Քաղաքական

01.10.2019 14:00


«Ոնց վարչապետն է իր ուզածին հասել ճանապարհ փակելով, այդպես էլ մենք կհասնենք». մարզպետին լսելուց հետո նորաշենցիները որոշեցին ակցիան շարունակել Կառավարության մոտ (տեսանյութ)

«Ոնց վարչապետն է իր ուզածին հասել ճանապարհ փակելով, այդպես էլ մենք կհասնենք». մարզպետին լսելուց հետո նորաշենցիները որոշեցին ակցիան շարունակել Կառավարության մոտ (տեսանյութ)

Արարատի մարզի Նորաշեն համայնքում կրկին բողոքի ակցիա էր՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել, և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:

Նախորդ ակցիաների ժամանակ համայնքի բնակիչները նշում էին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է: Ըստ նրանց՝ նախորդ տարի Գարիկ Սարգսյանն համայնքնապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ նրան աշխատանքից ազատելու պատճառ է դարձել:

Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։

Հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյանը Նորաշենում լրագրողների հետ զրույցում ասաց, որ խնդիրն արդեն հանրային հնչեղություն է ստացել. «Ես կարծում եմ, որ պետք է տեղեկացնել հասարակությանը, երեկ ունեինք իրավիճակ, որ համայնքապետն ասում էր՝ ես չեմ հրաժարվելու, մնալու եմ, սակայն այսօր որքան հետևեցի իրավիճակին, տեղեկացա, որ խոսք կա, թե ով պետք է լինի համայնքի ԺՊ: Հիմա այս դեպքում ինձ մոտ կան կասկածներ, որ ճնշում է բանեցվում համայնքապետ Նորայրի վրա»,- ասաց նա և հավելեց. «Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք մի բան, որ այս իրավիճակի փոփոխությունը տեղի ունեցավ, երբ ոստիկանությունում համայնքապետը որոշակի զրույց ունեցավ»:

Նա նշեց, որ համայնքապետի ԺՊ նշանակված անձի մասին մարզպետն ասել է, որ ավագանու անդամ ակտիվ է եղել, սակայն համայնքապետը իրեն տեղեկացրել է, որ ավագանու 27 նիստից 24-ին չի մասնակցել:

Հարությունյանը նշեց, որ Նորաշենում արդեն երեք օր է՝ լարված իրավիճակ է, պետք է գտնել որոշակի կոմպրոմիսային լուծում, որ այս խնդիրը հանգուցալուծվի:

Ապա լրագրողների հետ կարճ զրուցեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, նա լրագրողներին տրամադրեց նախարար Սուրեն Պապիկյանի կողմից իրեն հասցեագրված փաստաթուղթ և իր կարգադրությունը, որով համայնքի ԺՊ է նշանակել:

«Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում»,- ասաց մարզպետը: Բնակիչները տարբեր վանկարկումներով թույլ չէին տալիս մարզպետին խոսել, նա միայն հայտնեց, որ օրենքի ուժով համայնքնի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են, ավագանին ընդամենն արձանագրել է այդ փաստը: Սարգսյանը հրաժարվեց այլ մեկնաբանություններ անելուց, նստեց մեքենան և հեռացավ: Այլ մեկնաբանություններ չեմ տալիս:

Մարզպետի հեռանալուց հետո Բաբկեն Հարությունյանը նշեց, որ լարված իրավիճակում մարզպետը թողնում է համայնքը, նստում է մեքենան ու գնում՝ առանց հաշվի առնելու, որ այս համայնքում ստեղծում է խժդժություններ:

Բնակիչներն էլ նշեցին, որ գնալու են կառավարության մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու: «Գնալու ենք կառավարություն, երբ գալիս է ՌԴ նախագահը, փակելու ենք ճանապարհը, ինքը (վարչապետ /խմբ./) այս ճանապարհով է իր աթոռին հասել, մենք էլ այդ ճանապարհով կհասնենք արդարության, ոնց ինքն է հասել իր ուզածին, այդպես էլ մենք կհասնենք մեր ուզածին»,- ասաց բնակիչներից մեկը:

Այս պահին նորաշենցիները գալիս են կառավարության մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը