Կարծիք

05.11.2019 09:24


Չկայացած կուսակցություններ, չինքնորոշված քաղաքացիական հասարակություն. մաս 1-ին

Չկայացած կուսակցություններ,  չինքնորոշված քաղաքացիական հասարակություն. մաս 1-ին

«Պառլամենտի նպատակն է փողոցային կռիվը

փոխարինել լեզվակռվով»։

Ուինսթոն Չերչիլ

Հայաստանում անբնական քաղաքական հարաբերություններ են ձևավորվել, երբ քաղաքական ու քաղաքացիական հասկացությունները միախառնվել են, միմյանց փոխարինել, ու արդյունքում ստացել ենք անհասկանալի մի խառնուրդ։ Առաջ շարժվելու համար այս երևույթի պատճառները պետք է փորձել վերլուծել և դա հաղթահարելու ուղիներ որոնել։

Հատկապես վերջին տասնամյակում քաղաքական կուսակցությունները վերջնականապես հեղինակազրկվեցին, իսկ կուսակցական լինելը սկսվեց ընկալվել որպես բացասական երևույթ։ Արդյունքում ընդվզման և քաղաքական կյանքի լոկոմոտիվի դերը ստանձնեցին քաղաքացիական (բնապահպանական, իրավունքների համար, տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը միտված) շարժումները։ Դրանցից էին «Մաշտոցի պուրակը», «100 դրամը», «Էլեկտրիկ Երևանը» և այլն, իսկ փորձագիտական հանրությունը սկսեց դրսևորվել ՀԿ-ների տանիքի ներքո։ Դրամաշնորհները մասնագիտական դրսևորման, լսելի դառնալու, ինչպես նաև իշխանությունից ֆինանսական, հետևաբար նաև ստեղծագործական անկախություն ունենալու համարյա միակ հնարավոր տարբերակն էին։

Մինչ 2018-ը քաղաքական կուսակցությունները տարբեր ֆորմատներով կա՛մ կոալիցիաներ էին ստեղծում իշխող կուսակցության հետ, կա՛մ կատարում էին ընդդիմադիրների դեր՝ դրանով տարբեր ծառայություններ մատուցելով իշխանություններին (մի առիթով Սերժ Սարգսյանը նրանց անվանեց հաճախորդներ)։ Արդյունքում հանրության համար որպես վստահելի ընդդիմադիրների դերը սկսեցին կատարել քաղաքացիական շարժումերը և հասարական կազմակերպությունները, իսկ 2018-ից հետո, ըստ հանրային ընկալման, իշխանության եկան քաղաքացիական ակտիվիստները՝ արդեն կուսակցական պատմուճանով, տարբեր ՀԿ-ների ու քաղաքացիական ակտիվիստների հենարանը ունենալով։ Իսկ կուսակցությունները, ըստ էության, սկսեցին կատարել արտախորհրդարանական ընդդիմության դերը։ Արդյունքում անբնական, ինչ-որ տեղ այլասերված քաղաքական համակարգի պատկեր ենք ստացել, ինչը ռեֆլոքսիայի ենթարկելու կարիքն ունի։

Հասարակության համար կարևոր շարժումներն ապակուսակցականացվել էին, իսկ կուսակցությունները, ըստ էության, ապահանրայնացվեցին, այսինքն հանրության և կուսակցությունների միջև ստեղծվել էր անջրպետ։ Արդյունքում առաջացան կուսակցություններ, որոնք սկսեցին իրենց ներկայացնել որպես «քաղաքացիական», զորօրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Այսինքն, չնայած նրան, որ կուսակցությունները վարկաբեկվել էին, այնուամենայնիվ քաղաքական պայքարի համար, ըստ Սահմանադրության պահանջի, պետք է գրանցվել որպես կուսակցություն: Լուծումը մեկն էր, կուսակցությունը հայտարարել քաղաքացիական շարժման տարրատեսակ, այսինքն ձևով՝ կուսակցություն, բովանդակությամբ՝ քաղաքացիական:

Ինչ-որ առումով այդ գործընթացն ուներ հիմք։ 1995-1996 թվականներից սկսած հանրության վստահությունն ընտրական գործընթացների հանդեպ սկսեց մարել։ Կուսակցությունների հիմնական գործառույթն ընտրություններին մասնակցելն է։ Եթե չկա վստահություն ընտրությունների հանդեպ, ապա անհասկանալի է դառնում նրանց գոյության իմաստը։ Առաջ է գալիս փողոցային պայքարի ակտուալացումը, որն արդեն հանրային օրակարգում է կարող գտնվել ու իր բնույթով քաղաքացիական տիրույթում է։

Մյուս կողմից, 2018-ի իշխանափոխությունից հետո անհասկանալի է դարձել քաղաքացիական հասարակության դերակատարման իմաստը, որովհետև քաղաքացիական հասարակության հիմնական նպատակը քաղաքացիների տարաբնույթ շահերի պաշտպանությունն է։ Սակայն այսօր այդ հանրության հրապարակային հատվածը հիմնականում աֆիլացվել է գործող իշխանությունների հետ և հանդես է գալիս որպես իշխանական քարոզչամեքենայի կարևորագույն գործիք։

Ինչպես 2018-ից առաջ քաղաքական կուսակցությունների դերակատարությունն էր անբնական, այնպես էլ այսօր քաղաքացիական հասարակության դերակատարությունն է դարձել հակաբնական։

Կուսակցությունները 2018-ից առաջ,դադարել էին լինել քաղաքական օրակարգ ձևավորող մարմիններ, մյուս կողմից, 2018-ից հետո քաղաքացիական ակտիվիստները սկսեցին տրանսֆորմացվել քաղաքական գործիչների: Հատկապես հետաքրքրական է այն ֆենոմենը, որ քաղաքացիական ակտիվիստների ու իրավապաշտպանների մի ստվար զանգված վերածվել է իշխանության «պահապան հրեշտակների»՝ երբեմն դրա ամենաբացասական դրսևորումներով, իսկ նախկին իշխանության որոշ անդամներ վերածվել են բավականին արդյունավետ իրավապաշտպանների։

Այս պարագայում անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը և որոնք են նրա գործառույթները, ինչպես նաև՝ որն է քաղաքական կուսակցությունների առաքելությունը և որոնք են նրանց հիմնական գործառույթները՝ հատկապես հանրային դաշտում։

Այս հարցերն ավելի հանգամանալից կդիտարկենք հոդվածի հաջորդ հատվածում։

Հոդվածի 2-րդ մասն՝ այստեղ։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը