Լրահոս

06.05.2020 16:37


Կողմ ենք նոր շենքերի կառուցմանը, սակայն թույլ չենք տա, որ դա արվի թաղամասում դպրոց ու մանկապարտեզ չունենալու հաշվին․ Ծարավ աղբյուր փողոցի բնակիչներ (տեսանյութ)

Կողմ ենք նոր շենքերի կառուցմանը, սակայն թույլ չենք տա, որ դա արվի թաղամասում դպրոց ու մանկապարտեզ չունենալու հաշվին․ Ծարավ աղբյուր փողոցի բնակիչներ (տեսանյութ)

Ծարավ աղբյուր փողոցի մոտ 1500 բնակարաններից բաղկացած թաղամասը բավականին հագեցած է բետոնապատ տարածքներով, չունի կանաչապատ այգիներ և հիմա ևս մեկ բազմաբնակարան շենք է նախատեսվում կառուցել, որի համար այս պահին կա նախագծման թույլտվություն քաղաքապետարանի կողմից, սակայն դեռևս չկա շինթույլտվություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց բազմաբնակարան շենքերի համատիրության ներկայացուցիչը:

«Խնդիրն այն է, որ 1500 բնակարանանոց թաղամասը ոչ մի կերպ չի հարմարվում այն մտքին, որ պետք է ևս մեկ բազմաբնակարան շենք կառուցվի այստեղ, քանի որ պրոբլեմները շատ մեծ են: Թաղամասը կառուցվել է շինարարական նորմի խախտումներով, այսինքն՝ հանրային դպրոց, մանկապարտեզ հասկացություն չկա, կա վճարովի մեկ դպրոց, որի արժեքն այնքան բարձր է, որ բնակիչները հնարավորություն չունեն այդ դպրոց իրենց երեխաներին ուղարկել»,- ասաց նա:

Համատիրության ներկայացուցչի խոսքով՝ իրենք փորձում են բանակցությունների միջոցով հասնել նրան, որ շենքը չկառուցվի այդ տարածքում, շենքի փոխարեն, եթե հնարավոր է, քաղաքապետարանը կառուցի դպրոց: «Համատիրությունը գրավոր դիմել է քաղաքապետին, գլխավոր ճարտարապետին, որ այդ հարցում գան ընդհանուր հայտարարի և թաղամասի բնակիչների խնդիրը լուծեն, պետք չէ մեզ, որ վաղվանից սկսեն դպրոցի շինարարութունը, խնդիրը թող փուլ առ փուլ լուծեն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այդ տարածքում, որ հիմա կառուցում են այդ շենքը, եթե չկառուցվի դպրոց, ապա այլ հնարավորություն իրենք չեն ունենա: «Հիմա սպասում ենք քաղաքապետարանի պատասխանին, թե ինչ ենք ուզում, մենք բնակիչներով մայիսի 5-ին գրավոր տեսքով ներկայացրել ենք քաղաքապետարան»,- ընդգծեց նա:

Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ թաղամասում կա շուրջ 2000 դպրոցական և մանկապարտեզի երեխա, որոնք չունեն դպրոց և մանկապարտեզ: «Հավանաբար, նախատեսված է եղել, որ պետք է լինեն այդ կառույցները, բայց մի քանի տարի առաջ թաղամասի կենտրոնում ընդարձակ տարածք «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից սոցիալական պրոեկտի անվան տակ զավթվեց, գործարկումից հետո պարզվեց, որ սոցիալական չէ: Կառուցվել է դպրոց և մանկապարտեզ, դպրոցի տարեկան վարձը 1 մլն 500 հազար դրամ է, մանկապարտեզինը՝ 160 հազար դրամ և երիտասարդ ընտանիքները, որոնք բնակարանները հիպոթեքով են գնել և ունեն ֆինանսական ծանր բեռ, չեն կարող իրենց թույլ տալ նման բան»,- ընդգծեց բնակիչը:

Նա նշեց, որ չեն կարող թույլ տալ, որ իրենց ապագա սերունդները կորցնեն թաղամասում դպրոց ունենալու, ոտքով դպրոց և մանկապարտեզ գնալու վերջին հնարավորությունը ու նաև լրացուցիչ ծանրաբեռնել գերհագեցած թաղամասը: «Կառուցապատողը սկբունքորեն դեմ չէ և չի բացառում այդ տարածքը համայնքին պատկանող այլ հողատարածքով փոխարինելը: Ցանկանում ենք, որ տարածքը հանրային դառնա, հանձնվի համայնքի տնօրինմանը, միևնույն ժամանակ կառուցապատողին տրամադրվի այլ տարածք, քանի որ բոլորս միայն ուրախ ենք բնակֆոնդի ավելացմանը, բայց դա անել մեր դպրոց չունենալու հաշվին չենք պատրաստվում»,- շեշտեց նա:

Մանրաամսները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը