Կարծիք

12.12.2019 18:26


Գյումրվա պսակային պատերազմները

Գյումրվա պսակային պատերազմները

Դեկտեմբերի 7-ին Գյումրու "Ամենափրկիչ" եկեղեցու հետնամասում գտնվող 1988 թ․-ի երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից տեղադրված պսակը սկանդալային պատմության վերածվեց, որի հետևանքով արդեն 2 մարդ է ձերբակալվել... Պատճառը Շիրակի մարզից ընտրված պատգամավորներից մեկի հոգեվերլուծական գրառումն էր այն մասին, թե ինչ վիճակում են Քոչարյանի կողմնակիցներն այդ պսակը դրել հուշարձանի մոտ...

Նախ, սկսենք նրանից, որ որևէ մեկը իրավունք չունի բոլոր գյումրեցիների անունից խոսել, այդ թվում նաև Շիրակի մարզից ընտրված պատգամավորները, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ում շնորհիվ են նրանցից շատերը, որոնց նույնիսկ իրենց թաղի ժողովուրդը չէր ճանաչում, հայտնվել ԱԺ-ում...

Երկրորդ... Դո՛ւք ո՞վ եք, որ որևէ մեկին արգելեք ծաղկեպսակ դնել ինչ-որ վայրում... Այո՛, հենց այդպես... Դո՛ւք ո՞վ եք... Հայաստանի ցանկացած քաղաքացի, այդ թվում նաև բոլոր նախկին նախագահները և այլ նախկին ու ներկա պետական այրերն՝ առանց որևէ խտրականության, իրավունք ունեն ծաղկեպսակ դնել անմեղ զոհերի հուշարձանին, և որևէ մեկը, լինի նա իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ, իրավունք չունի այդ փաստի վերաբերյալ իր սուբյեկտիվ կարծիքն արտահայտել ու այդ ամենը մատուցել գյումրեցու անունից...

Ցանկություն չունեմ անդրադառնալ, թե Քոչարյանը ում բերեց և ինչպես զարկ տրվեց աղետի գոտու վերականգնմանը, որը ձախողված էր ՀՀՇ-ի կառավարման տարիներին...

Ուրախ կլինեմ, եթե պարոն Փաշինյանը ևս ինչ-որ մի բարերարի միջոցով լուծի Գյումրիի 2805 տնակներում բնակվող ընտանիքների հարցը, այլ ոչ թե հայտարարի, որ 2020 թ․-ին 148 տուն կգնեն կամ կկառուցեն պետության կողմից անօթևանության կարգավիճակ տրված ընտանիքների համար և վերջնականապես կլուծեր բնակարանային խնդիրը... Հետաքրքիր է, իսկ մացած 2657 տնակների հարցն ո՞վ է լուծելու... Ընդամենը 1,6 տարի պարոն Փաշինյանը և նրա թիմը ղեկավարում են երկիրը ու Գյումրիի պարագայում միայն մի բան է լավ ստացվել նրանց մոտ՝ սեփականաշնորհել ուրիշների աշխատանքը՝ սկսած ճանապարհաշինությունից վերջացրած օբյեկտների գեղեցիկ լուսավորությունը... Մինչև հիմա պարոն Փաշինյանի կառավարությունն աղքատության ճիրաններում գտնվող Գյումրիում սոցիալական խոշորամասշտաբ ծրագիր չի իրականացրել...

Մաքսայինի որոշ ծառայությունների տեղափոխումը կամ պոնչիկ-կարկանդակ ուտող զբոսաշրջիկների ուղղորդումը դեպի Գյումրի գլոբալ հարցեր չի լուծում...

Հարգելի իշխանավորնե՛ր, եթե իրականում մտածում եք Գյումրիի մասին, որը շարունակում է աղետալի արագությամբ դատարկվել նաև իշխանափոխությունից հետո, ոչ թե նայեք, թե ո՛վ, որտե՛ղ և ինչպե՛ս է պսակ դնում կամ ինչ-որ այլ բան անում, այլ գործ արեք՝ ներդրողներ բերեք, ծրագրեր ներկայացրեք և այլն...

Հ.Գ. Լինելով իսկական գյումրեցի` կարող եմ փաստել՝ իրար հետ հարաբերություններ չունեցող անձինք հաշտվում էին, եթե նրանցից մեկին ինչ-որ վատ բան էր պատահում... Մեր քաղաքի ամենաողբերգալի իրադարձությունը ոգեկոչելու օրը շատ տհաճ էր իմանալ, թե պատգամավորի ոչ կոռեկտ գրառման արդյունքում ինչեր են տեղի ունեցել քաղաքում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը