Մեկնաբանություն

27.03.2020 13:49


Կորոնավիրուսն՝ ընդդեմ ամբոխի ու պոպուլիզմի

Կորոնավիրուսն՝ ընդդեմ ամբոխի ու պոպուլիզմի

Կորոնավիրուսը շատ կեղտոտ վարակ է։ Դրա վտանգավորությունը տարածվելու արագության ու դրա դեմ պայքարի դեղամիջոցի բացակայության մեջ է։

Բայց ինչպես միշտ է լինում, չկա չարիք առանց բարիք։ Կորոնավիրուսը աշխահով մեկ վնասում է ոչ միայն տարեց ու հիվանդ օրգանիզմներին (սա չարիքն է), այլ նաև հիվանդ ու փտած քաղաքական գործիչներին ու գաղափարախոսություններին (սա էլ՝ բարիքը)։

Կորոնավիրուսը սրբում է ամբոխին, փչացնում պոպուլիստ և ապաշնորհ ղեկավարներին։

Մասնագետների ու հիպնոզի տակ չընկածների համար վաղուց էր տեսանելի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ոչ կոմպետենտությունը։ Հիմա նույնիսկ նիկոլապաշտ զոմբիների համար է տեսանելի, թե ինչպիսի վտանգավոր իշխանություն է ձևավորվել Հայաստանում։

«Կորոնավիրուսն ում շունն է» ձևակերպման միջոցով և «թու, թու, թու» անելով էին սրանք կանխում ու պայքարում վարակի դեմ։ Դա հանցավոր անգործություն էր։ Անգործություն, որի արդյունքում մենք 1 միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով առաջատար երկրների թվում ենք։

Կորոնավիրուսն ազդարարում է շոումեն ղեկավարների, պոպուլիստ առաջնորդների ու ամբոխների խրախճանքի դարաշրջանի ավարտը։ Նրանք հիմա հին են։ Շատ հին։

Օրերս մեր խորհրդարանում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց այս թեզը։

Նիկոլն ամբոխավար է և պոպուլիստ։ Խորհրդարանում նա հիմա հանդիպել է հակընդեմ պոպուլիզմի ու կատաղել, քանզի սատանի, այն է՝ պոպուլիստի դաշտում քյանդրբազություն, այն է՝ պոպուլիստություն են անում։

Նիկոլի դեմ իր իսկ զենքն են հանել նորաթուխ պոպուլիստները՝ ձգտելով դառնալ նոր Նիկոլ, ավելի ճիշտ՝ հին Նիկոլ։

Ծանր վիճակում հայտնված բիզնեսին ու աշխատուժին պետական աջակցություն, իրոք, պետք է, բայց ամեն ինչ պետք է լինի մտածված ու հաշվարկված, այլ ոչ թե կենացային մակարդակով, ամբոխին դուր գալու և էժանագին դիվիդենտներ հավաքելու համար։

Սա այն խորհրդարանն է, որի իշխանական ու ընդդիմադիր թևերը ձևավորվել են «թավշյա» առաջնորդի անմիջական մասնակցությամբ՝ նշանակովի կամ գործարքային տարբերակով։

Պոպուլիստը դարձել է իշխանություն, բայց այս պահին չի կարողանում շարունակել պոպուլիզմը, քանզի կորոնավիրուսը բռնել է նրա բկից։ Պոպուլիզմի դրոշակը հիմա ուզում են վերցնել մյուսները՝ չհասկանալով, որ կորոնավիրուսը բռնում է ոչ միայն իշխանավորի, այլ նաև մյուս պոպուլիստների, անպատասխանատու ամբոխավարների ու դիլետանտների բկից։

Կորոնավիրուսը բացահայտում է թույլ տեղերն ու խփում։ Խփել է Նիկոլին, կառավարությանը, ամբողջ խորհրդարանին ու ամբոխին։ Նոր թրենդը ոչ թե պոպուլիզմն ու անբարո ձևերով միավորներ հավաքելն է, այլ բարոյականությունը, պրոֆեսիոնալիզմը և ռացիոնալիզմը։

Հետկորոնավիրուսային Հայաստանը հրաժեշտ է տալու պոպուլիզմին, ամբոխավարությանը և դիլետանտիզմին։ Մնում է, որ քիչ կորուստներով դուրս գանք այս վիճակից։ Կորոնավիրուսը քիչ էր, մի հատ էլ Փաշինյանի կառավարություն կա գլխներիս։

Կորոնավիրուսը ստիպել է լարվել ու մտածել։ Մտածել նոր որակի համակարգ ստեղծելու և նոր որակի առաջնորդություն ապահովելու մասին։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը