Հարցազրույց

28.03.2011 17:28


Արմեն Մկրտչյան

Արմեն Մկրտչյան

Հարցազրույց «Հայազն երիտասարդների միաբանության» կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանի հետ

«Հայազն երիտասարդների միաբանության» նախաձեռնությամբ մի շարք ՀԿ–ներ այսօր բաց նամակ էին տարածել՝ ուղղված ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին և հայկական բոլոր հեռուստաալիքների տնօրինություններին, որտեղ պահանջվում էր «արգելել Հայ երաժշտական իրականության մեջ անբարոյականության ու անառակության բարձրակետը հանդիսացող «երգչուհիներ» Ջուսի, Զառայի, «Ռեինկարնացիա» խմբի տեսահոլովակների, նրանց ելույթների ցուցադրությունը հայկական հեռուստատեսությամբ»։ Կոնկրետ ձեզ ի՞նչն է վրդովեցրել, որ որոշեցիք այսպիսի բաց նամակով հանդես գալ։

–«Yutube»–ում հանկարծակի նկատեցի «Ռեինկարնացիա» խմբի տեսահոլովակը, և քանի որ դրանից առաջ էլ նմանատիպ հայտարարություններով հանդես էին եկել, որոշեցինք, որ այս անգամ էլ մի քանի երգիչների, ովքեր աչքի են ընկնում իրենց հակահայ տեսահոլովակներով, երգերով, փորձեցինք ամփոփել մեկ հայտարարության մեջ ու պահանջել համապատասխան մարմիններից՝ եթերազրկել այդ երգիչներին կամ արգելել նրանց տեսահոլովակները ցուցադրել։

–«Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը, ի պատասխան ձեր այդ բաց նամակի, ասել էր. «Պարա՞պ եք մնացել, գնացեք մի բարի գործով զբաղվեք, այ բաբելոնցիներ, ո՞վ է ձեզ իրավունք տվել ազգիս անունից խոսել, դուք ո՞ւր, իմ ազգը ո՞ւրԵթե ուզում եք PR-ով զբաղվեք, ձեր ինքնակենսագրություններն ինձ ուղարկեք, որ ժամանակ ունենամ աչքի անցկացնեմ ու տեսնեմ, թե դուք ու ձեր նմանները ինչ են արել ազգի համար»: Հայտարարությունը շարունակվում է նույն ոճով։

–Մենք մեզանից պարզապես հայ երիտասարդների ենք ներկայացնում, ովքեր քիչ թե շատ իրենց ազգի նոր սերնդի ճակատագրով մտահոգված են։

–Ամեն դեպքում, մենք 21–րդ դարում ենք ապրում, ու կարծես արվեստը գնալով ավելի է ազատականացվում։ Ընդհանրապես, դուք ինչպե՞ս եք պատկերացնում 21–րդ դարի արվեստը։

–Օրինակ հայկական շոու բիզնեսում եթե չլինեն այդպիսի տեսահոլովակներ, որտեղ հայուհին իր բնական կարիքները հոգում է պատի վրա, հետո քայլելով գնում է, կներեք արտահայտությանս համար՝ համապատասխան տեղը քորելով, մենք հաստատ չէինք բարկանա, հայտարարություն էլ չէինք անի։ Կամ Զառա անունով երգչուհին դարեր ի վեր հայկական ավանդույթի՝ կարմիր խնձորի մասին ծաղրական երգ է ներկայացնում, տեսահոլովակ է հանում։ Եթե այդպիսի երգեր չլինեն, մենք նորմալ կվերաբերվենք։ Ամեն մարդ էլ իրավունք ունի լսել ինչ երաժշտություն որ ցանկանում է, ինչ ոճի մեջ որ ցանկանում է, այստեղ խնդիր չկա։ Ուղղակի թող ազգային արժեքները չվիրավորեն, ազգային արժանապատվությունը չոտնահարեն, մենք էլ մեր բողոքի ձայնը չենք բարձարցնի։

–Իսկ ընդհանուր առմամբ մեր շոու բիզնեսի մասին ի՞նչ կարծիք ունեք։ Համամիտ չե՞ք, որ մեծ հաշվով միայն ցածրաճաշակ երաշժտություն է ներկայացվում մեզ։

Եթե մեր շոու բիզնեսը համեմատենք 90–ականների հետ, ապա բավականին աճ կա՝ ազգային առումով։ Բայց եթե համեմատենք, թե մեր պատկերացրած պետությունում ինչպիսին պետք է լինի շոու բիզնեսը, ապա վստահաբար՝ շատ բացասական է։ Այսինքն՝ մակարդակ գրեթե գոյություն չունի։

–Դա ո՞ւմ մեղավորությունն է։

–Առաջին հերթին այդ «երգիչների», նրանց երգիչ անվանողների, այդ «երգիչներին» լսողների։ Ընդհանրապես, հայ հասարակության մեղքն է, որ հանդուրժում է այդ «երգիչների» մուտքը հայկական եթեր։

–Իսկ չե՞ք կարծում, որ համապատասխան պետական քաղաքականության բացակայությունն է պատճառը, կամ ընդհակառակը՝ այդպիսի ցածրաճաշակ մշակույթ քարոզող պետական քաղաքականությունը։

–Պետական քաղաքականությունը, իհարկե, թերացումներ ունի այս հարցում, ու՝ բավականին մեծ։ Մենք էլ՝ հասարակական կազմակերպությունները, պետությանը, կառավարությանը խորհուրդ տվողի դերում պետք է լինենք մշտապես։ Եթե մենք մերժում ենք արատավոր երևույթը ու դրա բացասական աճը, նշանակում է, որ այդ հարցում պետք է պետության ղեկավարման մասնակիցը լինենք՝ որպես խորհրդատու։ Այս հարցում պետության հայացքները չենք կիսում, այսինքն շատ է ազատություն տրված։

–Ի՞նչ եք կարծում՝ ձեր հայտարարությունն ի՞նչ ընթացք կստանա։ Ձեր այս խորհրդի հետ հաշվի կնստե՞ն։

–Օրինակ, մեկ ամիս առաջ Վահրամ Պետրոսյան անունով (կարծեմ՝ երգահան էր իրեն անվանում) մեկի վերաբերյալ հայտարարություն տարածեցինք, բաց նամակով հանդես եկանք, ու համապատասխան արձագանքներ եղան։

–Ո՞ւմ կողմից։

–Որքանով որ տեղյակ եմ, Վահրամ Պետրոսյանը եթերազրկվել է։ Արգելվել է, օրինակ, Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրել իր տեսահոլովակները։ Դա արդեն արդյունք է։

–Երեկ նաև տեղի ունեցավ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը»։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մրցանակաբաշխության մասին։

Այդ մրցանակաբաշխության անվանումն է սխալ գրված։ Երևի մեկ նախաբան մոռացել էին գրել։ Ինչպե՞ս կարող էր մրցանակաբաշխությունը լինել ազգային, երբ որ երգերի 70%–ն այլ լեզուներով էր ներկայացվում։ Այդտեղ որևէ ազգային բան չկար, որ անունը դրել են ազգային մրցանակաբաշխություն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը