Մեկնաբանություն

05.06.2020 11:03


Մեղավորների փնտրտուքն ավարտված է․ Փաշինյանենք առաջարկում են «Լավ կառավարություն, վատ ժողովուրդ» կարգախոսը (տեսանյութ)

Մեղավորների փնտրտուքն ավարտված է․ Փաշինյանենք առաջարկում են «Լավ կառավարություն, վատ ժողովուրդ» կարգախոսը (տեսանյութ)

Հակահամաճարակային քաղաքականությունը տապալած Նիկոլ Փաշինյանի միակ գործն այժմ սեփական մեղավորությունն այլոց վրա գցելն է։ Տվյալ դեպքում՝ ժողովրդի։ Նույն գործի վրա է նաև իր կինը։ Աննա Հակոբյանը գտնում է, որ կառավարությունն ամեն ինչ ճիշտ է անում, պարզապես մեր ժողովրդի մենթալիտետն է պատճառը, որ շատ են վարակվում։ Այսինքն՝ շրջանառության մեջ է դրվում «Լավ կառավարություն, վատ ժողովուրդ» բանաձևը, իսկ եթե դա չստացվի, ապա «Վատ կառավարություն ձևավորած վատ ժողովուրդ» բանաձևը կա ու կա։

Փաշինյանը հիմա մուննաթ է գալիս հպարտ քաղաքացիների վրա, թե բա անպատասխանատու եք՝ մոռանալով, թե ինչեր էր ասում այն փուլում, երբ պետք էր ոչ թե հավաքներ կազմակերպել, ատելության խոսք քարոզել, այլ մարդկանց կյանքի և առողջության պահպանման հարցերով զբաղվել։

Այս օրերին դեմքի սրտաճմլիկ և երջանկահիշատակ արտահայտություն է ընդունել նաև առողջապահության տխրահռչակ նախարարը, թեև ոչ վաղ անցյալում անհեթեթություններ էր դուրս տալիս՝ անգամ սեփական երեխաներին դնելով փաշինյանական զոհասեղանին։

Փաշինյանենց գլխավոր խնդիրը դարձել է պատասխանատվությունից խուսափելն ու համաճարակի համար մեղավոր նշանակելը կամ առնվազն այդ մեղավորությունը կառավարության հետ կիսելը։

Սկզբում մեղավոր հռչակվեց էջմիածնեցի կինը։ Հետո՝ «հայտնի արտադրամասի» իտալացի հյուրը, բայց ոչ հեղափոխականների սրտի սեփականատերը։ Մեղավոր դարձավ նաև «Գլորիա» արտադրամասը։ Մեղավոր էր վարչապետին առանց ձեռնոցների բաժակ տված մատուցողը․․․

Մի խոսքով, մեղավոր է հայ ժողովուրդը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Ահա ա՛յս խնդիրն է լուծում վարակված և կառավարության անդամներին վարակվելու վտանգի ենթարկող վարչապետը, ով իր ֆեյսբուքյան էջը վերածել է էժանագին պատի թերթի։ Իսկ այդ ընթացքում, ըստ նրա, այն քաղաքացիները, որոնք անցած տարի մահացել են այլ հիվանդություններից, այս տարի մահանում են կորոնավիրուսից։ Բա՛։ Կրկնակի մահացածներ էլ ունենք։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը