրության փոփոխված տեքստը, անկախ նրանից ՝ օրինակա՞ն, թե՞ ապօրինի է ընդունված, սկսի կիրառվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Օրբելյանն ասաց, թե կտրականապես համաձայն չէ այն հայտարարությունների հետ, որ եթե նախագահը չի պլանավորում ստորագրել օրինագիծը, այն իրավունք ունի ստորագրել և հրապարակել ԱԺ խոսնակը:

Փաստաբանն ընդգծեց՝ նախագահն ունի մեկ շատ կարևոր ֆունկցիա՝ Սահմանադրության պահպանումը: «Եթե նախագահն այդ պարտավորությունը կատարում է պատշաճ, այնպես, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, ինքն ունի մի քանի դեպքերում ՍԴ դիմելու հնարավորություն: Ինքը չունի քաղաքական գործընթացի վրա ազդելու հնարավորություն, բայց եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, ինքը պարտավոր է դիմել ՍԴ: Ինքը կարող է դիմել ՍԴ, կամ ստորագրել համապատասխան նախագիծը:

Կա նաև երրորդ տարբերակը՝ ՍԴ չի դիմում, բայց նաև չի ստորագրում նախագիծը՝ դրանով հայտնելով իր անհամաձայնությունը քաղաքական գործընթացին»,-ասաց Օրբելյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրության 219-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ եթե օրենքն ընդունվել է, ուղարկվել նախագահին, 21-օրյա ժամկետում կա՛մ պարտավոր է ստորագրել, կա՛մ պարտավոր է դիմել ՍԴ:

«Երկրորդ մասն ասում է՝ եթե ՍԴ-ն նախագիծը ճանաչում է սահմանադրական, նախագահը պարտավոր է ստորագրել, երրորդ մասն ասում է՝ եթե նախագահը չի կատարում սույն հոդվածով նախատեսված իր պարտականությունները, ԱԺ նախագահն իրավունք ունի 5-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը»,-շարունակեց փաստաբանը:

Վերջինս ընդգծեց, թե պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի՝ եթե նախագահը պարտավոր է 21-օրյա ժամկետում ստորագրել կամ դիմել ՍԴ, և որպեսզի կարողանան պնդել, որ նա իր պարտականությունը չի կատարել, պետք է լինի 22-րդ օրը, քանզի եթե ստորագրի անգամ 21-րդ օրը, կկատարի իր պարտականությունը:

«Եթե 21 օր չսպասենք, չենք կարող իմանալ՝ նախագահը կատարե՞ց իր պարտականությունը, թե՞ չկատարեց: Այսինքն՝ շատ կարևոր է, որ ԱԺ խոսնակի ստորագրելու իրավունքը նախատեսված է որպես պատասխան նախագահի կողմից իր պարտականությունը չկատարելուն»,-նշեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը