Հարցազրույց

01.04.2011 13:55


Վահագ Ռաշ

Վահագ Ռաշ

Հարցազրույց ռոք երգիչ Վահագ Ռաշի հետ

–Տեսակետ կա, թե հայկական ռոքը, բացի հատուկենտ բացառություններից, այդպես էլ չկայացավ։ Համամի՞տ եք։

–Գուցե ճիշտ են ասում, բայց ոչ թե չկայացավ, այլ ուղղակի ժամանակի խնդիրն է պատճառը։ Ինձ թվում է, որ կկայանա։ Ռոք լավ խմբեր վաղուց կան, բայց միևնույն է, ռոքը Հայաստանում նոր–նոր է սկսում զարգանալ։ Հիմա ավելի մեծ տարածում է ստանում։ Հայաստանում ռոքը կարծես դեռ նոր 80–ականներից սկսի զարգանալ։ Ժամանակակից ռոք նվագողներ էլ կան, բայց դեռ թույլ են։

–Հետևաբար, ե՞րբ կկայան հայկական ռոքը։

–Երևի երբ որ սկսեն հեռուստատեսությունով, ռադիոյով քարոզել ռոքը, որովհետև հիմա մի քիչ այլ երաժշտությունն են քարոզում։ Ժողովրդին ինչ տաս, այն է լսում։

–Ժամանակին՝ իր ծաղկման շրջանում, հենց ռոք երաժշտությունը մեծապես նպաստեց նոր արժեհամակարգի ձևավորմանը և հատկապես արևմուտքի արժեհամակարգի ձևավորման վրա լուրջ ազդեցություն ունեցավ։ Նման մի բան Հայաստանում հնարավո՞ր է։

–Չեմ կարծում։ Հայաստանում ռոք նվագողները հիմնականում մի քիչ ուրիշ տեսակի մարդիկ են, չեմ նկատել, որ քաղաքականության հետ կապ ունենան։ Հիմնականում հանդես են գալիս ակումբներում, քիչ են երևում հեռուստատեսությամբ, ռադիոյով։ Իհարկե, հնարավոր է, որ մի քանի հոգի շեղվեն դեպի քաղաքականություն, բայց չեմ կարծում։

–Բայց դա դուք դրակա՞ն եք համարում, թե՞ բացասական։

–Հիմնականում՝ դրական, քանի որ արվեստը չպետք է խառնվի քաղաքականության հետ։

–Դուք որոշակի ինչի՞ մասին եք երգում։

–Շատ երգեր ունեմ։ Հիմնականում հայ բանաստեղծությունների բառերով են երգերը։ Այժմյան բառ գրողներին մի քիչ չեմ վստահում։ Հիմնականում Շիրազի, Չարենցի, Կապուտիկյանի, Մեծարենցի բանաստեղծությունների վրա են գրված երգերը։ Երաժշտության որոշ մասը ես եմ գրում, որոշ մասը՝ տարբեր մարդիկ։ Ունեմ նաև «Ադանա» երգի ռոքային տարբերակը՝ դուետով՝ կապված Ցեղասպանության հետ։

–Այսինքն, կարելի է ասել, որ մեծ առումով սիրո մասին եք երգում, որովհետև մեր բանաստեղծներն էլ են հիմնականում սիրո մասին գրել։

–Հիմնականում, այո՛, երգերը սիրո մասին են, երևի՝ բացի «Ադանայից»։

–Այդ դեպքում այսպիսի մի հարց տամ՝ առանց վիրավորելու միտումի։ Հետևաբար ինչո՞վ եք  տարբերվում, օրինակ, Արմենչիկից ու նրա նմաններից, որովհետև հենց իրենք են զօր ու գիշեր սիրո մասին երգում։ Ինչո՞ւ եմ այս հարցերը տալիս՝ որովհետև ռոքը՝ որպես այդպիսին, ոչ թե սիրո, այլ շատ ավելի փիլիսոփայական, մարդկային խնդիրների մասին է։

–Ձեր մատնանշած մարդիկ հիմնականում երգում են տղայի և աղջկա սիրո մասին։ Իսկ ես ունեմ երգ՝ «Լուսամփոփի պես աղջիկ», որը կոնկրետ աղջկա գովերգն է, սիրո հետ այդքան կապ չունի։ Կամ Սիլվա Կապուտիկյանի երգերից մեկը. «Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում, միայն չտվեց երջանիկ մի սեր»։ Սա կոնկրետ կապ չունի սիրո հետ։ Ընդհանրապես մարդկային սերը պարտադիր չէ, որ տղա–աղջիկ հարաբերությունների մասին լինի։ Ինձ մոտ ինքն ավելի շատ լիրիկական է, բայց ռոքային, այսպես ասած՝ բալլադային ստեղծագործությունններ են։ Իսկ սիրո մասին երգերը հաստատ վատ բան, ամոթ բան չեն։ Իհարկե, ռոքը հիմնականում բողոքի արտահայտման ձև է, բայց Հայաստանում դա դեռ չի կայացել։ Միայն երևի Մեսչյանն է, բայց նրա երգերը ռոք համարել չի կարելի։

–Իսկ չե՞ք ուզում հենց դուք այդ նոր մշակույթը մտցնել Հայաստան, որ մեզ մոտ էլ ռոքը դառնա բողոք արտահայտելու ձև։

–Մի քանի անգամ փորձել եմ, բայց կոնկրետ հենց բառերի խնդիրն է, որ առկա է։ Որովհետև այժմյան հայ բառ գրողները շատ ստանդարտ են գրում։ Նույնիսկ երբ թեմա ես տալիս, իրենք նորից ծավալվում են ինչ–որ անիմաստության մեջ։ Օրինակ՝ գիշեր էր, ամպեր էր, հուր էր։ Կոնկրետ իմաստ չի արտահայտում։ Ընդհամենը հանգային բառարանով են գրում։ Ես Մուշեղ Իշխանի բանաստեղծությունների վրա եմ փորձել երգեր գրել, մոտակա ժամանակներում երևի կձայնագրեմ, բայց ավելի անընդունելի կլինի ժողովրդի կողմից. ինձ թվում է, որ այն քիչ մասայի կողմից կընդունվի, որովհետև հայերի մեծ մասը սիրում են սիրային թեմաներով երգերը։ Օրինակ «Ադանա» երգը շատ քիչ մարդիկ են ասում, որ լսում են։ Ասում են, որ սիրուն երգ է, բայց քչերը կդնեն–լսեն, որովհետև ինքը կոնկրետ բողոք է։

–Բայց դուք ինքներդ եք ասում, թե ինչ մատուցես, այն էլ կլսեն։ Գուցե նախ մատուցենք, հետո տեսնենք՝ կլսե՞ն, թե՞ ոչ։

–Դրա համար պետք է քչից սկսել։ Միանգամից որ բերես, ինձ թվում է, չի ընդունվի։ Միանգամից այդպիսի երգեր երգել… նույնիսկ կարող է չթողնեն։ Օրինակ, կոնկրետ «Ադանայի» դեպքում, հեռուստաընկերությունների անունները չնշեմ, բայց ասում էին, որ լացելու երգ է, բայց քանի որ ռոքային է սարքած, ապրիլի 24–ին ասացին, որ այդ երգը չի կարող եթեր դուրս գալ։ Ասում էին, որ այդ երգի տակ պետք է լացես, ոչ թե հայրենասիրական շունչ դնես, ու ռոքային «դռայվ» լինի։ Եվ կոնկրետ այդ հեռուստաընկերությունները եթեր չտվեցին։

–Հայաստանի հասարակական, մշակութային, քաղաքական կյանքում ի՞նչն է ձեզ ցավ պատճառում, ի՞նչն է անհանգստացնում, և ի՞նչ կուզենայիք, որ փոխվեր։

Շատ փոփոխություններ կարելի է անել, թե՛ արվեստի, թե՛ այլ բնագավառներում։ Բայց դա էլ երևի ժամանակի խնդիր է։ Կցանկանայի, որ այնպիսի պայմաններ ստեղծվեին Հայաստանում, որ հայերը դրսից գային, Հայաստանում ապրեին, այլ ոչ թե Հայաստանից գնային։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հիմա Հայաստանից շատերն են գնում։ Երևի 90–ականներին ավելի քիչ էին գնում, քան հիմա։ Իսկ պատճառն այն է, որ ժողովրդին զարգացման հեռանկար չեն թողնում՝ թե՛ բիզնեսի առումով, թե այլ։ Մենաշնորհները շատ են։

–Իսկ եթե տեսնեք՝ մի նոր, հզոր շարժում է ձևավորվում, որը կարող է դրական փոփոխություններ բերել Հայաստանում, նոր հունի մեջ դնել մեր երկիրը, ձեր մասնակցությունը կունենա՞ք այդտեղ։

–Բնականաբար, եթե ինչ–որ բան կփոխվի, ես միշտ էլ կողմ եմ, որ լավ լինի։ Եթե զգամ, որ դրական կլինի, քան հիմա է, այո՛:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը