Մեկնաբանություն

10.03.2011 19:38


Համաձայնություն տարաձայնությունների մասին

Համաձայնություն տարաձայնությունների մասին

Իշխանական կոալիցիայի նոր հուշագիրը, որը պաշտոնական քարոզչամեքենան ներկայացրեց որպես երեք կուսակցությունների միասնականության վկայություն, իրականում ոչինչ չասող փաստաթուղթ է, և ազդարարում է Սերժ Սարգսյանի գլխավորած կոալիցիայի փաստացի  փլուզման մասին։

Եթե Սարգսյանն իսկապես ընկալվեր որպես իշխող ուժերի լիդեր, ապա ամենևին էլ կարիք չէր լինի քաղաքական տեռորով ու «ազատ, բայց պատասխանատու» Լևոն ՏերՊետրոսյանի ներգրավմամբ գնալ ԲՀԿ–ի դեմ ու պյուռոսյան հաղթանակ տոնել «գործընկերոջ» նկատմամբ։

Հուշագրի ստորագրումը ցույց տվեց, թե որքան թույլ է Սարգսյանի դիրքը ու որքան մառազմատիկ է դարձել նրա կառավարումը։

Պատկերացնու՞մ եք, հիմնարկի տնօրենը մտնի աշխատավայր ու աշխատողներին դիմելով ասի, թե հենց հիմա թուղթ ստորագրեք, որ էս հիմնարկի շեֆը ես եմ ու զոռով նրանցից ստանա այդ համաձայնությունը, և ինքն էլ հետները ստորագրի, թե էդ հիմնարկի շեֆն ինքն է։ Եթե նման հարց է առաջանում, ապա շեֆն արդեն շեֆ չէ, ինչի՞ մասին է խոսքը։ Կոալիցիոն հուշագրում ներկայացված այն կետը, թե ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են գործող նախագահին՝ այդ շարքից է։

Նկատենք, որ հուշագիրն այդ ոչ մի պարտավորեցնող ուժ չունի, մանավանդ որ Սարգսյանը նոմինալ, այլ ոչ թե գործող նախագահ է։ Գործող նախագահ՝ նշանակում է երկրի խնդիրները լուծող, այլ ոչ թե նոր խնդիրներ առաջացնող նախագահ, իսկ Ս. Սարգսյանն այդ տեսանկյունից հեչ էլ գործող չէ։ Այնպես որ կոալիցիոն նոր հուշագրով կուսակցությունները սատարել են վերացական մեկին։ Ամենքն իր մտքում ունեցել է նախագահի իր թեկնածուն և ստորագրել։

Զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանն անձամբ էր ստորագրում հուշագիրը և ստացվում է, որ ինքն իրեն էր աջակցելու։ Բայց չէ՞ որ դա արդեն մի քիչ հումոր է դառնում։

Փաստորեն՝ Սարգսյանը ստորագրությամբ էր հավաստիացնում, որ ինքն իրեն սատար կկանգնի։ Այսինքն՝Սարգսյանն էլ վստահ չէ, որ այս տիպի կառավարմանը կարելի է ևս մեկ անգամ վստահել ու շտապում է ստորագրությամբ ամրագրել, որ չի զլանա, չի մոռանա և կաջակցի Սերժ Սարգսյանին։

Իսկ միգուցե Սարգսյանը «գործող նախագահ» ձևակերպման տակ  ուրիշ մեկի՞ն էր հասկանում, կամ միգուցե հուշագրի տեքստ կազմողնե՞րն էին «տժժացել» նրա վրա։ Միգուցե։

Ամեն դեպքում արձանագրենք, որ կոալիցիոն նոր հուշագիրը համաձայնություն էր տարաձայնությունների մասին, և այն հանգամանքը, որ կարիք էր առաջացել կոալիցիոն նոր համաձայնության կնքման՝ ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները և համագործակցությունը կրում են ձևական բնույթ, որը ինչ որ պահի վերաճելու է բաց հակամարտության, եթե իհարկե ԲՀԿ–ն ուզում է մնալ քաղաքական դաշտում։

Դե իսկ Արթուր Բաղդասարյանը անհիշելի ժամանակներից է աջակցում Սերժ Սարգսյանին և չարժե նույնիսկ քննարկել, թե ինչպես իրեն կպահի ՕԵԿ–ը։ ՕԵԿ–ը կառչած կմնա Սարգսյանին այնքան, որքան հնարավոր է, իսկ այն ինչ արեց Սերժ Սարգսյանը ԱԽՔ–ի հետ՝ պարզապես պարտավոր է «ամուսնանալ»։ Այլ հարց է, որ այդ «ամուսնությունից» «զավակ» ծնվել չի կարող,  և կողմերը կբավարարվեն միայն կարճատև «հաճույքով»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը