Լրահոս

04.04.2020 13:55


40° ջերմությամբ կնոջը բժիշկները չեն ընդունել՝ «վիրուս» անվանելով, իսկ ոստիկանը նրան ցանկանում էր բերման ենթարկել (ձայնագրություն)

40° ջերմությամբ կնոջը բժիշկները չեն ընդունել՝ «վիրուս» անվանելով, իսկ ոստիկանը նրան ցանկանում էր բերման ենթարկել (ձայնագրություն)

Արդեն մի քանի օր է՝ Երևանի բնակիչ 38-ամյա Քրիստինե Գրիգորյանը բարձր ջերմությամբ դիմում է տարբեր բուժհաստատություններ, սակայն նրան ոչ մի տեղ չեն ընդունում։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ զանգահարել է առողջապահության թեժ գծին, սակայն ոչ մի արձագանք։ Նա տեղեկացրեց նաև, որ դիմել է «Սուրբ Աստվածամայր հիվանդանոց», որտեղ նրան «վիրուս» են անվանել և չեն ընդունել։ Ճարահատյալ կինն ի վերջո դիմել է լրատվամիջոցների օգնությանը և որոշել հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջապես պատշաճ բուժսպասարկում ապահհովեն իր համար։

Երբ այսօր՝ ապրիլի 4-ի առավոտյան, մենք զանգահարեցինք կնոջը, նա Բաղրամյան 26-ում էր․ հույս ուներ, որ այդտեղ կհանդիպի Փաշինյանին։ Մինչ Քրիստինե Գրիգորյանը ներկայացնում էր իր վիճակն ու, մի կերպ, հազալով բացատրում, որ 40 աստիճան ջերմությամբ եկել է այդտեղ, ոստիկանները փորձում էին նրան բերման ենթարկել։ Հեռախոսի մեջ լսվում էր ոստիկանի ձայնը, ով կնոջն սպառնում էր բաժին տանել՝ արտակարգ դրությունը խախտելու համար։

«Այդքան օրինապաշտ եք, ապահովեք իմ բուժսպասարկումը, ինչո՞ւ չեք ապահովում»,-հարցնում էր կինը՝ ասելով, որ այդ պահին լրագրողի հետ է խոսում։ Խնդրեցի հեռախոսը փոխանցել ոստիկանին, սակայն ոստիկանը հրաժարվեց մեզ հետ խոսելուց։

Չանջատելով հեռախոսը՝ քաղաքային հեռախոսով կապ հաստատեցի Շտապօգնության հետ և ներկայանալով՝ խնդրեցի կանչ գրանցեն կնոջ համար։ Քանի որ Շտապօգնության մեքենան գնացել էր ոչ թե Բաղրամյան, այլ կառավարության հասցեով (հասցեն նշվել էր այն տրամաբանությամբ, որ Փաշինյանին տեսնելու համար կինը կառավարություն է գնացել, և վերջինս սկզբից չէր նշել իր գտնվելու հստակ վայրը), ուստի երկրորդ անգամ զանգահարեցի Շտապօգնություն։

Այստեղ զավեշտն այն էր, որ կինը ևս ժամանակին զանգահարել է այդ ծառայություն, սակայն նրան պատշաճ չեն արձագանքել, իսկ իմ զանգից հետո, երբ իմացան, որ լրատվամիջոց եմ ներկայացնում, միանգամից 2 մեքենա ուղարկեցին։

Քրիստինե Գրիգորյանին այս պահին Էրեբունի հիվանդանոցում բժիշկները հետազոտում են։ Ինչպես մեզ փոխանցեց կինը, նրա մոտ աջ թոքի անբավարար աշխատանք են նկատել։ Եվս մի քանի հետազոտություն անցնելուց հետո, կնոջը կտեղափոխեն համապատասխան բուժհաստատություն՝ բուժման նպատակով։

Ամեն դեպքում ցանկանում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին, և տեղադրում ենք նաև Քրիստինե Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ պարզ լսվում է ոստիկանների սպառնող ձայնը։

Այս խորագրի վերջին նյութերը