Լրահոս

17.04.2020 15:24


Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին

Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հայտնել է դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Անցած 1,5 տարիների ընթացքում երկու անգամ փոփոխվել է Վ.Հարությունյանին մեղսագրվող մեղադրանքը ու մի քանի անգամ միջնորդություն ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է:

Ըստ ՀՔԾ-ի՝ Վ.Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով ապօրինի եւ պատրաստակամություն հայտնել ընդհատել Ռուսաստանում իր բուժումն ու վերադառնալ Հայաստան, եթե Հայաստանի իրավապահները վերացնեին հետախուզումը, սակայն հետախուզումը չի վերացվել, թեեւ չկա նաեւ ընտրված խափանման միջոց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մարտի 15-ին Վ.Հարությունյանը ձերբակալվել է Ռուսաստանում, սակայն մեկ օր անց նա ազատ արձակվեց. Ռուսաստանի դատախազությունն արձանագրել է, որ Վ.Հարությունյանին Հայաստանի կողմից մեղսագրվող ենթադրյալ արարքների վաղեմության ժամկետն անցել է, ինչից հետո հետո հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել Վ.Հարությունյանին կալանավորելու համար, որը մակագրվել էր դատավոր Վահե Միսակյանին ու վերջինս հերթական անգամ մերժել էր ՀՔԾ-ին։

Այս պահի դրությամբ՝ Վ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չկա։

Այս խորագրի վերջին նյութերը