Լրահոս

23.02.2011 14:32


«Եվրանեսթ»–ը կդառնա մեր գլխին պատուհաս, եթե...

«Եվրանեսթ»–ը կդառնա մեր գլխին պատուհաս, եթե...

«Եվրանեսթը» կարող է Հայաստանի համար օգտակար և արդյունավետ բեմ լինել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանն իսկապես նվիրվի նրա և արևելյան գործընկերության ծրագրում նշված բարեփոխումներին։ Փետրվարի 23–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության ղեկավար, «Եվրանեսթում» ՀՀ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Եթե մենք իսկապես գնում ենք այդ բարեփոխումների ճանապարհով, ուրեմն «Եվրանեսթը» մեզ համար իսկական ճիշտ  տեղն է, բայց եթե իմիտացիոն քաղաքականություն է վարվելու, եթե նորից բարեփոխումները խեղդվելու են խոսքերի տակ, և իրականում ոչինչ տեղի չի ունենալու մեր երկրում, ինչպես վերջին տարիներին նկատել ենք, «Եվրանեսթ»–ը դառնալու է մեր գլխին պատուհաս։ Ես սա նախազգուշացնում եմ և՛ հանրությանը, և՛ իշխանություններին,–ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ ՀՀ–ն շատ լուրջ խնդիրներ կարող է ունենալ, և «Եվրանեսթը» պարզապես կդառնա ևս մեկ բեմ, որտեղ Հայաստանին կսկսեն քննադատել տարբեր գործած և չգործած մեղքերի համար։

Խնդիրը նաև այն է, որ թեև կառույցում ՀՀ–ն մեծ ազդեցություն է ունենալու, այդուհանդերձ դա խորհրդարանական վեհաժողով է, որտեղ հարցերը որոշվում են քվեարկությամբ, իսկ այդպես հաջողության հասնելու մեծ հնարավորություններ ՀՀ–ն չի ունենա, եթե արդար չէ։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից այդ բարեփոխումների  իրականացման նկատմամբ թերահավատությանը, Վահան Հովհաննիսյանն ասել է.

Կասկածանքով եմ վերաբերվում։ Եթե ես վստահ լինեի, որ այդ բարեփոխումները իրականացնող իշխանություն է, ես միգուցե կոալիցիայի մեջ լինեի։ Բայց ես վստահ չեմ։ Ավելին՝ ես վստահ եմ, որ շատ քիչ հավանականություն կա, թե այս կազմով այս քաղաքական որդեգրած կուրսով մենք նման բարեփոխումները կարող ենք հաջող ավարտի հասցնել,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը