Մեկնաբանություն

14.03.2011 17:49


Իշխանության մտահոգությունները և կառավարելի «ընդդիմությունը»

Իշխանության մտահոգությունները և կառավարելի «ընդդիմությունը»

Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց Սերժ Սարգսյանի և մի շարք պաշտոնյաների հանդիպումը՝ «Բարի թագավորը և չար բոյարները» մոտիվներով։

Սարգսյանի անժպիտ ու մտահոգ դեմքը նպատակ ուներ հայ հեռուստադիտողին համոզել, որ երկրի ղեկավարն ապրում է շարքային մահկանացուներիս դարդ ու ցավով, և հիմա կլուծի մեր բոլոր խնդիրները, իսկ մինչև այդ չէր լուծում, քանի որ պարզապես տեղյակ չէր խնդիրներից։ Հիմա տեղեկացել է, ու թևերը «քշտած» անցնելու է գործի։

«Տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ» խորհրդակցության մասնակիցներից (հատկապես՝ վարչապետից, ԿԲ նախագահից ու էկոնոմիկայի նախարարից) հեռոստակադրերով փորձել էին ստանալ շաուլինի դպրոցի 9–րդ մակարդակը հաղթահարած, նախագահի համար «դոշ տվող» ու հանդիպումն ավարտվելուն պես նրա առաջադրանքները իրականացնելու պատրաստ կատարողներ։

Արձանագրենք, որ խորհրդակցություն–շոուի վերը նշված դերակատարները ոչ միայն  «Օսկարի», այլ նույնիսկ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տրվող մրցանակի չէին ձգում, քանի որ «ֆալշն» ու «ֆաներան» շատ էր։ Սա քննարկման ձևական կողմի մասով։

Ինչ վերաբերում է նախագահի կազմակերպած հանդիպման բովանդակությանը, ապա այն հակասություններով լեցուն էր։

Սարգսյանն ընդունեց, որ վիճակը վատ է և ժամկետ դրեց, թե մինչև հունիս պետք է ժողովուրդը զգա, որ կյանքը դեպի լավն է գնում։ Իհարկե չասվեց, թե ինչպես պետք է կյանքը լավանա։ Հո՞ միայն գյուղ այցելելով չէ, ինչի կոչը ներկաներին արեց նախագահը։ Ժամանակին Տիգրան Սարգսյանն ու Ներսես Երիցյանն էլ էին մարզեր այցելում։ Հետո ի՞նչ։ Նրանց այցելություններն ընդամենն ավարտվում էին նրանով, որ այդ վայրերը դառնում էին տարատեսակ «միջազգային կենտրոններ»՝ նավահանգիստներ, տեխնոքաղաքներ, ֆինանսպոլիսներ և այլն։ Այնքան «նյուվասյուկիզմով» զբաղվեցին այդ մարդիկ, որ նրանցից հետ չմնալու համար՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «դե նյուվասյուկիզմը դու հիմի տես» թեմայով, բռնեց ու հայ «տիեզերագնացի» հետ «մին լյավ» լուսանկարվեց։ Ի միջի այլոց, վատ չէր լինի, որ հիշյալ խորհրդակցությանը հրավիրված լիներ նաև տիկին Հակոբյանը, ով իր ներկայությամբ «տիեզերական» նշանակություն կտար միջոցառմանը։ Դե լավ, թողնենք այդ «տիեզերական» հարցերն ու վերադառնանք Սերժ Սարգսյանի խոսքը «քընընելուն»։

Սարգսյանը մի կողմից հայտարարեց, թե տարիներ շարունակ դրամի ուժեղացումը  վատ է անդրադարձել մեզ վրա, բայց, մեծ հաշվով, հասկացրեց, որ գոհ է որոշումներ կայացնող ու կարճ ժամանակ անց դրանք փոխել սիրող վարչապետից։ Բայց չէ՞ որ Տիգրան Սարգսյանն արժեվորված դրամի քայլող խորհրդանիշն է, հետևաբար՝ նախագահը կա՛մ պետք է գոհ լինի արժեվորված դրամի քաղաքականություն վարողից, կա՛մ պետք է «քլնգի» ու կառավարության կազմն ազատի ԿԲ նախկին ղեկավարից ու ներկա վարչապետից։ Այնինչ՝ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը արժեվորված դրամին դեմ ըլլալով՝ կողմ կըլլա վարչապետին։ Այդպես չի լինում։ Ստացվում է, որ վատ աշխատողին առա՞ջ են քաշում։

Սերժ Սարգսյանի խոսքում, ոչինչ չասող մտքերից զատ, կային նաև նեոբոլշևիկյան ցանկություններ ու նախատեսվող գործողությունների ծրագիր։

«Ակնկալում եմ, որ կոնկրետ պաշտոնյաներ ավելի մանրամասն հասկանան ապրանքների և, առաջին հերթին, առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման գործընթացը՝ ի՞նչ գնով ձեռքբերվեց, որքա՞ն տրանսպորտային ծախսեր եղան և ի՞նչ գնով վաճառվեց»,– հայտարարեց Սարգսյանը։ Սա, իրականում, վերադարձ է դեպի համայնավարական տնտեսություն, որի նպատակն է մասնավոր բիզնեսն ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ վերցնելը՝ «պայքարում ենք գնաճի դեմ» դեմագոգիկ լոզունգի քողածածկմամբ։ Սա արդեն «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագրի իրականացման գործնական քայլերի գնալու ցուցում էր ու այս ուղղությամբ հաստատ կաշխատի կառավարությունը, որովհետև դա անձամբ իրենց է պետք, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը։

Երբ երկրի ղեկավարի շուրթերից հնչում է շահույթը չափավորելու կոչեր, ապա դա միայն առաջին հայացքից է ճիշտ թվում։ Դրանից հետո գալիս է կուլակաթափությունն ու բոլշևիզմը, որը կործանման է տանում ցանկացած տնտեսություն ու, ի վերջո, պետություն։

Մարդիկ փոխարենը մրցակցային շուկա ձևավորելու և իրենց ու բիզնեսի սերտաճվածության մակարդակը թուլացնելու ճանապարհով գնան՝ անցնում են բիզնեսի դեմ լայնածավալ հարձակման։

Կուզենայի հատուկ ընդգծել, որ իր խոսքում Սարգսյանը երբեմն չափից շատ էր անկեղծանում։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա դիմեց Էկոնոմիկայի նախարարին, ասելով. «Խնդրում եմ, որպեսզի կոնկրետ գործերով զբաղվեք»։ Հավանաբար՝ Սարգսյանն էլ է ընդունում, որ Էկոնոմիկայի նախարարությունը միշտ չէ, որ կոնկրետ գործով է զբաղվում, ու հիմա կոչ է անում մի փոքր դադար տալ «նյուվասյուկիզմին»՝ մինչև տեսնեն, թե ի՞նչ է գալիս գլխներին ու հետո միայն շարունակեն երիցյանությունը։ Ահա այսպիսի բաներ։

Խորհրդակցության քաղաքական ենթատեքստին անդրադառնալիս պետք է նկատել, որ դրանով Սերժ Սարգսյանն անուղղակիորեն պատասխանեց Լևոն Տեր–Պետրոսյանի «ժողովրդավարական» քվեարկությամբ իրեն ներկայացված պահանջներին։ «Մեսիջն» այն էր, որ որևէ մեկին պաշտոնից չի հեռացնի ու իրեն ներկայացված պահանջների որևէ կետ չի կատարի։ Բայց, ամեն դեպքում, Ս. Սարգսյանի մոտ  արտաքին հանգստությունից զատ նկատվում էր նաև որոշակի ներքին խուճապ։ Խուճապն այդ ոչ թե Տեր–Պետրոսյանի գործոնով էր պայմանավորված («միաբանը» վաղուց զբաղված է Սարգսյանի իշխանության կայունության ապահովմամբ ու որևէ վտանգ չի ներկայացնում իրենից և խորհրդակցությունից մեկ օր անց նախագահի՝ Ծաղկաձորում արված հայտարարությունը լևոնական ընդդիմության մասին ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Տեր–Պետրոսյանը կառավարվող հաճախորդ է դարձել), այլ հնարավոր իրական հեղափոխությամբ, որը կարող է, ի հեճուկս Սերժի ու Լևոնի ներդրած ջանքերի, տեղի ունենալ, քանի որ սոցիալական իրավիճակը պայթունավտանգ է։ Ահա այդ անկառավարելի գործընթացները զսպելուն են ուղղված և՛ Տեր–Պետրոսյանի հանրահավաքները, և՛ Սարգսյանի խորհրդակցությունները։

Մի խոսքով, շոուն շարունակվում է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը