Կարծիք

06.11.2019 09:48


Ի՞նչ արժե մեզ կառավարելը

Ի՞նչ արժե մեզ կառավարելը

Պետական բյուջեի ամենահետաքրքիր հատվածը, հավանաբար, օրենսդիր և գործադիր մարմինների (պետական կառավարման) ծախսերն են։ Ուրիշի փողը հաշվելը մարդ արարածի ամենաբնութագրիչ սովորությունն է։ Ընդհանրապես։ Իսկ այս պարագային լուրջ արդարացում կա։ Ի վերջո պետական փողերը մեր փողերն են։ Հետևաբար դրանց ծախսի արդյունավետության հարցը քննելն անարգ գործ չէ։ Հատկապես, որ 2015թ․ բյուջեից մինչև 2020թ․ բյուջեի նախագիծը պարզ նկատելի է, թե որքան անզուսպ են աճում մեզ կառավարելու ծախսերը։

Երբ «նախահեղափոխական» 2016-ին մեզ բացատրում էին նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցնելու առավելությունները, ոչ ոք չէր խոսում կառավարման ապարատի անցկացման մասին։ Հոդվածին կից գծապատկերկերի տվյալները համադրելով՝ հետաքրքիր ու տարօրինակ պատկերներ կարելի է ստանալ։ Օրինակ կարելի է վերցնել 2015թ․ բյուջետային ծախսերն ու դրանք համեմատել 2020-ի բյուջեի նախագծի թվերի հետ։ ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերն այս ժամանակահատվածում պակասելու են 65 տոկոսով։ Պարզ է՝ անցել ենք կառավարման խորհրդարանական համակարգի։ Այս առիթով միանգամից նշենք, որ Աժ-ի ծախսերը հինգ տարում աճելու են 29․7 տոկոսով։ Բայց ռեկորդային ցուցանիշը սա չէ։ Կառավարության աշխատակազմը բյուջեի մասին օրենքում վերջին տարիներին «հանդես է գալիս» (ներողություն՝ եթե որևէ մեկը վիրավորվեց սպորտային մեկնաբանի բառապաշարից) վարչապետի աշխատակազմ անվան տակ։ Այդ անվանափոխության արդյունքում այդ հիմնարկության ծախսերը 2015-ի համեմատ աճել են 93 տոկոսով։

Այս երեք պատկառելի հիմնարկությունները 2015թ․ համեմատ 2020-ին մեզ միջին հաշվով 42 տոկոսով ավելի թանկ են կառավարելու։ Նույն թվերը կարելի է դիտարկել նաև 2018թ․ տվյալների համեմատ։ Նախագահական աշխատակազմը 2020-ին 20 տոկոսով կէժանանա, Աժ-ն կթանկանա 25 տոկոսով, իսկ վարչապետի աշխատակազմը մեզ 3․6 տոկոսով ավելի էժան կկառավարի։ Ընդհանուր աճը շատ համեստ է՝ 0․2 տոկոսի չափով։ Բայց եթե դիտարկենք այն, որ մեր խորհրդարանի ծախսերը վերջին երկու տարում 29․7 տոկոսով ավելանում են, ապա այդ 0․2 տոկոսը մխիթարություն համարելը դժվար է։

2018-ի բյուջեն ԱԺ-ի համար մոտ 4 մլրդ 855 մլն դրամ էր հատկացնում։ Իսկ 2020-ի բյուջեի նախագիծը արդեն մոտ 6 մլրդ 97 մլն դրամ է նախատեսել։ Փաստորեն երկու տարվա ընթացքում խորհրդարանը բյուջեից մոտ 1 մլրդ 240 մլն դրամ ավելի «կպահանջի։ Եւ կստանա։ Հարկավ։ Այս գումարն ազգային դրամի արժեքով միայն մեծ հիմնարկությունների հաշվապահները կարող են պատկերացնել։ Ուստի նախապես ներողություն խնդրելով ապազգային պահվածքի համար՝ այն ներկայացնեմ ԱՄՆ դոլարով՝ մոտ 2․6 մլն դոլար։

Արդեն հեռավոր 2015թ․ օրենսդիր ու գործադիր կառավարման այս երեք կառույցները միասին 20 մլրդ դրամը մի փոքր (7 մլն դրամի չափով փոքր) ավելի էին ստանում պետբյուջեից։ 2018-ի համար 28 մլրդ 360 մլն դրամ էր նախատեսված։ 2019-ին գումարն ավելի համեստ էր՝ 26 մլրդ 838 մլն դրամ։ Թվում էր, թե բյուջետային համեստության կամ սակավապետության նոր փուլ ենք մտնում։ Բայց՝ ոչ։ 2020-ի նախագիծը 2018թ․ ցուցանիշը գերազանցող՝ մոտ 28 մլրդ 428 մլն դրամ է նախատեսել այս երեք կառույցների համար։

Նույն այդ բյուջեի նախագիծը երկրի տնտեսական աճի ցուցանիշ-խոստում հայտարարել է 4․9 տոկոսը։ Հետաքրքիր է, որ 2020-ի համար վարչապետի աշխատակազմի ծախսերն ավելի մեծ տեմպով են աճելու։ Դասական տնտեսագիտության բառապաշարով՝ կառավարման աշխատակազմի ծախսերն առաջանցիկ են տնտեսական աճի ցուցանիշի նկատմամբ։ 5,93 տոկոսը՝ տնտեսական աճի 4․9 տոկոսանոց խոստում ցուցանիշի նկատմամբ։ Ահա այսքանը։ Գծապատկերներն ինքնին խոսուն են։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

1 2 3

Այս խորագրի վերջին նյութերը