Կարծիք

25.12.2019 19:15


Երբ ցեխը ժեխին ու ժեխատերերին է բնութագրում, ամենի՛ց առաջ

Երբ ցեխը ժեխին ու ժեխատերերին է բնութագրում, ամենի՛ց առաջ

Էն որ ասվում է՝ չեմ կարող չասել...
Երբ ցեխը ժեխին ու ժեխատերերին է բնութագրում, ամենի՛ց առաջ

Այն օրը Հայաստանի ֆուտբոլի աննախագահ մնացած ֆեդերացիայի նախագահական քվեարկությունն էր: Բնականաբար, ՀՖՖ նախագահ ընտրվեցվեց գործող իշխանության թեկնածուն: ՀՖՖ նախագահի ընտրությունը մանր հարց է, իհարկե, ընդհանուր հասարակական, քաղաքական, տո՛, անգամ մարզական վիճակի տեսանկյունից: Բայց այդ, թվում է՝ ներկազմակերպական հասարակ հարցը սոցցանցերում, լրահոսում դարձավ օրվա, նույնիսկ՝ մի քանի օրվա թեմա: Դա էլ իր պատճառներն ուներ. Զուգահեռ զարգացումները՝ հնարավոր մրցակիցների հավանական քվեարկողները ամեն գնով չեզոքացվում էին կամ չեզոքացվեցին, նույն այդ մրցակիցների մասին ով ինչ գիտեր-չգիտեր, պարտքը համարեց դարձնել հանրության սեփականությունը: Կարճ ասած, բավականին կեղտոտ, վարկաբեկիչ «թեմաներով», փոխադարձ վիրավորանքներով հագեցած, վանող տպավորություն թողնող ընտրություն էր:

Մյուս կողմից, լավ է, որ գործող իշխանության թեկնածուն դարձավ ՀՖՖ նախագահ: Ֆուտբոլասերների վերաբերմունքն էլ, կարծում եմ, անփոփոխ է լինելու, հատկապես այն առումով, որ այսուհետ ևս, ֆուտբոլի ազգային հավաքականի յուրաքանչյուր պարտության, ֆուտբոլային բոլոր սայթաքումների համար մեղադրելու կոնկրետ թիրախ ու հասցեատերեր կան՝ ՀՖՖ նախագահ, նրան այդ պաշտոնին հասնելու հարցում աջակցածներ, հնարավոր է՝ նաև ՀՀ ներկայիս իշխանություններ:

Սակայն ուշադրություն գրավեց և վրդովեցրեց ա՛յլ բան: Հայաստանի ֆուտբոլային աստղ, առանց չափազանցության աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլային ու ոչ միայն ֆուտբոլային այցեքարտ Հենրիխ Մխիթարյանի և նրա մոր՝ երկար տարիներ նույն այդ ֆուտբոլի ֆեդերացիայի նվիրված աշխատակից Մարինա Թաշչյանի դեմ ծավալված նողկալի «տրավլյան»:

Ինչո՞ւ կամ ինչի՞ց սկսվեց թունանետման այդ արշավանքը:
Տիկին Թաշչյանն անկեղծորեն իր խիստ կարծիքն ու կոշտ գնահատականն է արտահայտել ՀՖՖ նախագահի ընտրություններ կոչված միջոցառման վերաբերյալ: Ասել է, որ դա խայտառակ ընտրություն էր: Համարձակվել է իր տեսակետը բարձրաձայնել: Եվ ահա, իշխանապաշտական «քֆուր-բրիգադները», ֆեյք ու չֆեյք վրա են տվել, ինչն ինքնին զազրելի տպավորություն է թողնում:

Եթե հակիրճ, ապա ժեխը ցեխ է ժայթքում: Բայց այդ ցեխը առաջին հերթին հենց իրենց է բնութագրում և ժեխատերերին, բոլոր այն իշխանիկներին ու իշխանապիարշիկներին, որոնք էլ քաշքշում են բոլոր այդ «քֆուր-բրիգադների» թելերը:
Հատուկ ընդգծեմ, որ խոսքը որևէ տեսակետի քննադատական հակադարձելու կամ քննադատության մասին չէ, այլ այն վայրենի ու մոլեգին հայհոյախոսության, որ արձանագրվեց սոցցանցային տիրույթում:

Եվ ո՞ւմ հասցեին:
Եվ ովքե՞ր են հայհոյախոսողները: Հիմնականում անարժան, անհատապես իրենցից բան չներկայացնող կերպարներ, որոնց իրենց սիրած ամերիկաներում «լուզեռ» են ասում: Միջակությունն ու ձախողակը չեն կարող ներել տաղանդին ու աշխատասիրությամբ արդյունքի հասնողին: Մանրախնդիր են ու քինախնդիր: Ու առաջին իսկ հարմար առիթն ստանալու դեպքում նետվում են «մուռ հանելու»:

Իսկ կոնկրետ Հենրիխ Մխիթարյանից «մուռ հանելու» այլ շարժառիթներ էլ ունեն: Դե, Հենոն չէր արձագանքել «թավշապետի» կոչերին: Պատահական չէ, որ երբ Փաշինյանը հասավ իշխանության, առաջին քայլերից մեկն էլ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը նրանից հետ վերցնելն էր: Դե հիմա էլ մեկ ուրիշ առիթ է ծագել, ինչպե՜ս այն բաց թողնեին, չէ՞:

Հա, բայց Հենրիխ Մխիթարյանը շատերիս համար ինչպես եղել է, այնպես էլ կմնա «մեր Հենոն», ում ինքս, օրինակ, որպես ֆուտբոլասեր, շնորհակալ եմ՝ իր ֆուտբոլային ելույթներով ինձ պատճառած ուրախության, նաև՝ հպարտության բազմաթիվ պահերի համար: Շնորհակալ եմ, որ հարյուրավոր հայ պատանիների հրաշալի օրինակ է ծառայել, թե ինչպես կարող է նպատակադրված Անհատը տքնանքով ու աշխատանքով հասնել արդյունքի: Շնորհակալ եմ, որ օտարության մեջ մասնագիտական հաջողությունների հասնելով՝ չի կտրվել իր հայրենիքի խնդիրներից ու նաև այդ առումով է օրինակ ծառայել՝ բարեսիրական տարբեր քայլերով ու արարքներով:

Մի բան էլ. ցեխաժայթքողներն էլ, ի դեպ, ինչպես անարժան ու ցածր եղել են, այդպես ցածրունքում էլ մնալու են: Չարենցյան արտահայտությամբ ասած՝ մնալու են չնչին, ինչպես Արարատին նետված մի քար: Հիշո՞ւմ եք.
«Չնչին, ինչպես Արարատին նետած քար՝
Դավերը սև մարդուկների այդ անկար...»:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը