Աշխարհ

28.03.2011 11:22


Սիրիահայ համայնքն ապահով վիճակում է

Սիրիահայ համայնքն ապահով վիճակում է

Վերջերս Սիրիայում կատարվող իրադարձությունները «7օր»–ի ուշադրության կենտրոնում են՝ հատկապես հաշվի առնելով այդ երկրում հայկական մեծ համայնքի առկայությունը։

Հիշեցնենք, որ բողոքի ալիքը բարձրացել է սիրիական Դերաա քաղաքում, որտեղ ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումների հետևանքով զոհեր էլ են եղել։ Վերոնշյալ իրադարձությունները մեծ մասամբ լուսաբանվում էին արտասահմանյան խաշոր լրատմամիջոցների կողմից, ինչպիսին է BBC–ին, և արաբական Ալ–Արաբիա և Ալ Ջազիրա հեռուստաընկերության կողմից։

«7օր»–ին Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներից, սակայն, հայտնի է դարձել, որ տեղի ունեցածը խիստ հակասական բնույթ է կրում, իսկ իրավիճակն էլ լրատվամիջոցների կողմից հաճախ ուռճացվում է։

Պետական պաշտոնյաները հանդես են գալիս հայտարարություններով, թե այդ իրավիճակը արտաքին ուժերի միջամտության և խառնակչության հետևանք է։ Դա, սակայն, չի նշանակում, որ Սիրիայի՝ Իսրայելի հետ սահմանին ամենամոտ Դերաա քաղաքի բնակչությունն իր ապրուստից շատ գոհ է։

Սիրիայում տիրող իրավիճակը որոշ չափով շահավետ է նաև արաբական այլ պետությունների համար՝ հաշվի առնելով արաբա–իսրայելական հակամարտության հարցում առավել սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև Իրանի հետ Սիրիայի բավական մերձ հարաբերությունները։

Հատկանշական է նաև, որ Սիրայի նախագահը, ի տարբերություն արաբական այլ պետությունների առաջնորդների, վայելում է ժողովրդի մեծ մասի համակրանքը, քանի որ իրականացրել է մի շարք բարեփոխումներ։

Ինչպես տեղեկացնում են Սիրիայից, Դերաա քաղաքում սկիզբ առած ցույցերը բնավ խաղաղ չէին. ցուցարարները հրդեհել էին մի շարք պետական և մասնավոր շենքեր, այդ թվում նաև արդարադատության պալատը, ինչի հետևանքով էլ միջամտել են իրավապահ մարմինները։

Սիրիայի նախագահի մամուլի խոսնակի՝ Բուսայնա Շաաբանի խոսքերով՝ նախագահը խստիվ արգելել է կրակ բացել ցուցարարների դեմ, անգամ եթե ոստիկանների շարքերում զոհեր լինեն։

Անգամ Դերաայի ցուցարարները լրատվամիջոցների հետ իրենց զրույցներում նշում են, որ իրենք դեմ են ոչ թե նախագահական վարչակարգին, այլ բարեփոխումներ են պահանջում, ինչպես օրինակ արտակարգ դրության վերացումը։

Օրերս նախագահի խորհրդականը հայտարարել էր, թե երկրի իշխանություններն արդեն սեղանին են դրել արտակարգ դրության վերացման, մամուլի ազատության, ինչպես նաև բազմակուսակցական համակարգ ստեղծելու վերաբերյալ հարցերը։ Նախագահի հրամանագրով բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է 30%–ով և այլն։

Ընդհանուր առմամբ, Սիրիայում իրավիճակը հանգիստ է, և արաբական այլ երկրների համեմատությամբ այս երկիրը բավական լավ վիճակում է։

Ինչ վերաբերում է Սիրիայի հայ համայնքին, ապա այն մեծ մասամբ կենտրոնացած է Հալեպում և այնքան էլ առնչություն չունի ստեղծված իրավիճակի հետ։ Սիրիահայ երիտասարդությունը համացանցերում մեծ մասամբ զորակցում է նախագահական վարչակարգին։ Համայնքի պաշտոնական ու կրոնական ներկայացուցիչների և  երկրի իշխանությունների միջև հարաբերությունները մշտապես լավ են եղել և շարունակում են մնալ այդպիսին։

Սիրիահայ համայնքը ապահով վիճակում է և շարունակում է բնականոն կյանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը