Աշխարհ

24.03.2020 17:16


Իսպանիայում նոր դեպքերի թիվը 4 հազարից ավելի է

Իսպանիայում նոր դեպքերի թիվը 4 հազարից ավելի է

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 392 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 17 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 103 հազար 430:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 171 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 63 հազար 927 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձ ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 6 հազար 077:

Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ վիրուսից հաստատված դեպքերի թիվը կազմում է 46 հազար 168: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում՝ առաջ ացնելով Իսպանիայից: Այստեղ նույնպես առկա են հիվանդացության աճի միտումներ: Մասնավորապես, հաստատված դեպքերի թիվը կազմում է 39 հազար 673: Նոր ավելացած դեպքերի թիվը 4 հազար 537 է:

Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 30 հազար 150 է, այնուհետև Իրանն է՝ 24 հազար 811 հաստատված դեպքով: Այստեղ նոր դեպքերի թիվը 1762 է: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 19 հազար 856-ի, Շվեյցարիայում՝ 9 հազար 117-ի, Հարավային Կորեայում՝ 9 հազար 037-ի, , Մեծ Բրիտանիայում՝ 6 հազար 650-ի:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 67 դեպք կա, Ռուսաստանում` 495, Թուրքիայում՝ 1529:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:

Մարտի 24-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք. ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 235 է, որից 2-ն ապաքինված է: Հիվանդներից 26-ի մոտ առկա է թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի:

Ուհանում կյանքը վերադառնում է բնականոն հուն. հասարակական տրանսպորտը կվերսկսի աշխատանքը

Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կյանքը վերադառնում է բնականոն հուն: Հասարակական տրանսպորտը պատրաստվում է աշխատանքի վերսկսմանը: Մետրոյում և տրանսպորտում գործարկվել է ախտահանման և QR կոդով սկանավորման համակարգ՝ ուղևորների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներով: Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 190-ից ավելի երկրներում և տարածքներում:

Բորիս Ջոնսոնը մարդկանց հրահանգել է մնալ տանը

Միացյալ Թագավարության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված նոր միջոցառումների մասին` բոլորին խստորեն հորդորելով մնալ տանը, դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ջոնսոնը տեսաուղերձ է հղել: «Ուզում եմ տեղեկացնել վերջին քայլերի մասին, որ մենք ձեռնարկել ենք պայքարելու հիվանդության դեմ և այն, թե դուք ինչ կարող եք անել օգնելու»,-ասել է Ջոնսոնն ու նշել` պետք է պահպանել ազգային առողջապահական ծառաության կարողությունները և փրկել ավելի շատ կյանքեր: Ահա թե ինչու նա մարդկանց խնդրել է մնալ տանը` պանդեմիայի ընթացքում: «Ես այս երեկո մարդկանց տալիս եմ շատ պարզ հրահանգ` դուք պետք է մնաք տանը»,-ասել է նա:

Միացյալ Թագավորությունում ոստիկանութունը հրահանգները խախտելու համար կարող է տուգանքներ կիրառել: Հանձնարարվել է փակել ոչ հիմնական ապրանքներ վաճառող խանութները, գրադարանները, խաղահրապարակները և այլ վայերը: Հարսանիքները, կնունքները և այլ արարողությունները չեղարկվել են, բայց թաղումները կկազմակերպվեն: Երկու հոգուց ավելի հավաքները կարգելվեն` բացառությամբ նույն ընտանիքի անդամների:

Բալիում մոտ 2000 օտարերկրացի դիմել է իշխանություններին վիզայի ժամկետը երկարաձգելու համար

Վերջին շաբաթների ընթացքում Բալիում միգրացիոն ծառայության գրասենյակները լի են հարյուրավոր օտարերկրացիներով: Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի շուրջ 2 հազար քաղաքացիներ դիմել են երկրի իշխանություններին՝ խնդրանքով երկարաձգելու վիզայի ժամկետը: Այդ խնդրանքը պայմանավորված է սահմանների փակ լինելու պատճառով իրենց երկրներ վերադառնալու անհնարինությամբ: Ինչպես տեղեկացնում է Ինդոնեզիայի Արդարադատության և մարդու իրավունքների նախարարությունը, փետրվարից սկսած՝ 1830 մարդ դիմել է, այսպես կոչված, արտակարգ իրավիճակով պայմանավորված կեցության թույլտվություն ստանալու համար: Դիմողների 80 տոկոսը Չինաստանի քաղաքացիներ են, այնուհետև Բրիտանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների:

Թուրքիայում խանութներում և տրանսպորտում մտցվում են սահմանափակումներ

Թուրքիայում, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, սահմանափակումներ են մտցվում խանութներում և տրանսպորտում: Երկրի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ խանութներում, հասարակական տրանսպորտում միաժամանակ գտնվող քաղաքացիների թվում կլինեն սահմանափակումներ: Մասնավորապես, առևտրի կետերում յուրաքանչյուր 10 քմ տարածքի համար սահմանվել է մեկ գնորդ: Դրանից բացի, մթերային խանութների ու սուպերմարկետների աշխատանքը կսահմանափակվի: Կաշխատեն 12 ժամով՝ 09:00-ից 21:00: Խանութները պարտավոր են տեսանելի վայրում փակցնել միմյանցից հեռավորություն պահելու մասին տեղեկատվական թերթիկներ: Ինչ վերաբերում է քաղաքային և միջքաղաքային տրանսպորտին, ապա վարորդները կարող են տեղափոխել սահմանված տեղերի 50 տոկոսի չափով ուղևորի:

Մարզական աշխարհը սպասում է ՄՕԿ-ի որոշմանը

Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կհայտատարի Տոկիոյի Օլիմիական խաղերի հետաձգման մասին: Ամեն ինչ կապված է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հեռախոսազրույցից: Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ները գրում էին, որ կազմկոմիտեն պատրաստ է հետաձգել խաղերը միայն մեկ տարով:

Ավստրիայի Սանկտ-Կորոնա գյուղը մտածում է թալիսմանի անվանումը վերանայելու մասին

Համայնքի ղեկավար Մայքլ Գրուբերը նշել է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, անցանկալի ուշադրություն է հրավիրվել իրենց գյուղի վրա, որը վնասում է նաև զբոսաշրջության ցուցանիշներին:

«Սկզբում մենք ժպտում էինք, երբ իմացանք, որ վիրուսի անունն այն է, ինչ գյուղինը, բայց կատակները դադարեցվեցին այն ժամանակ, երբ համաճարակը դարձավ այդքան լուրջ: Հավանաբար ստիպված կլինենք գտնել նոր անվանում…մեր թալիսմանի համար՝ ողջունելու զբոսաշրջիկներին»,-ասել է համայնքի ղեկավարը:

Էկոտուրիզմը գյուղի համար հիմնական եկամտի աղբյուրն է, այնտեղ բնակվում է 400 մարդ: Գյուղը գտնվում է Վիեննայից 100 կմ հեռավորության վրա:

Այս խորագրի վերջին նյութերը