Տնտեսական

24.06.2020 10:07


Շինարարությունն ու կորոնավիրուսը․ ճգնաժամային գործընթացներ

Շինարարությունն ու կորոնավիրուսը․ ճգնաժամային գործընթացներ

Շինարարության ոլորտն ու անշարժ գույքը դառնում են մեր ժամանակների տնտեսական ճգնաժամերի բնութագիր-պատճառ (և, բնականաբար, ամենաշատ տուժող ոլորտներ):

2008թ․ ֆինանսական ճգնաժամի առաջնային պատճառ նշվում էր շինարարության վարկավորման ծավալները: Ընդորում, խոսվում էր և՛ կառուցապատողի, և՛ պարզ գնորդի վարկավորման մեծ ծավալների մասին: Անցած տարվա վերջին շինարարության ոլորտում նորից արձանագրվող ճգնաժամային գործընթացների մասին քննարկումներն ընդհատվեցին համավարակի պատճառով: Ու հիմա, երբ շատ երկրներում տնտեսությունը դուրս է գալիս հարկադիր դադարի պայմաններից, շինարարության ոլորտի ճգնաժամի մասին զրույցները թարմանում են:

Վերլուծությունների կենտրոնում, բնականաբար, եվրոպական երկրների տնտեսությունն է: Նշվում է, որ ճգնաժամի պատճառով եվրոպական շինարարները իրենց կառուցած (և կառուցվող) անշարժ գույքն իրացնելու համար դրա մի մասը շուկա են հանել ինքնարժեքից ցածր գներով: Ամենաբարձր «զեղչերը» խոստանում են Իտալիայում՝ 40 տոկոս: Կիպրոսում այն կազմում է մոտ 25 տոկոս: Ֆրանսիայի, Իսպանիայի և Հունաստանի պարագային նշվում է 15 տոկոս: Ինքնարժեքից ցածր գների պատճառն այն է, որ կառուցապատողները չեն կարող շարունակել իրենց գործունեությունն ու պարտավորությունները՝ առանց անհրաժեշտ ֆինանսական հոսքերի: Հետաքրքիր է, որ Եվրոպայում «զեղչով» իրացվող անշարժ գույքի 80 տոկոսը բնակելի շինություններ են, 15 տոկոսը՝ հյուրանոցային ու գրասենյակային շինությունները, իսկ 5 տոկոսը՝ խանութ-առևտրի տարածքները։ Եվրոպական երկրներում խոսում են շինարարությունը սուբսիդավորելու անհրաժեշտության մասին: Պատճառը 2008թ․ սկսված տնտեսական ճգնաժամի հետևանքների «հիշողությունն» է:

Այն, որ մեր երկրում էլ անշարժ գույքի շուկային չի հաջողվի շրջանցել ճգնաժամը, շատերն էին կանխատեսում: Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետը, եթե չեմ սխալվում, իշխանավորներից առաջինը հրապարակավ խոսեց այդ մասին: Խոսեց ու խորհուրդ տվեց հնարավորինս արագ վաճառել անշարժ գույքը, քանի դեռ «պատշաճ» գնով գնորդ կա: Սա անշարժ գույքի շուկայի կրճատման առաջին հրապարակային փաստն էր: Այն հնարավոր է, որ հենված էր ոլորտի վիճակագրության վրա: 2020-ի առաջին եռամսյակում ասվում էր, որ նախորդ տարվա համեմատ այն կրճատվել է 9.4 տոկոս: Ընդորում, պետբյուջեի հաշվին կատարված շինարարության անկումը 43.5 տոկոս էր: Միջազգային վարկերի հաշվին կատարվող շինարարությունը կրճատվել էր 44.1 տոկոսով: Իսկ մարդասիրական օգնությունների հաշվին կատարվող շինարարությունը կարելի է ասել՝ դադարել էր (կրճատումը 78.1 տոկոս էր):

Համավարակային ու արտակարգ ապրիլը ավելի պիտի խստացներ վիճակը: Երկրորդենք՝ դա նկատելի էր շատերի համար: Ապրիլի անկումը 2019թ․ ապրիլի համեմատ 51 տոկոս էր: Իսկ հունվար-ապրիլ ժամանակաշրջանի համար անկման «չափաբաժին» պաշտոնապես արձանագրվեց 21.9 տոկոս ցուցանիշը: Պետբյուջեի հաշվին կատարված շինարարության կրճատման ծավալը մի փոքր մեղմվել էր՝ անկումը 41.4 տոկոս էր: Փոխարենը միջազգային վարկերի հաշվին իրացվող շինարարության ծավալն արդեն 50 տոկոս էր: Իսկ մարդասիրական օգնությունների հաշվին շինարարություն իրացվել էր նախորդ տարվա 17.8 տոկոսի չափ:

Ակնհայտ է, որ շինարարության ոլորտը կանգնելու է ֆինանսական ծանր խնդիրների առջև (ինչպես ամբողջ աշխարհում): Կառուցապատողները բավարար վարկային միջոցներ չեն ունենալու աշխատանքները շարունակելու համար: Գնորդները նույնպես խնդիրներ են ունենալու վարկային պարտավորությունների կատարման համար: Ճիշտ այնպես, ինչպես Եվրոպական երկրներում: Բայց այնտեղ քննարկում են անգամ սուբսիդավորման ծրագրեր: Իսկ մեր իշխանությունները համավարակի օրերին ձևավորված ճգնաժամային իրավիճակում ավանդական (ու պատկերավոր) բառապաշարով ասած՝ գերադասում են «տեսարաններ ապահովել»: Տնտեսական լուծումներ գտնելը հավանաբար ավելի բարդ բան է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը