Մեկնաբանություն

28.04.2020 23:44


Փաշինյանը՝ Նիկոլի զոհ (տեսանյութ)

Փաշինյանը՝ Նիկոլի զոհ (տեսանյութ)

Նիկոլի հերթական «լայվն» ինքնամուննաթի էր նման։ Նա խոստովանեց, որ ղալաթ է արել, երբ հայտարարել է, որ կոմունալները կարող են չվճարել։

«Էմոցիոնալ հայտարարություն ենք արել և դրանից օգտվել են վճարունակները»,-հայտարարեց «ժողովրդի» վարչապետը։

Նա վախեցած խոսում էր այն մասին, որ իր պոպուլիզմի արդյունքում երկրում կարող է հոսանք չլինել, քանի որ չվճարումները բացասաբար կանդրադառնան էներգետիկ համակարգի վրա` առաջացնելով կոլապս։

Նա «մոռացել» է, որ հեղափոխության օրերին չէր մտածում էներգետիկ համակարգի մասին, երբ իր կողքը կանգնած կարկառուն հեղափոխական Դավիթ Սանասարյանը՝ հանուն իշխանությունը զավթելու, հայտարարում էր, որ կարելի է կոմունալները չվճարել, որպեսզի չոքացնեն համակարգը։ Նպատակը տվյալ դեպքում արդարացնում էր միջոցը։ Իշխանական աթոռ էր պետք։

Ժանրի կանոնների համաձայն՝ հեղափոխական Նիկոլն այժմ դարձել է հակահեղափոխական վարչապետ Փաշինյան և կռիվ է տալիս․․․ պոպուլիզմի դեմ։

Փաշինյանն իզուր է կռիվ տալիս պոպուլիզմի դեմ ու մուննաթ գալիս չվճարումների համար։ Չէ՞ որ ինքն է այդ մշակույթը քարոզել ու ներդրել։

Այդ նա էր, որ հանուն սեփական վարկանիշի բարձրացման հայտարարեց, որ տեխնիկական սարքերի միջոցով գրանցված ճանապարհային խախտումների համար տույժ ու տուգանք ստացածներին ներելու է և «ջրելու» է պարտքը։ Արդյունքում ստացվեց, որ տուժեցին խախտում չանողները կամ խախտման դիմաց ժամանակին վճարողները։ Ստացվեց նաև, որ ժամանակին վճարողները հարիֆ են եղել, իսկ օրինախախտները՝ հպարտ քաղաքացի։ Ահա այդպես էլ ներդրվեց հակամշակույթը՝ չվճարելու մշակույթը։ Պարզ չէ՞, որ դրանից հետո հենց մարդիկ լսում են այն մասին, որ կարող են արտակարգ դրության ժամանակ չվճարել կոմունալները, անկախ այն բանից վճարունակ են, թե ոչ, չեն վճարում։ Որովհետև տեսել են, որ վճարողը հարիֆ է հռչակվում, իսկ մյուսը՝ հպարտ քաղաքացի։

Հիմա Փաշինյանը կռիվ է տալիս Նիկոլի հետ, թե բա ո՞նց կարելի է չվճարել։ Փաստորեն, հենց հերթը հասավ իրենց, պոպուլիզմը հռչակվեց չարիք, իսկ հպարտ քաղաքացին՝ անպատասխանատու Պողոս։ Ճիշտ այնպես ինչպես Անասնաֆերմայում։

Հեղափոխական խոզերը սկզբում ասում էին՝ խմելը վատ բան է, բայց հենց եկան իշխանության՝ սկսեցին լակել՝ մյուս կենդանիների զարմացած հայացքի ներքո։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը