Մեկնաբանություն

20.04.2020 13:28


«Թավշյա» հեղափոխության փայատերերն ու չստացված փայերը

«Թավշյա» հեղափոխության փայատերերն ու չստացված փայերը

Նիկոլ Փաշինյանի համար հերթական կիրակին կրկին աշխատանքային ստացվեց։ Նա ուղիղ եթեր էր մտել ու խոսում էր փայերից։ Ավելի ճիշտ՝ հեղափոխությունից փայ չստացածներից։ Անուն չէր տալիս, բայց պարզ էր, թե ինչն ինչոց է։

Ովքե՞ր են «թավշյա» հեղափոխության փայատերերը

1.Հայ ժողովուրդը

2018–ի ապրիլ–մայիսին տեղի ունեցածի գլխավոր փայատերը հայ ժողովուրդն էր։ Ակնկալիքներն ու հույսերը մեծ էին։ Բայց չարդարացան։ Մեղմ ասած։

Եթե «էն գլխից» հայտարարվեր, որ մերժելուց հետո իշխանությունն անցնելու է Նիկոլ Փաշինյանին, ապա քայլողներին միակ միացողը կլիներ «Չալո» անունով շունը։ Նիկոլենց «քյարն» այդ դեպքում կլիներ կազդուրիչ քայլարշավը։ Միայն։

Բայց դե ամեն ինչ ուրիշ ձևով գնաց։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հոլիվուդյան կինոների պես եղավ։ Ռոբոտը դուրս եկավ վերահսկողությունից։

Նիկոլ Փաշինյանը վերցրել էր Մահաթմա Գանդիի տեխնոլոգիան, բայց ոչ նրա էությունը։ Գանդին անկախության հեղափոխություն արեց, բայց չդարձավ անկախ Հնդկաստանի նախագահը, այլ մնաց հեղափոխության առաջնորդը՝ խիստ ասկետիկ կյանք վարելով։

Նիկոլն այդ տեսակը չէ։ Նա անմիջապես տրվեց իշխանական վայելքներին՝ թանկարժեք ավտոմեքենա, շքեղ առանձնատուն, թիկնազոր, ինքնաթիռ, բյուջեի մսխում և այլն։ Իսկ դա նշանակում է, որ նրա պայքարը բարիքներից օգտվելու համար էր։ Աթոռներին հասան, ժողովրդին մի կողմից հռչակեցին հպարտ քաղաքացի, իսկ մյուս կողմից՝ անգրագետ Պողոս։ Եվ վերջ։

Հեղափոխության արդյունքները սեփականաշնորհվել են Նիկոլի գլխավորած փոքրիկ խմբակի կողմից և նրանք ատամներով կառչած են իրենց աթոռներից, արտոնություններից, պարգևավճարներից, ստվերային գումարներից․․․

2.Դրսի ուժերը

Հեղափոխության փայատերեր են նաև դրսի ուժերը, որոնք նաև ներկայացուցիչներ ունեն կառավարությունում, ուժային կառույցներում, խորհրդարանում և այլուր։ Նրանք Նիկոլից պահանջում են արժեհամակարգային կոդերին վերաբերող և աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող քայլեր՝ հակառուսականություն, ռուսական ռազմաբազայի հեռացում Գյումրիից, խաղաղասիրություն՝ Արցախի հարցում հայկական կողմի զիջումների տեսքով, ԼԳԲՏ համայնքի պաշտպանություն և այլն։ Նիկոլն այդ բոլոր ուղղություններով քայլեր անում է, բայց կիսատ–պռատ, ինչը նյարդայնացնում է հեղափոխության դրսի փայատերերին։

Հեղափոխության դրսի փայատերերի նյարդայնությունն է պատճառը, որ նրանց ձեռքի գործիքները՝ թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները փորձում են փողոցային ցնցումներ հրահրել Արցախում, չեն ճանաչում Արցախի ընտրությունները և Նիկոլից պահանջում են կտրուկ հակառուսական քայլեր։

Երեկվա լայվում Նիկոլը մի քիչ սրանցից էր սրտնեղում, երբ խոսում էր փայ չստացածների մասին, բայց խոսքի հիմնական մասն այլ աբիժնիկների մասին էր, որի մասին կխոսենք ստորև։

3.Օլիգարխիան

«Թավշյա» հեղափոխության փայատարերից են նաև օլիգարխները։ Չլինեին Հայաստանի 1–ին օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի փողերը, ով նախորդ իշխանությունների ուշադիր հայացքի ներքո տարիներ շարունակ ֆինանսավորում էր Նիկոլ Փաշինյանի շոուները, չլինեին Գագիկ Ծառուկյանի պատգամավորական ձայները, հանրահավաքների օրերին ուղարկած «ջրերը» և կամազներով հրապարակ բերած մարդիկ, չլինեին մյուսների գլխաքանակային աջակցությունները, Նիկոլը լավագույն դեպքում կշարունակեր իր ընդդիմադիր հաճախորդությունը, իսկ վատագույն դեպքում՝ կփտեր բանտում։

Ահա այս շերտի որոշ ներկայացուցիչներ դժգոհ են Նիկոլից, իսկ որոշներն էլ՝ չափից շատ գոհ։

Ո՞ւմ փայը չի տվել Նիկոլը

Խաչատուր Սուքիասյանը երկար էր սպաել, որպեսզի վերադարձնի իր երբեմնի կարգավիճակը՝ լինել Հայաստանի թիվ մեկ օլիգարխը։ Նա է առաջինը հայաստանյան կյանք ներմուծել սափրագլուխների խմբաքանակները։ Նա է առաջինը օգտվել վաուչերային սեփականաշնորհումից։

1998–ի իշխանափոխությունից հետո նա վախենում էր, որ կուլակաթափ է լինելու և ընդորում դրա հանրային մեծ պահանջը կար։ Այն ժամանակ, սակայն, իշխանություններն այդ քայլին չգնացին։ Խաչատուրին կուլակաթափ չարեցին, այլ նրան ընդամենը զրկեցին թիվ մեկ օլիգարխի կարգավիճակից։ Բայց նրա բիզնեսները չոչնչացրեցին։ Ավելին՝ Սուքիասյանին որոշ արտոնություններ ու բոնուսներ տվեցին։ Օրինակ՝ նախագահականի չինովնիկներն իրենց աշխատավարձը ստանում էին Հայէկոնոմբանկի քարտերով, Խաչատուրի բիզնեսը ծաղկում էր։ Խաչատուրին, սակայն, այլ բան էր պետք։

2008–ին նա ֆինանսավորեց Լևոն Տեր–Պետրոսյանի քիրվայական շարժումը, ողջ քարոզարշավը։ Շուրջօրյա հավաքների ժամանակ բաժանվում էին Սուքիասյանի «Պիցցա դի Ռոմայի» պիցցաները, գիշերը քնողներին փողեր էին տալիս և այլն։ Իշխանազավթումը, սակայն, չստացվեց։

2008–ի արդյունքները հայտնի են՝ 10 զոհ, բազմաթիվ վիրավորներ։ Լևոն Տեր–Պետրոսյանն այդ օրը մնաց տանը, Նիկոլը փողոցային սադրաքներ իրականացրեց ու ծլկեց՝ հետագայում հայտնվելով բանտում, իսկ Խաչատուրը թռավ արտերկիր։

Նախորդ իշխանությունների հետ ստվերային գործարքի արդյունքում Նիկոլը բանտից դուրս եկավ և հայտնվեց խորհրդարանում, Խաչատուրը վերադարձավ Հայաստան ու չդատվեց։ Նիկոլին հետո պոկեցին Լևոնից ու դարձրեցին «քաղպայմանագրիստ», իսկ Խաչատուրին թույլ տվեցին կրկին ծաղկել և անգամ մասնակցեցին նրա «Ռոսիա մոլի» բացմանը։

«Թավշյա» հեղափոխությունը, սակայն, «ջրեց» նախկին պայմանավորվածությունները, քանզի Նիկոլն արդեն վարչապետի աթոռին է հայտնվել։

Սուքիասյանը հույս ուներ, բայց դժգոհ է, քանզի իր պահած ու կերակրած Նիկոլը ուտող ուրացող է դարձել, իրեն թույլ չի տալիս դառնալ երկրի թիվ մեկ օլիգարխը՝ հին ու «բարի» Վանո Սիրադեղյանի ժամանակների պես։ Նիկոլը Վանոյի «ծնունդ» է, բայց կոմպլեքս ունի և ցանկանում է իր նախկին կարգավիճակի վկաներից ազատվել։ Դա է պատճառը, որ նա Խաչատուր Սուքիասյանին երես չի տալիս, իսկ վերջինս իր փայն է ուզում հեղափոխությունից։ Այն փայը, որը հասել է հեղափոխության օրերին փողոց փակողներին ծեծող ու նախորդ իշխանությունների սիրելի համարվող Լֆիկ Սամոյին՝ Սամվել Ալեքսանյանին։

Հեղափոխականների սրտի սեփականատերը

Լֆիկն արդեն դարձել է «թավշյա» իշխանության սիրելին՝ նրանց սրտի սեփականատերը։

Լֆիկը, կարելի է ասել, հեղափոխության հիմնական շահառուներից է։ Նրա գործարքն իշխանությունների հետ փոխշահավետ է։ Լֆիկի վրա նիկոլական իշխանությունն անհամեմատ էժան է նստում՝ սկսած ընտրություններից մինչև ընթացիկ ծախսերը։

Նիկոլին Լֆիկը ձեռնտու է այն պատճառով, որ նախ բանող եզի պես անմռունչ աշխատում է, փողը հասցնում է ուր որ պետք է, համ էլ՝ քաղաքական ամբիցիաներ և ցուցադրական օլիգարխիկ հակումներ, ի տարբերություն Խաչատուր Սուքիասյանի, չունի։

Լֆիկը Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամներին մուծվում է, «Իմ քայլին» մուծվում է, քարոզի համար մուծվում է, ամեն տեղ մուծվում է, որպեսզի Նիկոլը հանգիստ «լայվեր» անի։

Կրկնենք՝ Լֆիկի վրա շատ էժան են նստում «հեղափոխականները»։ Զուտ բիզնես–հաշվարկի տեսանկյունից 2018–ին տեղի ունեցածը կարելի է ոչ թե թավշյա, այլ լֆիկական հեղափոխություն համարել։

Ի դեպ, Լֆիկի մասով Նիկոլը հիասթափեցրել է հեղափոխությունից իր փայը պահանջող մեկ այլ օդիոզ ֆիգուրի՝ Լեդի Հակոբին։ Լֆիկի քավորին։

«Լեդին» հաստատ ակնկալում էր, որ հեղափոխությունից հետո դառնալու է Լֆիկի ունեցվածքի տերը, բայց չդարձավ։ Ու հիմա «Լեդին» զայրացած է։ Չէ՞ որ ինքը հեղափոխության օրերին փողոց էր փակում ու Նիկոլի միտինգներին մարդ տանում, իսկ Լֆիկն այդ օրերին քացով խփում էր փողոց փակողներին ու թույլ չէր տալիս, որ Մալաթիա համայնքից շատ մարդ գնա «գըմփ, գըմփ, հո՛ւ» անելու։

Լֆիկն այսօր տժժում է և այնքան է գրավել հեղափոխականների սրտերը, որ նրան պատկանող արտադրամասի՝ որպես կորոնավիրուսի տարածման աղբյուրի անունն անգամ չեն տալիս, որպեսզի չվնասեն նրան։ Մինչդեռ կար ժամանակ, երբ Նիկոլը խոստանում էր մարդկանց փրկել «Լֆիկական Օսվենցիմից»։ Հիմա «Օսվենցիմը» դարձել է «կորոնավիրուս տարածող մի արտադրամաս», որն, ի դեպ, իշխանությունների կարծիքով անպայման պետք է աշխատի, եթե անգամ բոլորը վարակվեն։

Հեղափոխության միակ փայատերը

Նիկոլն իր երեկվա խոսքում ասում էր, որ հսկայական դժգոհության ալիք կա հեղափոխությունից իրենց փայն ուզողների կողմից։ Բայց ինքը տեղի չի տալու և նրանց թողնելու է առանց փայ։

Ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլն առանց փայ է ուզում թողնել ոչ միայն հեղափոխության ստվերային փայատերերին՝ դրսի ուժերին և իրեն աջակցած օլիգարխներին, այլ նաև փոփոխությունների գլխավոր պատվիրատուին՝ հայ ժողովրդին։

Նիկոլն իր վարքագծով ցույց է տալիս, որ ուզում է միայն ինքը լինել հեղափոխության փայատեր՝ «լիազորություններն ու իրավունքներն ինձ, իսկ պատասխանատվությունը՝ մյուսների վրա» տարբերակով։

Իր միակ փայատեր մնալու գինն այն է, որ նա բյուջեի հաշվին պարգևավճարներ է բաժանում իր թիմակից կոչվածներին, որպեսզի նրանք խորհրդարանում դակիչի, կառավարությունում՝ մեխի գլխի, դատարաններում՝ վնգստացողի, ուժայիններում՝ հրահանգներ կատարողների դերում լինեն։

Սա՛ է ամբողջ «բազառը»։ Մնացածը պողոսների համար նախատեսված թամաշա է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը