Մեկնաբանություն

28.09.2019 23:01


Վնգստացող է, բայց իրե՛նց վնգստացողն է. ավազակապետության սկզբունքը (տեսանյութ)

Վնգստացող է, բայց իրե՛նց վնգստացողն է. ավազակապետության սկզբունքը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը գործում է մաֆիայի, ավելի ճիշտ՝ ավազակային կանոններով գործող իշխանության՝ ավազակապետական սկզբունքով։

«Յուրայիններիս՝ ամեն ինչ, իսկ մնացածներին՝ «օրենք»»։ Սա՛ է նիկոլական ավազակապետության սկզբունքը։ Այդ սկզբունքի շրջանակներում ապօրինություններն արվում են հանուն Նիկոլ Փաշինյանի շահերի, որոնք, որպես կանոն, հակադիր են Հայաստանի ու Արցախի շահերին։ Դե իսկ ձևական օրինականությունը, որն ավելի շուտ զանգովի ու ընտրովի «արդարադատություն» է, կիրառվում է վարչապետի քաղաքական հակառակորդների դեմ։ Օրենքի տառով սպանվում է նույն այդ օրենքի ոգին, ու ստանում ենք քաղաքական հետապնդումներ։

Հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելիս՝ Նիկոլը հենց այդ սկզբունքը նկատի ուներ, երբ հայտարարում էր, որ չի կարող լինել իրեն «չէ» ասող դատավոր։

Այդ սկզբունքի շրջանակներում ձերբակալվել ու կալանավորման միջնորդություն է ներկայացվել քաղաքացիներ Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի դեմ սարքած գործով։ Նրանց գործած «հանցանքն» այն է, որ կրկնել են Նիկոլ Փաշինյանի ասածները՝ հարցադրման տեսքով։ Այսինքն՝ փորձել են հասկանալ դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերմունքը Նիկոլի ասածների վերաբերյալ։

Դանիբեկյանը Նիկոլի ասածներից չի վիրավորվել, իսկ, այ, տղաների հարցից վիրավորվել է ու դիմել ոստիկանություն։

Դատավորներին պատերի տակ վնգստացող ու գլխին փայտի հարվածի սպասող համարող Նիկոլի համար անընդունելի են ի՛ր պատի տակ վնգստացողին անհարմար հարցեր տվողները։ Նրա համար ընդունելի է «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» տխրահռչակ կարգախոսը։ Տվյալ դեպքում «շան որդու» դերում հանդես են գալիս Նիկոլի դռան տակ վնգստացողները։

Նիկոլի պատկերացրած դատական համակարգը հենց վնգստացող պետք է լինի։ Չվնգստացողները դա չեն արել ինչպես նախորդ, այնպես էլ այս իշխանության օրոք։ Պարկեշտ ու օրինապաշտ դատավորները չեն ենթարկվել Փաշինյանի ապօրինի որոշումներին ու հրահանգներին։ Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Գրիգորյանը, Դավիթ Բալայանը և դատական համակարգը ներկայացնող շատերը իրենց պահում են արժանապատիվ, օրինապաշտ և անկախ։ Բայց Նիկոլին պետք են բացառապես իր հրահանգները դակող և վնգստացող դատավորներ։ Այսինքն՝ այնպիսիք, ինչպիսիք են Արմեն Դանիելյանը, տխրահռչակ «Հրաչը», Արտուշ Գաբրիելյանը, Նելլի Բաղդասարյանը, Աննա Դանիբեկյանը։

Դա է պատճառը, որ Նիկոլը քաղաքական հետապնդում է իրականացնում Նարեկի ու Սարգսի նկատմամբ, քանզի իր դռան տակ վնգստացողին ուզում է պաշտպանել բոլոր մեթոդներով, իսկ հակառակորդի դեմ կռիվ է տալիս չակերտավոր օրենքով, այսինքն՝ սարքովի «արդարադատությամբ»։

Նիկոլը Նարեկի դեմ հարձակվելու այլ, ավելի լուրջ պատճառ էլ ուներ։ Դանիբեկյանն Աննան ընդամենն առիթ է։

Բանն այն է, որ Նարեկը նմանակել էր Փաշինյանին Երևանի քաղաքապետի հետ նրա բեմադրած թատրոնից, ինչպես նաև Նիկոլի ցածրակարգ «գիդ» աշխատելուց հետո։ Ահա այդ հիշաչարությունն ու վրեժխնդրությունն է Նիկոլին ստիպել ընկնել Նարեկի հետևից։

Բայց դե այդպես բանտերը կարող են լցվել հարյուրներով, հազարներով ու տասնյակ հազարներով։ Վերջում հո ամբողջ ժողովրդին չի՞ կարող ձերբակալել կամ կալանավորել։

Նիկոլն ուզում է կալանքներով ու հետապնդումներով վախի մթնոլորտ ձևավորել, բայց փոխարենը հակառակ էֆեկտն է ստանալու, քանզի Հայաստանը նույնիսկ իր պես բռնապետիկ պահելու ռեսուրս չունի, և շատ շուտով կիսահումորային՝ «Նիկոլը քո մասով կալանքի որոշում ա կայացրել, կայֆ ա, չէ՞» ձևակերպումը դառնալու է կոդ այն առումով, որ միավորելու է բոլոր պարկեշտ ու արժանապատիվ մարդկանց, որոնց համար այս ռեժիմի դեմ կռիվ տալը քաղաքականից առավել թասիբի ու պատվի հարց է դառնալու։

Նիկոլը, թերևս, լավ չի ընկալել «մեսիջը» և կանգ առնելու փոխարեն արագ տեմպերով գնում է դեպի... կալանավայր։

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ Ի դեպ, երբ դատարանները շրջափակելու ապօրինի հրահանգ տվեց Փաշինյանը, իր «հրոսակախմբերը» դատավորների դեմ հարձակումներ էին իրականացնում։ Նաև՝ դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերում։ Բայց դե ոչ մի գործ չհարուցվեց։ Քանզի «քայլարած» ավազակապետական համակարգում կան երկակի ստանդարտներ։

Այս խորագրի վերջին նյութերը