Մեկնաբանություն

19.03.2009 11:42


Ու՞մ կողքին է Հայկ Սանոսյանը

Ու՞մ կողքին է Հայկ Սանոսյանը

Երևի աշխարհում մի բան փոխվել է ու ես չգիտեմ։ Այդ «ախտանիշը» երեկ հայտնաբերեցի, երբ կարդացի մեր ամենաբարձր ներկայացուցչական մարմնի պատգամավոր, ծնունդով ջավախքցի, դավանանքով (իհարկե քաղաքական) հանրապետական Հայկ Սանոսյանի մամուլի ասուլիսի մասին տեղեկատվությունը։ Միանգամից ասեմ՝ հարցերն ավելի շատ էին, քան պատասխանները, որովհետև ինքս երբեմն լինում եմ Ջավախքում, ու բնավորությանս համաձայն՝ անտարբեր չեմ անցնում մարդկանց խնդիրների կողքով։  Բայց այն, ինչ տեսնում եմ Ջավախքում ու լսում եմ պարոն Սանոսյանից, տարբերվում են տրամագծորեն։ Կիրո Մանոյանը (ՀՅԴ) Սանոսյանին խորհուրդ էր տվել գնալ Ջավախք ու մարդկանց առաջ մեղադրել այն ուժերին, որոնք, իբր ազգայնական տրամադրությունները շահարկում են սեփական շահադիտական նկատառումներով։ Ես պարոնին խորհուրդ եմ տալիս Ջավախքում մարդկանց առաջ ուղղակի կանգնել։ Կարծում եք կհամաձայնվի՞։ Դժվար թե, որովհետև ինքն ու իր մյուս ընկերները, որ խորովածի սեղանի շուրջ իրենց վրացի «օրթախների» հետ «Սուլիկո» են երգում, ոչ թե գազաֆիկացման հարց են լուծում, ինչպես երեկ պարծեցել է լրագրողների առաջ, այլ թիզ առ թիզ վաճառում են (հոլանդական աճուրդով) հայրենի հողի պատառիկները։ Օրինակներ՝ որքան ուզեք։ Փարվանա լճից մի քանի կիլոմետր հեռավորության վրա բանտ են կառուցում վրացական իշխանությունները։ Առաջին հայացքից ոչ մի վատ բան էլ չկա, մի տեղ պիտի կառուցվի՞, թե՞ չէ, համ էլ որ վրացի ռեցիդիվիստները նման գեղատեսիլ ու առողջարանային վայրում «չազատազրկվեն», կարող է փորհարիք ստանան։ Բայց ականն այլ տեղ է. խնդիրը կալանավորները չեն, նրանք բանտարկված են ու մարդկանց համար, գոնե ժամանակավորապես, անվտանգ։ Խնդիրն այն է, որ նրանց «հանգիստն» ապահովելու համար հարկավոր է զինվորական կայազոր տեղակայել ու պահել, շրջակայքում քրեածին իրավիճակի հնարավոր բարդացումները օպերատիվորեն վերահսկելու և կանխարգելելու համար հարկավոր է խստացված ոստիկանական ռեժիմ կիրառել։ Հայկ Սանոսյանը, որ պատգամավոր է, անկասկած գիտի այդ մասին, այլ բան է, որ միամիտ լրագրողների ականջներին վրացական թել պանիր է կախում, թե իր վրացի իշխանավոր բարեկամները «տուտուց» են, ու չեն հասկանում այդքանը։ Դեռ դա էլ մի կողմ. այդ «աստվածահաճո» հիմնարկի շինարարության կապալառուն հենց իր հարազատ եղբայրն է (այդպես ձևակերպված է) ։

Մի այլ օրինակ էլ ու վերջ։ Փարվանայի ափերը, իրենց բազմադարյան պատմության մեջ ոչ միանգամ, վրացական շունչ անգամ չեն զգացել։ Նորից խորհուրդ եմ տալիս չգիտեմ որ արժանիքի համար պատգամավոր ընտրված (իրականում՝ ցեղակրոն ՀՀԿ-ի ցուցակով անցկացված) Հայկ Սանոսյանին գնալ Փոկա գյուղը ու տեսնել, թե ինչ թափով ու եռանդով վրաց ուղղափառ վանական համալիր է կառուցվում՝ կույսերով-բանով... Եթե որևէ մեկը մտածում է, թե Փոկայում Քրիստոսի Լույսն է պակասում և որ հենց վրացիները այն պիտի վառեն, միանգամից կհիասթափեցնեմ։ Վրացի հոգևորականները միայն հոգեորսությամբ ու թմրաբիզնեսով են զբաղված։ Տեղացիների «ջանքերով» էլ կույսերի թիվը չի ավելանում, փոխարենը սեռավարակ հիվանդություններն են շատացել...

Դե հիմա ասացեք, պարո՛ն Սանոսյան, եթե Դուք իսկապես կարողանում եք վրացական իշխանություններին «քյոլմստել» ու ազգային հարցեր լուծել, ինչու՞ են Ջավախքի գյուղերում գիշերները պղծվում հայկական եկեղեցիները, ինչու՞ են ջավախքցիները ռոսաստաններում տեղ սարքում՝ ընտանիքները տեղափոխելու համար, ինչու՞ են Հայ մայրերն ամեն քայլափոխի անիծում Ձեզ, ինչու՞ են Բավրայի անցակետում նվաստացնում հայերին՝ Հայաստանից Ջավախք կամ հակառակ ուղղությամբ գնալիս, ինչու՞ են վրացիները ջավախքյան Լաչին ստեղծում Վրաստանի ու Հայաստանի միջև...

Մի բան էլ վերջում ավելացնեմ. եթե Դուք կարծում եք, թե վրացական հատուկ ծառայությունները չեն հետևում հայկական մամուլին, սխալվում եք։ Նրանք անպայման իմացել են երեկվա Ձեր «անկեղծ խոստովանության» մասին՝ Ձեր վրացի «հարիֆ» իշխանավորների մասով։ Այնպես որ, եթե Ձեր վրացի բարեկամները հենց հատուկ ծառայություններում չեն, ապա Ձեր պաշտոնավոր վրացիները  շուտով Ձեր կառուցած ուղղիչ հիմնարկի «հաճախորդներն» են դառնալու։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» լրատվավերլուծական կայքէջի խմբագիր

Հ.Գ.։ Ես վիրահայ չեմ, ո՛չ մի քաղաքական կուսակցության անդամ չեմ, չեմ համագործակցում ո՛չ մի օտարերկրյա հատուկ ծառայության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը