Քաղաքական

02.10.2019 09:13


ՔՊ-ն չունի գաղափարախոսական հենք, որ համախմբի իր թիմին. առաջին պլան են մղվում սեփական ամբիցիաները․ «Փաստ»

ՔՊ-ն չունի գաղափարախոսական հենք, որ համախմբի իր թիմին. առաջին պլան են մղվում սեփական ամբիցիաները․ «Փաստ»

«Սեպտեմբերի 29-ին Հայաստանի 19 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ:

ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներից տեսանելի է դառնում, որ այն համայնքապետները, որոնք աշխատում էին դեռևս նախկին իշխանությունների ժամանակվանից, հիմնականում վերընտրվել են:

Իսկ սա նշանակում է, որ ներկայիս իշխող կուսակցությունը ներկայացնող թեկնածուները ի զորու չեն եղել արժանանալ համայնքների բնակիչների վստահության քվեին:

Սա էլ որերորդ տեղական ընտրություններն են, որոնք փաստում են, որ իշխող կուսակցության դիրքերը տեղական մակարդակում շատ թույլ են:

Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ իշխանությունները Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մեջ ցանկանում են դրույթ ամրագրել, ըստ որի՝ համայնքներում հիմնական ընտրական պայքարը կընթանա ոչ թե թեկնածուների միջև, այլ կուսակցությունների միջև, որոնք կներկայանան իրենց թեկնածուների ցուցակներով: Ինչպես հիմա արվում է խոշոր համայնքների պարագայում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր:

Իշխանությունը հույս ունի, որ ՏԻՄ ընտրությունների այսպիսի տարբերակի կիրառման ժամանակ իր դերակատարությունը կունենա նաև վարչապետի բարձր վարկանիշը, որը տարածվում է ՔՊ-ի վրա:

Այնուամենայնիվ, նշենք, որ նոր փոփոխությունը չի երաշխավորում, որ իշխանություններին այդպիսով կհաջողվի ՏԻՄ ընտրություններում գրանցել ցանկալի արդյունքներ:

Առավել ևս, որ վարչապետի, էլ չենք ասում իր կուսակցության, վարկանիշն անընդհատ իջնում է և իջնելու է:

Դա բոլոր իշխանությունների «ճակատագիրն» է, այս իշխանություններինը՝ առավել ևս, քանզի իշխանական թիմը ոչ մի ջանք ու եռանդ չի խնայում եղած հսկայական վարկանիշն անվերադարձ մսխելու համար: Առավել ևս՝ մարզերում:

Հաղթանակի հասնելու համար ՔՊ-ն պետք է ունենա յուրաքանչյուր համայնքի հետ կապված ծրագիր, որը պետք է ներկայացնեն համայնքի խնդիրներից տեղյակ թեկնածուներ, սակայն ՔՊ-ի կադրային բազան շատ թույլ է, և շատ հաճախ թեկնածուներ են առաջադրվում այնպիսի մարդիկ, որոնք համայնքի բնակիչների համար անհայտ դեմքեր են և համայնքի զարգացման գործում իրենց լուման չեն ունեցել:

Մարզերում իշխող ուժի դիրքերի ամրապնդմանը խոչընդոտում են նաև ՔՊ-ի ներսում նկատվող հակասությունները, ինչպես եղավ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ ՔՊ-ական Սասուն Միքայելյանը հրաժարվեց իր աջակցությունը հայտնել իշխող ուժի թեկնածուին՝ այդպիսով անուղղակի իր սատարումը հայտնելով գործող քաղաքապետին:

Քանի որ ՔՊ-ն չունի գաղափարախոսական հենք, որ կարողանա համախմբել իր մարզային ներկայացուցիչներին գաղափարի շուրջ, ապա համայնքներում կուսակցության ներկայացուցիչները առաջին պլանում են դնում սեփական ամբիցիաների բավարարումը: Իսկ ՔՊ-ականների միջև հակասությունները կարող են վարկաբեկել իշխող ուժին տեղական մակարդակով, ինչպես տեղի է ունենում Արարատի մարզի Նորաշեն համայնքում:

Ընդհանրապես, հետաքրքիր գործելաոճ են որդեգրել իշխանությունները մարզերում:

Հետևողականորեն փորձում են ազատվել ընտրված «անհնազանդ» գյուղապետներից, հետո արտահերթ ընտրություններում պարտվում են, սակայն շարունակում են նույն քաղաքականությունը:

Մարզը վերահսկելի դարձնելու ուրույն ձև է, սակայն չաշխատող, որովհետև մարզպետների մեծ մասը չափազանց թույլ է: Բայց և չունեն երկխոսության, համատեղ աշխատելու շնորհքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը